ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված փակուղային իրավիճակի, լիաձևաչափ բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտին (Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության, ԼՂՀ մայրաքաղաքը) ներգրավելու հնարավորության, այդ հարցի շուրջ Ռուսաստանի ունեցած դիրքորոշման, ինչպես նաև խաղաղ գործընթացի ակտիվացման հնարավորությունների մասին EADaily¬ի թղթակիցը զրուցել է ռուս դիվանագետ, հակամարտության գոտում զինադադարի մասին 1994թ. մայիսյան համաձայնագրի ՙհայր՚ և ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) նախկին համանախագահ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԻ հետ։


-Վլադիմիր Նիկոլաևիչ, Հայաստանի նոր ղեկավարությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու նպատակ է դրել։ Բաքուն դեմ է հանդես գալիս։ Որքանո՞վ է իրագործելի այդ նպատակը՝ գործընթացի յուրահատկության և արտաքին ուժերի՝ նախևառաջ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների, մոտեցումների հաշվառումով։

-Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն առարկում է, և դա լիաձևաչափ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավմանը խոչընդոտող գլխավոր խնդիրն է։ Իհարկե, միջազգային միջնորդներն իրենք չեն կարող նման հարց լուծել։ Այստեղ անհրաժեշտ է հակամարտող կողմերի հենց համաձայնությունը։

Դրա հետ մեկտեղ միանգամայն արդարացիորեն կարելի է մի շարք կշտամբանքներ արտահայտել Ադրբեջանի հասցեին։ Ես լավ հիշում եմ. պատերազմի տարիներին՝  հատկապես 1993 թվականին, երբ ճակատում տիրող իրավիճակն Ադրբեջանի համար ոչ այնքան էլ բարեհաջող կերպով էր դասավորվում, պաշտոնական Բաքուն դիմում էր ոչ թե Երևանին, այլ Ստեփանակերտին (ուղղակիորեն)։ Հեռախոսազանգերն ու նամակներն ուղղվում էին Ստեփանակերտ ժամանակավոր զինադադարի ուղիների որոնման նպատակով։ Այդ ամենը փաստաթղթավորված է։

Զինադադարի մասին միակ համաձայնագրերը ստորագրվել են հակամարտության երեք կողմերի միջև։ Դրանք են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը։ Ես սա նրա համար եմ ասում, որ Բաքվի ներկայիս դիրքորոշումը քաղաքական առումով անհիմն է։ Եթե կա հակամարտության կողմ, նա, իհարկե, պետք է մասնակցի բանակցային գործընթացին։ Առավել ևս, որ հակամարտության էությունը Ղարաբաղի ճակատագիրն է։ Չի կարելի Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագիրը որոշել առանց իր մասնակցության։

-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի և Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա մեծ ներգործություն ունեցող գերտերության, դիրքորոշումը բանակցային գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչներին ներգրավելու հարցում։

-Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարել է, որ այդ հարցը կարելի է լուծել (միայն) հակամարտող կողմերի համաձայնության առկայության պարագայում։ Ռուսաստանն, ըստ էության, ՙկողմ՚ կլինի, եթե Ադրբեջանը և Հայաստանն այդ հարցում ընդհանուր հայտարարի գան։ Այդ հարցը պետք է հակամարտության կողմերն իրենք լուծեն, համանախագահները չեն կարող կողմերին ինչ¬որ պատրաստի լուծումներ պարտադրել։ 

-Հայաստանում ՙթավշյա հեղափոխությունից՚ հետո ներքին փոխակերպումների բարդ գործընթաց է ընթանում։ Քաղաքական բարձր մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ գործնականում չկան։ Որքանո՞վ է բանակցային գործընթացում տիրող ներկա իրավիճակը նպաստում հակամարտության հանգուցալուծմանը։ 

-Առանձնապես չի նպաստում։ Ամեն ինչ բախվում է Բաքվի իռացիոնալ պահանջներին։ Ներկայումս հակամարտության հանգուցալուծման գործընթացում զգալի չափով տիրում է փակուղային իրավիճակ։ Խոսքն անգամ ներկայիս դադարի մասին չէ, որը հարուցված է ապրիլյան իրադարձությունններից հետո Հայաստանում տեղի ունեցող փոխակերպումներով։ 

Դա հասկանալի է, բայց արդեն երկար տարիներ շարունակ բանակցային գործընթացը փակուղում է։ Սա հարուցված է Ադրբեջանի դիրքորոշմամբ, որը համառորեն պնդում է այն շրջանների վերադարձի վրա, որոնց նկատմամբ վերահսկողությունը Բաքուն կորցրել է պատերազմի ընթացքում (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջաններ, որոնք գտնվում են հայկական զորքերի վերահսկողության տակ – EADaily)։ Եթե պարզաբանելու լինենք` ինչի պատճառով է Բաքուն կորցրել վերահսկողությունն այդ տարածքների նկատմամբ, հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերին, համառորեն հակամարտությունն ուժով լուծելու փորձեր էր ձեռնարկում։ Բաքուն համարում էր, որ իր ներուժը շատ ավելի հզոր է, քան հայկական կողմինը, և դա թույլ կտա հայերին ճզմել ուժով։ Բայց արդյունքում Ադրբեջանը հատուցեց իր այդ դիրքորոշման համար (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների կորուստով - EADaily)։ 

Այն պահին, երբ ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին բանաձևը (N 822՝ 1993թ. ապրիլի 30 - EADaily) ադրբեջանցիները կորցրեցին վերահսկողությունը միայն Շուշիի և Լաչինի նկատմամբ, իսկ հետո կորցրեցին մնացած շրջանները։ Ընդամենը նման յոթ շրջան է ստացվում։ 

-Հայաստանի ներսում քննարկումներ են ընթանում բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության առիթով։ Ընդունված է համարել, որ Ստեփանակերտը բանակցային գործընթացից վերջնականապես դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Քոչարյանի կողմնակիցներն ու նա ինքը այդ պնդման հետ համաձայն չեն։ Նրանք նշում են, որ ղարաբաղյան կարգավորման նախկին եռակողմ ձևաչափը սպառել է իրեն, քանի որ բանակցություններ՝ որպես այդպիսիք չկային, որովհետև Բաքուն կա՜մ չէր ցանկանում խոսել Ստեփանակերտի հետ, կա՜մ պնդում էր բանակցություններում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցության վրա։ Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։ 

-Դա այդպես չէ ու դա հստակ չէ։ Բանակցություններն անց էին կացվում ռուսական միջնորդությամբ հենց հակամարտության երեք կողմերի միջև։ Մեզանից այդ սխեման ժառանգեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ պատճառով մինչև 1997թ. բոլոր բանակցություններն ընթանում էին այդ եռակի հիմքի վրա։ 

Դա ձևականություն չէր, տեղ էին գտնում բովանդակալից քննարկումներ։ Այն ժամանակ Ադրբեջանի կողմից Նիզամի Բախմանովին բանակցություններում որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար ու նախագահ ներկայացնելու փորձեր էին ձեռնարկվում։ Բաքուն ձգտում էր Բախմանովին ևս մեկ ՙպատվիրակության՚ վերածել։ Ես Բախմանովին ձայն էի տալիս միայն Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի համաձայնությամբ։ Այդկերպ, ես նրան որպես հակամարտության կամ բանակցությունների ևս մեկ կողմ ձևանալու հնարավորություն չէի տալիս։ Չէ՞ որ դա լուրջ չէր։ Նրանք դեռ վիրավորվել էին ինձանից, որ ես խանգարում էի այն բանին, որպեսզի  1994թ. Բիշքեկում Բախմանովի ստորագրությունը դրվի։ Ես հարցրեցի Աֆիյադդին Ջալիլովին (այդ տարիներին Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ - EADaily)` ինչ խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմին է Բախմանովը ներկայացնում։ Բացարձակապես ոչ մի։ Իսկ այնտեղ մենք հենց խորհրդարականների էինք հավաքում։  

 

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

www.eadaily.com