ԵՐԿՐՈՐԴ ՙՍՈՒՄԳԱՅԻԹ՚ ՉՍՏԱՑՎԵՑ

Լրացել է Գանձակի հայերի հերոսական ինքնապաշտպանության 30 տարին

 Այն ներքաղաքական խելագար մրցավազքում, որում ներքաշված է Հայաստանը, միանգամայն աննկատ մնաց Արցախյան ազատագրական շարժման պատմության ամենահերոսական ու միաժամանակ ամենաողբերգական էջերից մեկի 30-րդ տարեդարձը։ Գանձակում (Կիրովաբադ) տեղի ունեցած դեպքերը հայ ժողովրդի պայքարի տարեգրության մեջ մտան որպես նրա արիության ու անկոտրում ոգու խորհրդանիշ։ Ադրբեջանի իշխանությունների ծրագրած երկրորդ ՙսումգայիթը՚ ձախողվեց. զանգվածային սպանություններից և մեծածավալ ջարդերից հաջողվեց խուսափել լավ մտածված ու կազմակերպված ինքնապաշպանության շնորհիվ։ Սակայն Գանձակի շուրջ 45 հազար հայեր ստիպված եղան լքել հայրենի քաղաքը։ 

Այն, ինչ քաղաքում տեղի ունեցավ 88-ի նոյեմբերին, լիովին տեղավորվում է այդ ժամանակի իրադարձությունների բուռն զարգացման տրամաբանության մեջ։ ՙՍումգայիթից՚ անմիջապես հետո ջարդեր սկսվեցին ամբողջ Ադրբեջանով մեկ. մայիսին բռնի տեղահանության ենթարկվեց Շուշիի ողջ հայ ազգաբնակչությունը, իսկ ամառն ու աշնան սկիզբը նշանավորվեցին Հյուսիսային Արցախի գյուղերի խաղաղ բնակիչների տեղահանությամբ։ Կիրովաբադում, չնայած հաշվեհարդար տեսնելու բազմիցս արված փորձերին, տեղի հայերը դեռ դիմանում էին։ Ահազանգը հնչեց նոյեմբերին։ 

Խոսելով 88-ի աշնան իրադարձությունների մասին, անհնարին է անտեսել խիստ էական մի փաստ։ Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից կայացվեց սումգայիթյան երեք ջարդարարների դատավճիռը, նրանցից մեկը պատժի գերագույն չափի (սումգայիթյան ցեղասպանություն իրագործածների նկատմամբ սահմանված միակ մահվան դատավճիռը) դատապարտվեց։ Սա Ադրբեջանում չթաքցվող զայրույթ հարուցեց. հենց այդ օրերին Բաքվի ցույցերում ցուցապաստառներ հայտնվեցին` հանցագործների նկարներով ու ՙՓա՛ռք Սումգայիթի հերոսներին՚ պաստառով: Վաղուց նշանառության տակ գտնվող Կիրովաբադի հայերն այդ գազանության թիրախներից մեկը դարձան. նոյեմբերի 21-ին քաղաքում ջարդեր սկսվեցին։ Ոչ ամբողջական տվյալներով, ոչ լրիվ երկու շաբաթվա ընթացքում սպանվեց 18, անհայտ կորավ 60, ծանր վիրավորում ստացավ շուրջ 80 մարդ։ Դրա հետ մեկտեղ Կիրովաբադի հայերն ապացուցեցին գլխավորը. միասնականության ու կազմակերպվածության պարագայում մեր ժողովուրդն ունակ է արժանի հակահարված տալ տմարդիներին անգամ ադրբեջանական քաղաքի և ջարդերի կազմակերպիչների` Ադրբեջանի իշխանությունների ամենայն աջակցությունը վայելող ջարդարարների մեծաթիվ ավազակախմբերի դիմակայության պայմաններում։ 

Համաձայն Կիրովաբադի հայերի վկայությունների՝ իրենց վերջնագիր էին ներկայացրել` լքել քաղաքը մինչև նոյեմբերի  24-ը։ Փողոցներով քայլում էին ինքնաշեն զենքերով զինված ադրբեջանցիների հոծ խմբեր՝ հնչեցնելով սպառնացող նշանաբաններ։ Կրկնվում էր ՙսումգայիթի՚ սցենարը. ջարդարարները գիտեին հայերի հասցեները, անգամ քաղաքի ոչ հայկական հատվածում բնակվողների։ Ինչպես վերհիշել է իրադարձությունների ականատես Ջուլիետա Երեմյանը, կանոնավոր հարձակումներ իրականացվում էին հենց թուրքական մասում, որտեղ անջատ-անջատ ապրող սակավաթիվ հայերը չէին կարողանում պաշտպանվել։ Սպանում, թալանում, բռնաբարում, ծաղրուծանակի էին ենթարկում՝ ամեն ինչ, ինչպես ինը ամիս առաջ Սումգայիթում էր։ Տարբերությունը նրանում էր, որ տեղի հայերի մեծամասնությունը հավաք կերպով ապրում էր` այսպես կոչված, հայկական մասում, որը թուրքական մասից բաժանված էր գետով ու կամրջով։ Այստեղ, աջ ափին էր գտնվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն ապաստարան էր դարձել կանանց, երեխաների, տարեց ու հիվանդ մարդկանց համար։ 

Կիրովաբադի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկի՝ Գրիգոր Օգանեզովի խոսքով, նոյեմբերի 22-ին, երբ իրավիճակն արդեն ծայրաստիճան շիկացել էր, բոլոր աշխատանքները համակարգող խումբ ձևավորվեց։ Վանքում գործում էին վիրավորների համար բուժկետ ու անօթևան մնացածների համար ճաշարան, կամավորները ուտելիք էին տանում-հասցնում անգամ այն բնակարաններ, որտեղ հավաք կերպով պատսպարված էին հայերը։ Փողոցներում ու խաչմերուկներում ավազի պարկերից, մետաղյա մահճակալներից, տակառներից բարիկադներ էին կառուցել, հրկիզող խառնուրդով շշեր էին պատրաստել։ 

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ