ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ ՙԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՂԱՐԱԲԱՂ՚ ԳՐՔԻ ՉՈՐՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գրքի առաջին հրատարակության հետ ընթերցողը ծանոթացավ 2003-ին:

Գիրքն ընդգրկում է 1990-1991թթ.` Լեռնային Ղարաբաղի համար դրամատիկ իրադարձությունների ժամանակաշրջանը, իրադարձություններ, որոնք, մի կողմից, ՙXX դարի մեծագույն աղետը՚ դարձած` բազմազգ պետության ապագա փլուզման առաջին չարաբաստիկ նախանշաններն էին, մյուս կողմից` Ղարաբաղի հայերի արիության ու հերոսության վկայությունը, ովքեր այն ժամանակ գորբաչովյան վերակառուցման պայմաններում թույլ չտվեցին վտարել իրենց պատմական հինավուրց հայրենիքից, ոչնչացնել հայկական ինքնավարությունը, խաթարել աշխարհաքաղաքական հավասարակշռությունն Անդրկովկասում, փաստորեն և` եվրասիական ողջ աշխարհամասում, աշխարհը ներքաշել գլոբալ վերաձևման պատերազմի մեջ:

Նոր հրատարակությունը բաղկացած է յոթ գլուխներից, որոնք, ինչպես և ողջ գիրքը, լույս են սփռում այն տարիների ողբերգական անցքերի վրա, հնարավորություն տալիս անաչառ ու օբյեկտիվորեն հասկանալու` որքան փխրուն են խաղաղությունն ու փոխադարձ վստահությունը, հատկապես ազգամիջյան հարաբերություններում: Որքան կարևոր է շահախնդիր քաղաքական գործիչներին թույլ չտալ տեղի ունեցածը ներկայացնել այնքան խճճված, որ հնարավոր չլինի տարբերել ճշմարտությունն ու սուտը, շինծու պատմության ու իրականության վրա կառուցել սեփական կարիերան ու առաջընթացը:

ՙԽռովահույզ Ղարաբաղ՚-ը վկայում է, որ հեղինակին` ռուս սպային, այն ժամանակ ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետին, հաջողվել է ճեղքել ղարաբաղյան խառնակ ժամանակների շուրջ տիրող կարծր լռությունը և փաստագրական ճշգրտությամբ արժանահավատ վկայություններ թողնել Ղարաբաղյան շարժման և ընդհատակի մասնակիցների ու առաջնորդների, ինչպես նաև ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների, ներքին զորքերի սպաների ու շարքայինների մասին, ովքեր արտակարգ իրավիճակների պայմաններում կարողացան ծառայողական պարտքի կատարումը համադրել խղճի թելադրանքի հետ:

Պատմափաստագրական այս ստեղծագործությունը, որն, ի դեպ, իրականության` գրական տեսակետից հմուտ և հուզիչ արտացոլումն է, դարձել է անհերքելի հանրագիտարանային աղբյուր, իսկ 2016թ. արժանացել է Կովկասագիտության և հարավ-ռուսաստանյան տարածաշրջանագիտության թեմաներով գիտական աշխատությունների միջազգային մրցույթի դիպլոմի` որպես մենագրություն:

ՙԽռովահույզ Ղարաբաղ՚-ի արձագանքները շատ էին: Ներկայացնենք դրանցից երկուսը: 

 ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի երիտասարդ փորձագետ Անդրեյ Արեշևը գրում է. ՙՎիկտոր Կրիվոպուսկովի ՙԽռովահույզ Ղարաբաղ՚-ը մեր ոչ վաղ անցյալի դասերն են՚: 

ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գիրքը հզոր փաստարկ է ազգերի ինքնորոշման իրավունքի օգտին՚. սա արդեն հայտնի հայագետ, գրող և դրամատուրգ Կիմ Բակշին է, Հին Հայաստանի պատմության վերաբերյալ հազվագյուտ գրքերի ու ֆիլմերի շարքի հեղինակը:

 Այսօր ՙԽռովահույզ Ղարաբաղ՚ գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի (Ռոսկոսմոս) անդամ է, սոցոլոգիական գիտությունների դոկտոր, Բորիս Պոլևոյի անվան մրցանակի դափնեկիր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, ՙԳիտության ոլորտում ներդրման համար՚ ՌԳԱ Պիտիրիմ Սորոկինի արծաթե մեդալի շքանշանակիր, 2006 թվականից շարունակում է ղեկավարել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միությունը: 

 

russia-artsakh.ru