ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ ԲԱՆԱԿՑԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ուղեկցվել է երկու համանախագահող պետությունների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև նախաձեռնությունների համար ընթացող մրցակցային պայքարով։


Նույնը, իհարկե, չի կարելի վերագրել Ֆրանսիային, որը համարվում է եվրոպական քաղաքականության առաջատարներից մեկը։ Համաշխարհային քաղաքականության երկու գլխավոր դերակատարները (ակտորներ), որոնք իրենցից ներկայացնում են կարևորագույն ուժային կենտրոններ, հակամարտության գոտիներում քայլեր ձեռնարկելիս, բնականաբար, պետք է ելնեն իրենց շահերից։ Իսկ չլուծված էթնոքաղաքական հակամարտությունները նրանց ձեռքում դառնում են գործիք, ինչը թույլ է տալիս վերահսկել հակամարտող կողմերին, կառավարել նրանց։  Աքսիոմատիկ այս ճշմարտությունը հիմք է տվել քաղաքագետներին ասելու, որ գերտերությունների նպատակը ոչ այնքան հակամարտության կարգավորումն է, որքան դրանց կառավարումը։ Այս ամենով հանդերձ, պատերազմով սեփական անկախությունն ամրապնդած ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը ոչ մի դեպքում չի մարգինալացվել աշխարհաքաղաքականության այդ նույն դերակատարների կողմից, քանզի նրանք նույնպես այդ ճանապարհն անցած պետություններ են։    

Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես դժգոհ է եղել Մինսկի խմբի ձևաչափից, և ժամանակ առ ժամանակ փորձել է փոխել այն՝ խնդրի կարգավորումն այլ հարթություն տեղափոխելու մտադրությամբ։ Հրադադարի հաստատումից մինչ 2016-ի ապրիլյան պատերազմը համանախագահող պետություններին հաջողվել է տարածաշրջանում պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռություն՝ դրանով իսկ շփման գծում պահպանելով նաև հարաբերական անդորրը։ Քառօրյա պատերազմը ջրի երես հանեց մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շփման գծում միջադեպերի վերահսկման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը ցայսօր մնում է չիրագործված։ Միանշանակ դարձավ մի բան՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը հայկական դիվանագիտության համար պետք է դառնան առաջնային նշանակության խնդիրներ։

Ի՞նչ կարելի է ասել ղարաբաղյան խաղաղ կարգավորման ներկա փուլի մասին։ Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ավելի խճճվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան և Հարավային Կովկաս կատարած այցելությունների արդյունքում։ Թրամփի վարչակազմի մտադրությունների առանցքում Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության կոշտացումն է, որի շուրջ պետք է հստակեցվեին  Հարավային Կովկասի երեք հանրապետությունների դիրոքորոշումները։ Բոլթոնի դիվանագիտական բառապաշարում արդեն իսկ կարելի էր տեսնել ԱՄՆ-ի հեռահար ծրագրերը։ Այն հայտարարությունը, որ իր այցի նպատակը հարավկովկասյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոխելու նպատակ չի հետապնդում, թերևս, բացահայտեց այդ ուժային կենտրոնի իրական նպատակը՝ տարածաշրջանում վերաձևակերպել գործող քաղաքականությունը։ Եվ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան եկել էր, այսպես ասած, շոշափելու տարածաշրջանի երեք հանրապետությունների քաղաքական վերնախավերի տրամադրությունները, պարզել, թե որքանով են նրանց շահերը համադրվում Արևմուտքի ծրագրերին ու ռազմավարությանը։ 

Այլապես ի՞նչ է նշանակում ՙուժեղ մանդատ ունենալ և վճռական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցում՚։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի հակադարձեց՝ հայտարարելով, որ ո՜չ Բոլթոնը, և ո՜չ էլ մեկ ուրիշ պաշտոնյա չեն կարող խոսել իր անունից։ 

Ռիչարդ Միլսն անսպասելի հայտարարություն արեց ՙգրավյալ տարածքները՚ հանձնելու մասին։ ԱՄՆ նախագահն ի՞նչ է սպասում Նիկոլ Փաշինյանից. ընդգծված լեգիտիմություն ունեցող վարչապետն  ի զորո՞ւ է հեղափոխություն անել նաև հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Սպիտակ տունը պետք է որ այս հարցի պատասխանն էլ ունենա։   

Մյուս կողմից` ծառացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու հարցը, ինչը հնարավորություն ընձեռեց Ադրբեջանին՝ եվրասիական ուղղությունում առաջ մղել իր շահերը` հենվելով ԵԱՏՄ անդամ Բելառուսի աջակցության վրա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ծավալվեցին զարգացումներ ոչ ի նպաստ Հայաստանի. Բելառուս-Ադրբեջան-Ղազախստան եռակողմ համագործակցությունը վեր հանեց ՀԱՊԿ-ի ներսում ծավալված հետկուլիսային զարգացումները, համաձայն որոնց՝ հավանական է համարվում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելն ու տարածքային հարցում հայկական կողմին զիջումներ պարտադրելը։ 

Նախկինում էլ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՜չ ռուսական և ո՜չ էլ ամերիկյան կողմերին չի հաջողվել տարածքային զիջումներ պարտադրել Հայաստանին, քանի որ դրանք կլինեին միակողմանի զիջումներ Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության և ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։ Վերջապես, տարածքային զիջումները հիմնախնդրի կարգավորում չեն ապահովելու, դրանք միայն հանգեցնելու են պատերազմի։ Խաղաղ կարգավորման գործընթացում ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջնորդական առաքելություն իրականացնող պետությունների համար փոխհամաձայնության հասնելու հեռանկարը մնում է մշուշոտ։ Վստահության մթնոլորտի բացակայությունն ինքնին բացառում է կողմերի միջև առարկայական բանակցությունների անցկացումը։      

Ներկա իրողությունների ֆոնին առավել քան աբսուրդ կարելի է որակել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Միլանում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը փոխըմբռնման հասնելու մասին։ Պարզվում է, որ ՙերկար ժամանակ անց, առաջին անգամ, կողմերը փոխըմբռնման են հասել՚։ Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է. Մամեդյարովի խոսքերն է մեջբերել ադրբեջանական կայքը։ 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն արձագանքել է Մամեդյարովին և իրազեկել, որ Միլանում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում երկու արտգործնախարարները պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։ Համաձայնություն էր ձեռք բերվել հակամարտող կողմերի  արտգործնախարարների և համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության  տեքստի շուրջ։ Մամեդյարովն այս իրողությունները մատուցել է շատ յուրահատուկ ոճով։   

Ադրբեջանի և Հայաստանի միջև  ՙփոխըմբռնման՚ ի հայտ գալու լուրը դրական զգացողություններ առաջացրեց երկրորդ հայկական պետությունում։ Ստեփանակերտը  լավատեսություն հայտնեց առ այն, որ Բաքվում, հնարավոր է, գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը։ Հնարավոր է նաև, որ վերջապես ընդունել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման պահանջը։ Եթե Ադրբեջանում այդչափ ըմբռնումով են վերաբերվում խնդրին, կարելի է հուսալ, որ այնտեղ նույնիսկ պատրաստվում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։   

Իլհամ Ալիևն իր հերթին դեկտեմբերի 17-ին հայտարարեց, որ ընթացիկ տարում Ադրբեջանի բանակը հաջողություններ է արձանագրել. հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. հսկողության տակ է վերցրել 11 հազար հեկտար տարածք։ Ալիևի բնորոշմամբ՝ դրանք ռազմավարական բարձունքներ են։ Դա և ապրիլյան պատերազմում ունեցած ՙհաջողությունները՚ հիմք են տվել Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելու, որ հակամարտության կարգավորման առաջին գործոնը Ադրբեջանի ռազմական հզորությունն է։ 

Ալիևի հայտարարությունը, սակայն, խաղաղ կարգավորման հետ ոչ մի աղերս չունի։ Հերթական անգամ Ադրբեջանի նախագահն ակնարկում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին՝ ի ցույց դնելով իր ռազմական ներուժը։ Ակնարկում է նաև նախիջևանյան ուղղությունում կատարված դիրքային փոփոխության մասին։ Եթե դա է Իլհամ Ալիևի ՙհաջողությունը՚, այդ դեպքում ինչո՞ւ է նա Մինսկի խմբի համանախագահներից ՙգրավյալ տարածքների՚ վերադարձ աղերսում։    

Այստեղ հարկ ենք համարում վկայակոչել օրերս գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ ՙՇանթ՚  հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Անդրադառնալով Պաշտպանության բանակի կողմից ազատագրված հայկական պատմական տարածքներին՝ նա  հորդորեց առհասարակ չքննարկել այդ թեման։ Գեներալը մատնացույց արեց Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Խորհրդային Միության կազմ անցած, բայց պատմականորեն Ճապոնիային պատկանող  Կուրիլյան կղզիները։ Ճապոնական կողմից Հարավային Կուրիլների պատկանելության խնդիրը պարբերաբար արծարծվում է, բայց Ռուսաստանի ղեկավարությունն իր դիրքորոշումից հրաժարվելու մտադրություն չունի։ Ռուսաստանը վիճարկվող տարածքն անվտանգության գոտի է համարում, և այդ կղզիները չի հանձնում հենց անվտանգության նկատառումներով։ Ինչո՞ւ պիտի մենք մեր Հայրենիքի անբաժանելի մասը կազմող տարածքները քննարկման հարց դարձնենք։

Ադրբեջանի քաղաքական վերնախավն էլ չի ուզում հրաժարվել հակամարտության կարգավորման վերաբերյալ ունեցած պատրանքներից: Այդ պատրանքներն իրենց առավելագույնս զգացնել են տալիս հատկապես աշխարհաքաղաքականության գլխավոր դերակատարների մրցակցային պայքարի սրացումների ֆոնին։ Իսկ դա մեր հարևանին միայն խանգարում է, որովհետև առարկայական բանակցություններ կարող են լինել միայն իրականության դաշտում։ Պատրանքներով առաջնորդվելը կնշանակի բանակցությունները տանել փակուղի։    

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ