Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

Արցախի ՙԱրդարություն՚ կուսակցության գործունեության 100 օրվան նվիրված մամլո ասուլիսը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերանս- դահլիճում։ Լրագրողների հետ հանդիպման էին եկել կուսակցության համանախագահներ Մարսել Պետրոսյանը, Միքայել Սողոմոնյանը և Հակոբ Հակոբյանը։ 


 Մ. Պետրոսյանը լրագրողների ուշադրությունը սևեռեց նշված ժամանակահատվածում կատարված աշխատանքներին և ներկայացված նախաձեռնություններին՝ ցույց տալու, թե որն է քաղաքական դաշտ մտնելու նպատակը, ինչ խնդիրներ ունեն, և հանրությունն էլ իր հերթին քաղաքական այս ուժից ինչ կարող է ակնկալել։ ՙԱրդարություն՚-ը  ստեղծվել է երկու տարբեր նախաձեռնող խմբերի միացմամբ՝ բանավեճերի և բանակցությունների արդյունքում։ 

Արդարության զգացումը հատուկ է մարդուն, առավել ևս՝ հասարակությանը։ Հազարավոր հայորդիներ իրենց մատաղ կյանքը զոհաբերելով՝ մեզ պարգևեցին հաղթանակ ու նաև պատգամեցին ունենալ օրինական, արդար ու բարգավաճ երկիր, ապրել արժանապատվորեն և իմաստալից կյանքով։ Օրինականությունն ու արդարությունը, սակայն, հաճախ անտեսվում են, որի հետևանքը լինում է լուրջ վտանգներով հղի անորոշությունը։ Հիմնադիրներն առայժմ հանրության հետ շփվում են ֆեյսբուքյան էջով, քանի որ չունեն տպագիր մարմին և լրատվական կայքէջ։ Անցած 100 օրերի ընթացքում կուսակցությունն Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, պետական որոշ կառույցների ուշադրությանն է ներկայացրել հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։ Մասնավորապես մտահոգիչ է զարգացման ոչ բավարար մակարդակի վրա գտնվող փոքր և միջին բիզնեսը. գործող օրենքներն անկատար են, իրենց զգացնել են տալիս հարկային բեռի էական տարբերությունները Հայաստանում և Արցախում։ Հայաստանում այդ ոլորտում զբաղված քաղաքացիների եկամուտներից գանձվող հարկերը կազմում են 18%, մեր հանրապետությունում՝ 37% և նույնիսկ ավելին։ 

Փոքր և միջին ձեռնարկատերերի հարկային բեռի թեթևացման վերաբերյալ կուսակցությունն իր առաջարկությունն է ներկայացրել։ Ի պատասխան նամակի՝ պետնախարարի աշխատակազմից ստացվել են հավաստիացումներ առ այն, որ բարձրացված հարցերի մի մասն արդեն ընդգրկվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթում, մյուս մասի շուրջ քննարկումներ կծավալվեն։ 

Բաց նամակով դիմել են նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով դեմ քվեարկել կառավարության կողմից ներկայացված՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարերկրյա քաղաքացիներին սեփականության իրավունքով վաճառելու մասին օրենքի նախագծին։ Կուսակցականները դրանում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։ 

ԱԱԿ-ի համանախագահն այնուհետև շոշափեց ավանդների հարցը. 2009թ. սկսած՝ ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդները ՙԱրցախբանկ՚-ում բացվել են 7,5% տոկոսադրույքով։ Նույն բանկում վերջին հինգ տարիներին ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 13,5%։ Ստացվում է, որ երեք և ավելի երեխաներ ունեցող հազարավոր ընտանիքներ նշված ժամանակահատվածում զրկվել են հարյուրավոր միլիոնների հասնող գումարներից։ Մ. Պետրոսյանի խոսքով՝ հանրապետության ներկայիս ժողովրդագրական վիճակն աղետալի է, հետևաբար, ծնելիության աճին միտված ծրագրերը պետք է լինեն նպատակային։ ՙԱրդարություն՚-ը պահանջում է վերանայել ավանդների տոկոսադրույքները, բացի այդ, նախորդ բոլոր տարիների համար կատարել տոկոսների վերահաշվարկ և Արցախի երեխաներին վերադարձնել չվճարված գումարները։ 

Այդ խնդրին գործադիրը չի արձագանքել, բայց նաև չի հերքել կուսակցության ներկայացրած փաստարկները։ Կարևորելով դրա հասարակական հնչեղությունը՝ կուսակցության ղեկավարությունը դիմել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին։ 

Լրագրողների ուշադրությունը հրավիրվեց ՙԱրցախբանկ՚-ի հետ կապված ևս մեկ երևույթի վրա։ ՊԲ պայմանագրային զինծառայողներն իրենց աշխատավարձը ստանում են ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի միջոցով։ Վերջինիս կողմից զինծառայողներին տրվող վարկերի փաստացի տոկոսադրույքը տատանվում է 18-22% սահմաններում։ Այլ բանկերում նմանատիպ վարկերը տրամադրվում են 12-15% սահմաններում։ Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ ո՞վ է պարտադրել ՊԲ հրամանատարությանը ֆինանսական գործառույթները կազմակերպել միայն նշված բանկի միջոցով, ինչն ակնհայտորեն վնասում է պայմանագրային զինծառայողների շահերը։ Կուսակցության այս հարցադրումը նույնպես անարձագանք է մնում։ 

Խոսվեց նաև ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի սեփականաշնորհման մասին։ Այն որակվեց գաղտնի, հանրության համար անհասկանալի գործարք։ Եվս մեկ հարց. իշխանությունն ի՞նչ նպատակով պետությանը զրկեց շահութաբեր ձեռնարկությունից, իսկ նոր սեփականատերը, փոխանակ խոշոր ներդրումներ անելու, ապամոնտաժում է Մարտունու շրջանի Սարգսաշենից դեպի Զարդանաշեն տանող գազատարի խողովակաշարը։ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն իր հերթին անտեսում է օրենքի պահանջը, աջակցում է նոր սեփականատերերին և նրանց մատուցմամբ հորինում մի նոր հարկատեսակ։ Պետրոսյանը մատնացույց արեց նաև գազի ներտնային օգտագործմանն առնչվող պայմանագրի նոր հավելվածի ի հայտ գալը, որը հանրության շրջանում դժգոհությունների տեղիք է տվել։ 

Կան նաև բնապահպանությանը, կրթության, մշակույթի և սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր, որոնց մասին կուսակցականները կբարձրաձայնեն իրենց հետագա գործունեության ընթացքում։ Խոստացան հետևողական լինել իրենց հարցադրումներում, իսկ հասարակությունից ակնկալում են փոխըմբռնում և աջակցություն՝ Արցախում արդարության մթնոլորտ ձևավորելու համար։   

Պետրոսյանն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։ Պատասխաններում մասնավորապես նշվեց, որ կուսակցության ղեկավարներն ու անդամները եղել են հանրապետության շրջաններում, հանդիպել երիտասարդությանը, կարևորել նրանց կողմից առաջադրված հարցերը։ Առանձին հարցերի վերաբերյալ դիտարկումները զետեղել են կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Հանդիպումները կշարունակվեն, քանի որ նման ձգտում առկա է նաև համայնքներում։

2020թ. նախագահական ընտրություններում ՙԱրդարություն՚-ն առաջադրելու է իր թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի կուսակցական ցուցակով։ 

ՙԱրդարություն՚-ը պետական կառավարման համակարգի արմատական փոփոխության խնդիր է դնում՝ համոզված լինելով, որ Արցախում գործող կառավարման մոդելն իրեն չի արդարացրել։ ՙՄենք ցնցումների կողմնակից չենք, քանի որ պատերազմող երկիր ենք, արմատական բարեփոխումներ կարելի է անցկացնել սահուն ձևով, առանց ցնցումների՝ չվնասելով մեր տնտեսությանն ու հասարակությանը՚,-եզրափակեց Պետրոսյանը։   

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ