ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

2018 թվականն առանձնապես նշանակալից չէր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով։ Կողմերի դիրքորոշումները (իսկ դա Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղն (Արցախ) են, ինչպես նաև հակամարտության մեջ ներգրավված Հայաստանը), շարունակում էին, ըստ էության, միանգամայն հակադիր մնալ, բանակցությունների (եթե կարելի է այդպիսիք անվանել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների ոչ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներ) որևէ առաջխաղացում չէր դիտվում, առհասարակ չէր էլ կարող լինել, քանի որ նրանց նախկինի պես չէր մասնակցում հակամարտության հիմնական կողմը՝ Արցախը։

 Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ Հայաստանի նոր իշխանություններն սկսել են առավել պարզորոշ կերպով հնչեցնել բանակցություններում Ստեփանակերտի ներկայացուցիչների լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական կողմն է հանդիսանում։ ՙԿառավարության ծրագրում հստակորեն ամագրված է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշակի ձայն ու ներգրավվածություն ունենա կարգավորման գործընթացում։ Հայկական կողմի գործողությունները միտված են խաղաղ գործընթացի շարունակմանը՝ հենց տվյալ տրամաբանության շրջանակներում՚,- մասնավորապես՝ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

Ուշագրավ է նաև այն, որ միջազգային հանրակցության ներկայացուցիչների և արտասահմանյան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներին (օրինակ, ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի) Նիկոլ Փաշինյանն առանց վարանելու կիրառել էր Ղարաբաղի պատմական անվանումը՝ Արցախ (հին Մեծ Հայքի նահանգի անվանումը)։ Ընդ որում, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը բավականին կոշտ ընդգծում էր Արցախի և Ադրբեջանի ուղղահայաց հարաբերությունների բացարձակ անհնարինությունն ու վտանգավորությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթի ժամանակ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի ենթակայության տակ դնելը նշանակում է հայ ժողովրդի նոր ցեղասպանության հնարավոր վտանգ։ ՙԱդրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում Բաքվին հարկավոր են միայն տարածքներ, այլ ոչ թե Ղարաբաղի մարդիկ՚,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով ՙՂարաբաղը չպետք է Ադրբեջանի մաս լինի, եթե ոչ մեկը չի ցանկանում հայ ժողովրդի նոր ցեղասպանություն թույլ տալ՚։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտորեն` որպես առաջնահերթություն, առանձնացնում են Արցախի բնակչության անվտանգության ապահովման ասպեկտը։
ՙԸնդգծելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու նրա անվտանգության կարևորությունը, մենք ցույց ենք տալիս, որ հակամարտությունը մեզ համար, առաջին հերթին, այն 150 հազար մարդկանց տարրական ֆիզիկական անվտանգության հարցն է, ովքեր ապրում են այնտեղ՚,- նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը որոշիչ կարևորություն ունի։ Իհարկե, Հայաստանի նախկին իշխանություններն էլ էին դիտարկում Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերն անխզելի կապի մեջ, սակայն Հայաստանի նոր ղեկավարների շուրթերից նրանք ավելի թարմ ու համոզիչ են հնչում այն համապատկերին, որ պաշտոնական Բաքուն ՙթավշյա հեղափոխության՚ արդյունքում իշխանության եկած հայկական նոր ղեկավարության հետ ՙընդհանուր լեզու՚ գտնելու և իր համար որոշակի շահեկան լուծումների հասնելու հույսեր ուներ։
Ուրախալի է, որ Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է, որ չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների վրա դրսից որևէ ճնշում` ղարաբաղյան հիմնահարցում միակողմանի զիջումների հասնելու նպատակով։
Դիտորդները նշում են, որ այս ամենը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դիրքորոշումը դարձնում է առավել կոշտ ու արմատական, իսկ դա իր հերթին խթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը, ովքեր չեն ցանկանում նախաձեռնությունն իրենց ձեռքից բաց թողնել։ Հայաստանի նոր իշխանությունների նորամուծությունների շարքում կարելի է նշել հասարակության հետ աշխատանքի` Փաշինյանի կողմից հայտարարված ոճը՝ ՙխոսք չի կարող լինել ստվերային համաձայնությունների մասին, և եթե լուծում գտնվի, ապա այն անպայման կհրապարակվի՚։
ՙԵս չեմ լուծում Ղարաբաղի հիմնախնդիրը, այն լուծում է ժողովուրդը։ Որևէ վարչապետ այսօր կա, վաղը չկա՚,¬հավելել է նա։
Ելնելով նման հայտարարություններից, կարելի է այդ առումով ճեղքման հույս ունենալ։
Ինչ վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումներին, ապա դրանք անփոփոխ են։ Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի ( ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ կայացած հանդիպման ընթացքում Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Ընդ որում, նա վերստին ընդգծել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում։ Դրա հետ մեկտեղ` Բակո Սահակյանը նշել է հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։
Միևնույն ժամանակ լայնածավալ նոր մարտական գործողությունների սպառնալիքը շարունակում է մնալ, քանի որ հրադադարի ռեժիմն ամրագրված չէ գործնական արդյունավետ մեխանիզմներով։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանա¬ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված գործուն վերահսկողության հարցը ծառացավ առանձնահատուկ հրատապությամբ։ Եվ 2016թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների գլխավոր ձեռքբերումը, ենթադրաբար, պետք է հրադադարի ռեժիմի ամրապնդման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ պայմանավորվածությունները դառնային։ Սակայն Բաքուն նորից սկսեց խուսափել ստանձնած պարտավորությունների իրագործումից, հասկանալով, որ մատնանշված մեխանիզմների ներդրումն Ադրբեջանին կզրկի ռազմական բազմամյա դիվանագիտության շարունակման հնարավորությունից՝ որպես Արցախի և Հայաստանի վրա ճնշման լծակի։
Վերոնշյալի լույսի ներքո միանգամայն ակնհայտ է դառնում, որ միջազգային մակարդակում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը չի կարող հենվել միայն ինքնապաշտպանության հնարավորությունների վրա, այլ պետք է ամրապնդվի միջազգային երաշխիքներով։
Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավոր պայմանավորվածությունը 2018թ. սեպտեմբերի վերջին Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին նրանց կարճ հանդիպման ընթացքում նպաստել է առաջնագծում խախտումների քանակի նվազեցմանը հոկտեմբերին ¬ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին։ Սակայն ամանորի նախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ, չնայած պայմանավորվածությանը, հակառակորդն սկսել է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմամարտավարական սադրիչ գործողություններ: Ընդ որում, Արցախի պաշտպանական գերատեսչությունում նախազգուշացրել են, որ ՙԱրցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն առայժմ ձեռնպահ են մնում պատասխան գործողություններից, սակայն պատրաստ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ՚։ Ճիշտ է, ամանորյա տոներին առաջնագծում տիրող իրավիճակը նորից հանդարտվել է, հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել։ Իհարկե, բոլորը հիանալի հասկանում են նման բանավոր պայմանավորվածությունների փխրունությունն ու ժամանակավոր բնույթը, քանի որ դրանք ինստիտուցիոնալ երաշխիքներ չեն ստեղծում հակամարտության գոտում կայուն խաղաղության հաստատման համար։
Եզրափակելով` կարելի է ասել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տիրող իրավիճակը շարունակում է բարդ ու ոչ միանշանակ մնալ: Պարզ է մեկ բան. պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել իր ռևանշիստական նպատակներից և առավելապաշտական դիրքորոշումներից, ինչի մասին է վկայում 2018 թվականի ավարտին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ ՙԲաքուն պարտաստ է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովել և նրանց բարձր ինքնավարության իրավունք տալ՚, կապելով դա ՙԱդրբեջանի օկուպակված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հետ՚: Այլ խոսքով, Բաքվում հուսեր են կապում հայկական կողմերի կապիտուլիացիայի և սկուտեղի վրա արդեն գրեթե 30 տարի անկախ Արցախն իրենց մատուցելու հետ, երկիր, որը պաշտպանել է իր ինքնիշխանությունն ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ ջախջախիչ հաղթանակի արդյունքում, որն այդքան թեթևամտորեն արյունոտ պատերազմ սանձազերծեց` ի պատասխան արցախցիների կողմից իրենց վաղնջական իրավունքի իրացման… Իսկ ինչ է նշանակում ՙինքնավարություն՚ ադրբեջանական մեկնաբանությամբ, արցախցիները գիտեն ոչ լսածով դեռևս խորհրդային ժամանակներից և նման հայտարարություններն ընկալում են որպես երկերեսանիություն և վիրավորանք…
Ամբողջ վերոշարադրյալի հաշվառումով, հազիվ թե արժե որևէ ճեղքման սպասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեսանելի հեռանկարում: Իսկ դա նշանակում է, որ լավ ամրացված երկու ճամբարների` լարվածության նոր սրացմամբ հղի դիմակայությունը կշարունակվի դեռ անորոշ ժամանակ: Միանշանակ կարելի է ասել միայն այն, որ եթե Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, լիիրավ հիմքի վրա ներգրավվի կարգավորման գործընթացում, ապա բանակացություններում տեղաշարժեր անպայման կլինեն: Իսկ դրա համար անհրաժեշտ են պաշտոնական Բաքվի կառուցողական տրամադրվածությունն ու քաղաքական կամքը:

 


Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ

www.russia-artsakh.ru