ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ՝ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ԶՎԱՐՃԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը:  Բնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին... Ահա մի քանի օրինակ.


 -ՙԱլ Մոնիտոր՚-ի թղթակից Փինար Թրեմբլեյը հաղորդել է, որ ՙԴիյանեթը՚՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության կայքը, հայտարարել է, որ ՙհիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի հայտնի խոսքերը՝ մահմեդականներին խորհուրդ է տրվում ուտել և խմել աջ ձեռքով և նույնը սովորեցնել իրենց երեխաներին, քանի որ ՙսատանան ուտում է ձախ ձեռքով՚: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ձախլիկ են կամ աջ ձեռք չունեն, հետաքրքրվում են թուրքական հասարակության բազմաթիվ անդամներ:

-Հայտնի իսլամական իմամ Իհսան Սենոքըկն այս տարվա փետրվարին ազատվել է ՙԴիյանեթ՚-ից, իր վիճահարույց հայտարարությունից հետո, որ տաբատ հագնող կանայք մեղավոր են՝ կանխորոշված դժոխքի համար: Սենոքըկը նաև հայտարարել է, որ մարդը չպետք է համբուրի իր երիտասարդ զոքանչին, քանի որ այն կարող է հանգեցնել գայթակղության…

- Թուրքիայում ՙԻնջիրլիք՚ ավիաբազայի հարևանությամբ բնակվող Մահմուդ Աքարն ասել է ՙՍպուտնիկ՚ լրատվականին, որ այնտեղ տեղակայված ամերիկացի զինվորները գնում են թուրք երեխաներին, որոնց հետագայում տեղափոխում են Միացյալ Նահանգներ՝ նրանց կրոնափոխ անելու և քրիստոնյա դարձնելու համար: 

- Ստամբուլի համալսարանի թուրք դասախոս Յավուզ Օրնեքը հունվարի 6-ին թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Նոյը ջրհեղեղից առաջ իր որդու հետ շփվելէ բջջային հեռախոսով: Օրնեքը նաև հայտարարել է, որ Նոյն իր տապանը կառուցել է պողպատե սալիկներով, և այն աշխատել է միջուկային էներգիայով… ՙԵս գիտնական եմ և խոսում եմ գիտական տեսանկյունից՚, պնդել է տգետ Օրնեքը: 

- Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը հայտարարել է, որ աղջիկներն ինը տարեկանում, իսկ տղաները` 12 տարեկանում կարող են ամուսնանալ…

- ՙԴիյանեթը՚ նաև արձակել է մի քանի ֆեթվաներ (կրոնական հրովարտակներ), հայտարարելով, որ ՙԲիթքոիններն անընդունելի են այս պահին՚: Երկրորդը հայտարարել է, որ տղամարդկանց մազերի սև ներկումը պատշաճ չէ՝ ըստ իսլամի: Երրորդն արգելել է վիճակախաղի տոմսեր ձեռք բերել կամ աշխատել այնտեղ, որտեղ ալկոհոլ է վաճառվում: Չորրորդն արգելել է լսել ՙանբարո երաժշտություն՚: Սակայն ամենավիճահարույց ֆեթվան այն էր, որ տղամարդը կարող է ամուսնալուծվել կնոջ հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, տեքստային հաղորդագրությամբ կամ նամակով: Ամուսնալուծությունը հայտարարելու նման միջոցը նույնն է, ինչ ամուսնու երեսին ասելը: Միակ բանը՝ կինը պետք է համոզված լինի, որ տեքստային հաղորդագրությունը կամ էլեկտրոնային փոստը ուղարկված է ամուսնու կողմից:

- ՙՆյուզուիք՚ հանդեսը մեջբերել է մի թուրք իսլամական քարոզչի, որը հայտարարել էր Fatih Medreseleri կրոնական հեռուստաալիքով, թե առանց մորուքի տղամարդիկ ՙչեն կարող տարբերվել կանանցից՚ և կարող են այլ մարդկանց կողմից ՙանպարկեշտ մտքեր՚ առաջացնել: ՙՏղամարդիկ պետք է մորուք աճեցնեն: Մորուքը մարդու մարմնի երկու մասերից մեկն է, որով տղամարդը տարբերվում է կնոջից՚, հայտարարել է Մուրատ Բայարալը: ՙԵթե հեռվում երկար մազերով մարդ եք տեսնում, կարող եք մտածել, որ նա կին է, եթե նա մորուք չունի, որովհետև այսօր կանայք և տղամարդիկ միանման են հագնվում: Աստված չանի… Դուք կարող եք անպարկեշտ մտքեր ունենալ, բացատրել է նա, արտահայտելով այն վախը, որ տղամարդիկ կարող են նույն սեռի անձանց նայել սեռական հետաքրքրությամբ:

- Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենտ Արինջը հայտարարել է, որ ՙկանայք չպետք է բարձրաձայն ծիծաղեն հասարակության մեջ՚:

Ըստ ՙՆյուզուիք՚-ի, վերոհիշյալ ուղերձները ցույց են տալիս, որ նախագահ Էրդողանը փորձում է Թուրքիան տանել ՙկրոնական ուղիով՝ իսլամական ազգայնականության նոր տարբերակով: 1923 թվականին, ժամանակակից Թուրքիայի հիմնադրումից ի վեր, ՙաշխարհիկություն՚ բառը ամրագրվել է Թուրքիայի սահմանադրության մեջ: Սակայն Էրդողանն ավելի շատ խորհուրդ է տալիս, որ կրոնը հասարակական կյանքի մաս դառնա:  Անցյալ տարի էվոլյուցիայի դասերը հանվել են հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից, և կառավարությունը թույլ է տվել աղջիկներին դպրոցում գլխաշոր կրել, ինչն արգելված էր անցյալում՚:

ՙՆյուզուիք՚-ի թղթակից Քրիստինա Մազան եզրակացրել է. ՙԱյսօր Թուրքիայի ղեկավարությունը կանգնած է որոշում կայացնելու շատ բարդ խնդրի առջև՝ թե ինչպես կառավարել իր հասարակության կրոնական և աշխարհիկ ասպեկտները միաժամանակ: ՙՄահմեդական աշխարհում հավատացյալները վերահաստատվել են  մի շարք տարամետ հոսանքներով: Սա անխուսափելիորեն խթանել է մահմեդականների զանգվածներին Թուրքիայում՚, ասել է աշխարհաքաղաքագետ Ջորջ Ֆրիդմանը՝ Real Clear World-ի համար գրված ապրիլյան խմբագրականում: ՙԱշխարհիկ, եվրոպական մշակույթը, որը գերակշռում էր երկրում, հակադրվում է կրոնական հզոր պահանջներին: Քաղաքական և սոցիալական հիմնական հարցն այն է, թե ինչպես ստեղծել միասնական պետություն՝ կառուցված երկու տարբեր մշակույթների վրա՚:  

Հուսով ենք, որ նախագահ Էրդողանն ու նրա հետամնաց իմամները 2019թ. նոր տարօրինակ հրովարտակներ կարձակեն՝ Թուրքիան վերադարձնելով Քարի դար…

 Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ 

թերթի հրատարակիչ և խմբագիր