ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՆ Է

Մեր ժողովուրդը ևս մեկ տարի ապրեց չկարգավորված հակամարտության պայմաններում, ապրեց ու արարեց՝ համոզված, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է առաջնագիծը։ Դույզն անգամ չկասկածելով, որ պատրաստ է դիմակայել ժամանակի բոլոր մարտահրավերներին։

Ապրեց հույսերով, տագնապներով և, իհարկե, ավելի անվտանգ, ավելի միասնական, ազատ  և զարգացող Հայրենիք ունենալու լավատեսությամբ։ Անցնող տարվա իրադարձություններն ամփոփելով՝ Ազգային ժողովի պատգամավորները մեր ընդհանուր ձեռքբերումները, համատեղ անելիքներն ու պետականության ամրապնդման ճանապարհին ի հայտ եկած խնդիրներն են ընդգծում։Հովիկ ՋԻՎԱՆՅԱՆ 

(ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

- Ես կասեի, որ 2018-ն անցած տարիներից այդքան էլ չի տարբերվել։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կարծում եմ, դեռ երկար կշարունակվի, իսկ դա մեզ չի խանգարի ապրել ու շենացնել մեր Հայրենիքը։ Պարտավոր ենք հասկանալ, որ մեր նպատակին կարող ենք հասնել այն դեպքում, եթե ուժեղ լինենք, միասնական, պատրաստ դիմակայելու հակառակորդի ոտնձգություններին։ Հակառակ դեպքում դատապարտված կլինենք ձախողման։ Արցախի խնդիրը համազգային խնդիր է, և առ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Մեր բոլոր քայլերն ու գործողությունները պետք է փոխհամաձայնեցված լինեն։  

Իմ համոզմամբ՝ գլխավոր անելիքները երկրի ներսում են. առաջին հերթին պետք է զարգացնենք տնտեսությունը, ամրապնդենք Արցախի անվտանգությունը, արդարություն հաստատենք։ Ի՞նչ կարելի է ասել մեր Ազգային ժողովի մասին։ Նրա հիմնական գործառույթը օրենքների մշակումն է։ Անկեղծ լինենք և ասենք, որ օրենսդրական աշխատանքի գերակշիռ մասն իրականացվում է ՀՀ խորհրդարանի կողմից, ինչը միանգամայն բնական է։ Խորհրդարանը նաև քաղաքական ու վերահսկող մարմին է։ Ես ի սկզբանե այն կարծիքին եմ եղել, որ մեր խորհրդարանն ավելի շատ  պետք է սևեռվի իր վերահսկողական գործառույթի վրա։  Ահա այս հարցում ՀՀ խորհրդարանը չի կարող օգնողի դերում հանդես գալ։ Քաղաքական առումով, կարծում եմ,  որոշ սահմանափակումներից ձերբազատվելու և ավելի ազատ գործելու խնդիր ունենք։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա հիմք է տալիս կանխատեսելու, որ հաջորդ խորհրդարանն ավելի ազատ է գործելու։

Եթե գնահատելու լինենք Ազգային ժողովի օրենսդրական գործառույթը, ես, որպես պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կասեմ, որ ներկա դրությամբ գործող օրենքների ճիշտ կիրառման պարագայում կարող ենք, ընդհանրապես, օրենսդրական խնդիր չունենալ։ Դա իմ համոզմունքն է։ Հայաստանի հետ մենք նույն օրենսդրական դաշտում ենք, մեկ քաղաքական միավոր ենք, և մեր վերջնանպատակը նույնը պիտի լինի։

Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ 

(ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ)

.- Նախորդ տարվա վերջին, երբ փորձում էինք կանխատեսել հաջորդ տարվա հնարավոր զարգացումները, ասացինք, որ 2018-ը դժվար ժամանակահատված է լինելու մեզ համար։ Հարկ եմ համարում կանգ առնել երկու հանգամանքի վրա։ Նախ՝ տնտեսական ցուցանիշների աճ ենք արձանագրել, վարել ենք ներդրումային նոր քաղաքականություն՝ մատնանշելով  զարգացման հեռանկարները, և այդ ամենի հիման վրա  իրական կանխատեսումներ ենք  արել 2019 թվականի համար, ինչը և արտացոլվել է օրեր առաջ ընդունված պետական բյուջեում։ Ներքաղաքական կյանքում, սակայն, վայրիվերումներ ենք ունեցել, որոնք տեղիք են տվել որոշ ցնցումների։ Հանրության մեջ առկա տրամադրությունների դրսևորումների ականատեսն ենք եղել։ 

Նշեմ նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարաբերական  կայունության հաստատման փաստը։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետը հայ հանրությանը ներկայացրեց հակամարտության խաղաղ կարգավորման իր տեսլականը, որն իր մեջ պարունակում էր բանակցային գործընթացը փակուղային իրավիճակից դուրս բերելու միտումներ։ Ղարաբաղյան կողմի ներգրավման մասին դիրքորոշումը միանշանակ ողջունելի է։ 

Ունենք անվտանգության հետ կապված մտահոգություններ. տարբեր քաղաքական գործիչների կողմից, վերլուծական կենտրոններից ու նաև համանախագահող երկրներից հնչող որոշ տեսակետներ չեն կարող մեզ չմտահոգել։ Նման հայտարարությունները զգոնության են կոչում և, բնականաբար, պահանջում են հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի և գործողությունների համադրում։ 

Առիթն օգտագործեմ և ասեմ, որ 2017 թվականին ներկայացված Սահմանադրության նախագծին մեր կուսակցությունը դեմ է արտահայտվել՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները։ Նոր սահմանադրությամբ որդեգրված պետական կառավարման համակարգը մեզ համար ընդունելի չէր։ Երկու հայկական պետություններում կառավարման երկու տարբեր համակարգերը՝ պառլամենտարիզմ և գերկենտրոնացված նախագահական համակարգ, պետք է որոշակի բարդություններ հարուցեին։ Սակայն ԱՀ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին հաջողվեց կայունացնող դեր խաղալ ներքաղաքական գործընթացներում։ 

Կուզենայի նաև նշել, որ հանրության շրջանում նկատվում է վստահության և թերահավատության պակաս խորհրդարանի նկատմամբ։ Դա մեզ բոլորիս է վերաբերվում։ Մենք պարտավոր ենք բացահայտել նման վերաբերմունքի պատճառները, ասել, թե  ինչպիսի գործելաոճի արդյունքում է այդ անվստահությունն իհայտ եկել։ Երբ սահմանադրական փոփոխություններից հետո փոփոխության էր ենթարկվում ՙԱԺ կանոնակարգ՚ օրենքը, մեր խմբակցության կողմից առաջարկվեց ՙԱզգային ժողովի խորհրդի՚ գաղափարը. ունենալ մի մարմին, որը երևան կհանի մեր հասարակության մեջ առկա դժգոհությունների, անվստահության պատճառներն ու հետևանքները։ 

Կա նաև քաղաքական պատասխանատվության խնդիր։ Թող ինձ ներեն իմ գործընկերները, և իմ խոսքը վիրավորական չհնչի, ուղղակի, որպես ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ, ցավով ասում եմ, որ այսօր մենք ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ակտիվ դերակատարության ականատեսը չենք։

Գագիկ ԲԱՂՈՒՆՑ 

(ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ).

- Երկրի ժողովրդավարացման գործընթացում Ազգային ժողովը լուրջ դերակատարություն ունի։ Օրենսդիր մարմինն է օրակարգ բերում այն հարցերը, որոնք հասարակական հնչեղություն են ստացել, հետևաբար և, հրատապ լուծում են պահանջում։ Ազգային ժողովի վերահսկող գործառույթը կարևորում եմ ավելի լայն իմաստով. բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը դեռևս քիչ է, պետք է ունենանք վերջնական արդյունքների մի ընդհանուր պատկեր, որը գնահատելի կլինի թե՜ մասնագետների և թե՜ հանրության կողմից։ 

Մենք պետք է ունենանք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ հստակ ռազմավարությամբ։ Որպես օրինակ մատնանշեմ  ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը։ Պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ես փորձում էի պարզեցնել, թե կոնկրետ ինչ ծրագրեր են մշակվելու, դրանց իրականացման համար որ կազմակերպություններն են փոխհամագործակցելու և ով որ  ծրագրի համար է պատասխանատու։  Բայց այդ հարցերի պատասխանները մենք չունենք, դրա փոխարեն ունենք ոլորտի լղոզված պատկերը։ Դեկլարատիվ հայտարարությունները, որոնց հետևում չկան իրական գործող անձինք և կազմակերպություններ, անընդունելի պիտի լինեն մեզ համար։ Անընդհատ խոսում ենք կրթության որակի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման մասին, բայց ինձ համար դեռևս հստակ չեն այդ ամենին հասնելու ուղիները։ Դժվարություններ ունենք հատկապես տեխնիկական ուղղությունում. դպրոցներում ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա առարկաների գծով չունենք որակյալ մասնագետներ։ Հարցի մյուս կողմը. երիտասարդ և լավ մասնագետը պետք է պահանջված լինի հասարակության կողմից, ասել է թե՝ պետությունը պետք է լուծի նրա աշխատատեղի և աշխատավարձի խնդիրները։ Ինչպե՞ս հասնել այս նպատակի իրագործմանը։ Սա էլ հաջորդ բարդ խնդիրն է։ Պետբյուջեի նախագծի  քննարկումների ժամանակ իմ առաջարկությամբ մտցվեց կրթության ոլորտի օպտիմալացման վերաբերյալ հոդված՝ համապատասխան ֆինանսավորմամբ, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ից հրավիրված մասնագետների աջակցությամբ և մեր ունեցած ներուժով ի վիճակի ենք մշակել ու կյանքի կոչել նման ծրագրեր։ Պիտի ասեմ, որ քննարկումները պասիվ էին, և այսօր մենք ունենք շատ ընդհանուր ցանկություններ։ Բայց ժամանակն առաջ է ընթանում, և առաջին հերթին մեր պաշտպանության, ազգային անվտանգության ապահովումն է որակյալ կրթության պահանջ դնում։ Պետք է ունենանք տեխնիկապես պատրաստ սպաներ, ժամանակակից ռազմական տեխնիկան բարձր մակարդակով սպասարկող զինծառայողներ, ինժեներներ ու ծրագրավորողներ։ 

Տարեվերջին, սովորաբար, ամփոփում ենք մեր երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքը, նաև՝ ներքին կյանքում արձանագրված տեղաշարժերը։ Այս տեսանկյունից՝ կարևորում եմ Հայաստանում տեղի ունեցած ՙթավշյա հեղափոխությունը՚, իմ կարծիքով, դա ժողովրդի արժանապատվության զարթոնքն էր։ Ջրի երես հանվեցին պետական կառավարման գործընթացում թույլ տրված սխալները, որոնք լուրջ հարված են հասցրել մեր պետականությանը։ Հույս ունեմ, որ Հայաստանում կատարվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունը կունենան Արցախում, և մենք բարեփոխումների կգնանք ավելի հանգիստ և սահուն կերպով։

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ