ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄ

Ադրբեջանը յուր ժամանակին միացել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիային։

Սակայն այս համաձայնագրին ևս, ինչպես մյուս բոլոր միջազգային պարտավորություններին,  քամահրանքով է վերաբերվում։ Եվրոպայի խորհուրդ մտնելիս Ադրբեջանը ստանձնել է երաշխավորել փոքրամասնությունների կարծիքների ազատությունը, բացի այդ, պարտավորվել է երեք տարվա ընթացքում ընդունել օրենք ազգային փոքրամասնությունների մասին, որը կոչված է լրացնելու երկրի հիմնական օրենքի և Քրեական օրենսգրքի՝ խտրականության անթույլատրելիության մասին դրույթը։ Անկախ նրանից՝ Ադրբեջանն ընդունել է նման օրենք, թե ոչ, տիրապետող վարչակարգի ազգային խտրականության քաղաքականությունն այլևս անհերքելի փաստ է։ 

Ալիևներն իրենց քաղաքականությունն իրականացնելիս հետևողական և սկզբունքային են եղել հատկապես մի հարցում. մեջլիսում բնիկ (ավտոխտոն) ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, քրդերի, թաթերի համար տեղ չի կարող լինել։ Պարզ է, որ այդ ժողովուրդներն ապրում են իրենց պատմական հողերի վրա, այսինքն՝ ինքնորոշման համար բոլոր հիմքերն ունեն, ինչից էլ այդպես զգուշանում է ավտորիտար ռեժիմը։ Հասկանալի է նաև, թե ինչու է Ադրբեջանում սկզբունքային տարբերություն դրվում ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների միջև։ Ադրբեջանական քաղաքական վերնախավը վերջին տարիներին հատկապես ավելի է ուժեղացրել ճնշումը թալիշների նկատմամբ՝ լավ պատկերացնելով նրանց ազգային-ազատագրական պայքարի հետևանքները. ի վերջո, նման գործընթացներն ավարտվում են սահմանների վերաձևմամբ։   

Պաշտոնական Բաքուն չի ուզում հաշվի նստել մի կարևոր իրողության հետ. ժամանակակից աշխարհակարգի և աշխարհընկալման պայմաններում ազգային փոքրամասնությունների և առանձնապես բնիկ ժողովուրդների իրավունքների հարցը դիտարկվում է ոչ միայն որպես տվյալ երկրի ներքին խնդիր։ Ժողովուրդներն իրենք են որոշում՝ լինել ինքնիշխա՞ն, թե՞ ունենալ ինքնավարության կարգավիճակ այլ պետության կազմում։ Ադրբեջանի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդների խնդիրն առավել մեծ հրատապություն ձեռք բերեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խորապատկերին, երբ քաղաքակիրթ աշխարհն արտահայտվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման օգտին։

Այս ներածականով դիտարկենք ներկա  դրությամբ քաղաքական- փորձագիտական, ինչպես նաև մտավորականության շրջանակներում ընթացող քննարկումները թալիշ ժողովրդի առաջնորդ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Ֆահրադին Աբոսզոդայի ճակատագրի շուրջ։ Նա համարվում է Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության սահմանադրական ակտի հեղինակը։ 1993թ. հուլիս-օգոստոսին թալիշների ազգային անջատողական ապստամբության առաջամարտիկներից մեկն էր։ Այդ ժամանակ Ադրբեջանում քաղաքական անկայունություն էր տիրում, և թալիշների ազգային շարժման ղեկավարները հանդես եկան Թալիշ-Մուղանական Հանրապետության ստեղծման մասին հայտարարությամբ։ Վերջինս գոյատևեց ընդամենը երկու ամիս։ Այն վերացվեց իշխանության վերադարձած Հեյդար Ալիևի ջանքերով՝ ուժային կառույցների մասնակցությամբ։

Հանգամանքների թելադրանքով Աբոսզոդան հեռացել էր Ադրբեջանից, և արդեն 20 տարի է, ինչ բնակվում է Մոսկվայում։ Դա չի խանգարել նրան՝ ի լուր աշխարհի հայտարարել, որ թալիշ ժողովուրդը պայքարելու է մինչև վերջ, որովհետև իրավունք ունի ապրել իր պետության մեջ, խոսել իր մայրենի լեզվով, բարեկամություն անել հարևանների հետ։ 

Թալիշներն իրանական ծագում ունեն և բնակվում են Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Իրանի հետ սահմանի մերձակայքում։ Ասել է թե՝ պատմական ընդհանրություն չունեն թուրքական ծագում ունեցող ադրբեջանական բնակչության մեծամասնության հետ։ Հենց սա է թալիշ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմաիրավական հիմնավորումը։   

Աբոսզոդան մի առիթով ասել էր, որ իրեն բնավ չի հետաքրքրում ալիևյան վարչակարգի դեմ ադրբեջանական ընդդիմության պայքարը, որովհետև  թալիշներն իշխանությունը նվաճելու խնդիր չունեն։ Իրենց պայքարն ուղղված է սեփական երկիր ստեղծելուն և սեփական կառավարման համակարգ ունենալուն։ Արցախի մասին նա առանձնակի հարգանքով է արտահայտվել՝ ասելով, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքը պիտի որոշի՝ ինչպես և ում հետ ապրել։ Առաջիններից մեկն է բարձրաձայնել այն մասին, որ 90-ականների Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիները թալիշներին և  փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների ստիպել են քայլել ականապատված տարածքներով կամ ծուղակների մեջ են նետել։     

Այս տարվա հուլիսին Ֆ. Աբոսզոդայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի կողմից և միջպետական հետախուզում է հայտարարվել։ Սեպտեմբերին էլ Մոսկվայի մարզի Լյուբերեցկի քաղաքային դատարանը խափանման միջոց ընտրեց մեկ ամսվա կալանքը՝ նրան Ադրբեջանին արտահանձնելու մտադրությամբ (Մոսկվայում կալանավորել են ադրբեջանական իշխանությունների պահանջով)։

Որոշ շրջանակներում դա ընկալվել է որպես Բաքվի համար Ռուսաստանի կողմից պատրաստված ՙնվեր՚, իսկ ավելի լուրջ գործիչների կողմից թալիշների առաջնորդի կալանքն ապօրինի գործողություն է որակվել։ Իրոք,  խոսքը պատմական անցյալ ունեցող ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ղեկավարած մարդու մասին է։ Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում հարց են հնչեցնում՝ արդյո՞ք Մոսկվան Բաքվին կարտահանձնի թալիշ ժողովրդի առաջնորդին, այնպես, ինչպես Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է հանձնել իսրայելցի բլոգեր Լապշինին։ Ոմանք հնարավոր են համարում, ոմանք՝ կասկածում՝ շեշտելով, որ ռուսաստանյան ղեկավարությանը չես համեմատի ՙբեղավոր կոլխոզնիկ՚ (բնորոշումը՝ ըստ ռուսական կայքի) հիշեցնող Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

Այժմ Մոսկվան է տնօրինում Ֆահրադին Աբոսզոդայի ճակատագիրը։ Նրա ազատագրման համար իրենց ձայնն են բարձրացրել հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներ, նաև՝ հայեր։   

Որոշ քաղաքական վերլուծաբաններ էլ կարծում են, որ այդ գործը կարելի է համարել պաշտոնական Բաքվի վրա Մոսկվայի ազդեցության լծակներից մեկը։ Գուցե այդպես է, բայց դա հարցի մի կողմն է։ 

Էականն այստեղ Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետ կապված Բաքվի մտահոգությունն է։ Եվ անհիմն չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը սոսկ տարածքային վեճ ներկայացնելու ադրբեջանական մարմաջը։ Բաքուն Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյությունն արդեն ընդունել է։ Նրան գլխավորապես անհանգստացնում է թալիշների, լեզգիների և մյուս բնիկների ազատագրական պայքարը, որի հետևանքների մասին խոսելն ավելորդ է։ Ինչ վերաբերում է ռուսաստանյան ղեկավարության կողմից ազգային շարժման առաջնորդի հնարավոր արտահանձնմանը, դա, իսկապես, ողջախոհությունից հեռու քայլ կորակվի։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ