ՙՀԱՐՑՐՈՒ ՔՈ ՊԱՊԻՆ, ԼԵՅԼԱ՚

Ռուսաստանցի մի քանի կին հանրային գործիչներ նամակով դիմել են Ադրբեջանի նախագահի դստերը՝ Լեյլա Ալիեւային՝ հորդորելով նրան նպաստել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում շփման գիծ այցելելուց հետո իրենց հնարավորություն ընձեռվի լինել նաեւ ադրբեջանական կողմում՝ տեղ հասցնելու համար խաղաղության իրենց կոչը։ 


 Ռուսաստանցի կին հանրային գործիչներն, ինչպես հայտնի է, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծ էին այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ նախաձեռնությամբ։ Այդ ակցիային Ադրբեջանում արձագանքեցին ստանդարտ ոճով՝ Արցախ այցելած ռուսաստանցի կին գործիչները հայտնվեցին ԱԳՆ ՙսեւ ցուցակում՚։ Եւ ահա ռուսաստանցի կին հանրային գործիչները փորձել են խնդիրը կարգավորել Ադրբեջանի նախագահի դստեր միջոցով՝ ակնկալելով, որ երեք երեխայի մայր Լեյլան դրականորեն կարձագանքի իրենց խաղաղասիրական ջանքերին։ Բաքվի մամուլը հրապարակել է Լեյլա Ալիեւայի պատասխանը, որն ակնհայտորեն հեղինակվել է կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, կամ ԱԳՆ-ում։ Դա մի ամբարտավան եւ կեղծախոս տեքստ է, որտեղ անդրադարձ է արվում Լեռնային Ղարաբաղի ՙպատմական պատկանելիությանը՚ եւ հակամարտության բացառապես ադրբեջանական ՙմեկնաբանությանը՚։ Դրանք այնքան մակերեսային են, որ արժանի չեն անգամ հակադարձման։ Լեյլայի պատասխանում, սակայն, կա մի ուշագրավ պահ։ Նա, խոսելով շփման գծում զոհերի վերաբերյալ ռուսաստանցի կին հանրային գործիչների անհանգստությունից, այսպիսի հարցադրում է արել. ՙԻսկ ի՞նչ գործ ունեն այդ հայ երիտասարդներն ադրբեջանական հողերում՚։http։//ru.axar. az/news/politika/332506.html։ Սա ադրբեջանական պաշտոնական տեսակետ է, որ բազմիցս հնչեցրել է նաեւ Իլհամ Ալիեւը։ Ենթատեքստը հասկանալի է՝ եթե հայ զինվորները գտնվում են ՙադրբեջանական հողերում՚՝ ենթակա են ոչնչացման։ Մի կողմ թողնենք այն, որ կնոջը, երեք երեխայի մորը չի պատշաճում արդարացնել սպանությունը։ Թեկուզ եւ այն պատճառով, որ հրադադարի խախտումից միայն հայ զինվորներ չեն զոհվում, կորուստներ, եւ բավական ցավոտ, ունենում է նաեւ ադրբեջանական կողմը։ Բայց դա, ինչպես ցույց է տալիս Լեյլայի ոճը, Բաքվում իշխող ընտանիքին չի հուզում։ Այնտեղ համոզված են, որ իրենց զավակները երբեք առաջնագծում չեն ծառայելու, նրանց կյանքը չի վտանգվելու։ Բայց դա ադրբեջանական հանրության խնդիրն է։ Մենք կփորձենք պատասխանել Լեյլայի՝ ՙիսկ ի՞նչ գործ ունեն այդ հայ երիտասարդներն ադրբեջանական հողերում՚ հարցադրմանը։ Ադրբեջանի նախագահի դուստրը շատ է սիրում իր հանգուցյալ պապին՝ Հեյդար Ալիեւին, նրա հիշատակին բանաստեղծություններ է ձոնում, մտովի խոսում նրա հետ, խորհուրդներ խնդրում։ Պետք է հուսալ, որ գոնե այդ զեղումներում նա անկեղծ է, եւ խորհուրդ տալ, որպեսզի պապի հետ հոգեխոսության հերթական սեանսին այդ հարցը նրան ուղղի։ Իսկ մինչ այդ Լեյլայի համար հասկանալի դարձնենք մի իրողություն՝1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստորագրել են ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անժամկետ հրադադար հաստատելու մասին համաձայնագիր, որով հայկական զինուժի ներկայությունը շփման ներկայիս գծում ստացել է միանգամայն օրինական ուժ։ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ հայկական ուժերը պետք է զբաղեցնեն այն բնագծերը, որ հրադադարի հաստատման պահին ունեն իրենց վերահսկողության տակ։ Սա է իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի դուստրը պետք է իմանա։ Իսկ եթե չգիտի, ապա դրանում հայկական կողմը որեւէ մեղք չունի։ Հրադադարի համաձայնագրով զորքերի շփման գիծը պետք է մնա անփոփոխ՝ մինչեւ խնդրի վերջնական կարգավորում։ Իսկ ե՞րբ դա տեղի կունենա՝ թող Լեյլան հետաքրքրվի իր նախագահ հորից, որը մեկ անգամ վիժեցրել է համաձայնության կնքումը եւ շարունակում է մերժել կարգավորման հայեցակարգը։ Լեյլան պետք է նաեւ իմանա, որ դեպի խաղաղություն ճանապարհը չի հանդուրժում ամբարտավանությունը եւ քամահրանքն այլոց ճակատագրի նկատմամբ։ Հանուն խաղաղության պետք է մի կողմ թողնել հավակնոտությունը եւ մեծապետականությունը։ Լեյլայի պատասխանը, ցավոք, հակառակ տպավորությունն է թողնում։ Նա ռուսաստանցի կին հանրային գործիչներին առաջարկում է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ներողություն խնդրել Ադրբեջանից, պաշտոնապես հայտարարել, որ հարգում են նրա ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, որից հետո խոստանում է նրանց համար Ադրբեջան այցելելու հրաշալի պայմաններ ստեղծել։ Այդպես կարելի է միայն իրավիճակ սրել։ Այդ մեծապետական հովերն են նրա պապին՝ Հեյդար Ալիեւին, 1993թ. տարեվերջին դիմել Արցախի դեմ լայնածավալ հարձակման, որն ավարտվել է ադրբեջանական բանակի անփառունակ պարտությամբ։ Այդ իրավիճակում է կնքվել հրադադարի համաձայնագիրը, որի օրինական ուժով հայկական զինուժը շարունակում է մնալ այն դիրքերում, որ նվաճել է Ադրբեջանի հետ պատերազմում տարած հաղթանակով։

 

 Վահրամ Աթանեսյան