comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՏԱՐԱԾԸ ՔԻՉ ՉԷ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՏԱՐԱԾԸ ՔԻՉ ՉԷ...

Ընդունված կարգ է՝ յուրաքանչյուր կառույց տարեվերջին կամ նոր տարվա սկզբին տեղեկատվություն է ներկայացնում տարվա ընթացքում կատարածի վերաբերյալ։

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, ամփոփելով 2018 թվականին կառույցի կողմից որոշ ուղղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես նշել է, որ, շնորհիվ համակարգված գործունեության, հաջողությամբ կյանքի են կոչվել տարեկան բոլոր ծրագրերը: Միաժամանակ Հանձնաժողովը 2019թ. տարեկան ծրագիրն արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողով։ 

Հաշվետու տարում Հանձնաժողովը էներգետիկայի բնագավառում 4 ընկերությունների տրամադրել է փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության 5 և 11 ընկերությունների կառուցման 11 լիցենզիա: Այցելությունների միջոցով վերահսկողություն է իրականացվել հէկերի կառուցման ընթացքի և ժամկետների պահպանման նկատմամբ, իսկ խախտողների հանդեպ կիրառվել են օրենսդրությամբ սահմանված միջոցներ:
Դիտանցումներով խիստ վերահսկողություն է սահմանվել այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ` հակամրցակցային գործողությունների, գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:
2018թ. հունվար-դեկտեմբերին ուսումնասիրված 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակներից միջին գների անկում է արձանագրվել 28, գնաճ` 13 ապրանքատեսակների համար: Մնացած 39 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում: Ուսումնասիրվող ապրանքատեսակների գների բոլոր փոփոխությունները դիտարկվել են օրենքի տառին և ոգուն համապատասխան ու տրվել գնահատականներ, ասաց Հ. Ղահրամանյանը։
Իրականացվել է նաև ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ 4-ով նվազել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների քանակը: Դա ցույց է տալիս, որ շուկայում առկա է մրցակցություն և այն ավելի է ազատականացվել, ինչն էլ իր ազդեցությունն է թողել գնագոյացման քաղաքականության վրա:
Բացի այդ, տարվա կտրվածքով տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում կառույցի կողմից իրականացված գնագոյացման և ապրանքային շուկաների կառուցվածքի 116 ուսումնասիրությունների և շաբաթական դիտանցումների արդյունքում բացառվել են գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես՝ չհիմնավորված գների կիրառման դեպքեր:
Հ. Ղահրամանյանի խոսքով՝ 2018թ. Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորի միջև մի քանի փուլերով ընթացած քննարկումների և բանակցությունների շնորհիվ հաստատվել են ընկերության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների նոր` 32 նվազեցված սակագներ: Պարբերաբար անց են կացվել ռադիոընկերություններին տրամադրված ռադիոեթերների մոնիթորինգներ՝ Արցախում 2432 ժամ, իսկ Հայաստանում` 690 և 145 ժամ:
Անդրադառնալով այլ կառույցների հետ համագործակցությանը` Հ. Ղահրամանյանը նշել է, որ Հանձնաժողովը սերտ համագործակցության մեջ է եղել ՀՀ գործընկեր կառույցների հետ, մասնակցել տարբեր քննարկումների ու միջազգային սեմինարների։ Բացի այդ, գործընկեր հանձնաժողովների հետ իրականացվել են նախընտրական քարոզարշավին վերաբերող հեռուստառադիոհաղորդումների մոնիթորինգ և ինստիտուցիոնալ համագործակցություն՝ տարբեր բնագավառներում:
Հանրագումարի բերելով կատարվածը` կառույցի ղեկավարը հավելել է, որ 2018 թվականին Հանձնաժողովն անց է կացրել 18 նիստ, հանրային հնչեղություն ունեցող հարցերին վերաբերող 28 խորհրդակցություն: Նիստերում քննարկվել է 90 հարց, ընդունվել 79 նորմատիվ, իրավական և անհատական որոշում։ Շրջանառվել են տարբեր բովանդակության 1800-ից ավելի գրություն, որոնցից 11-ը` դիմում-բողոք, մեկնաբանություն: Դրանք քննարկվել են, տրվել համապատասխան լուծումներ: Տարբեր ձևաչափերով քննարկվել են նաև հանրության շրջանում լայն արձագանք ստացած ներտնային գազասպասարկման վճարների ներդրման, պայմանագրերի վերակնքման և հացի գնի թանկացման հարցերը: Պայմանագրերի վերակնքման ժամկետի երկարաձգումը և հացի գնի պահպանումը արդյունք է նաև այդ քննարկումների:
Տարվա ընթացքում անց են կացվել հանդիպումներ և բազմաբովանդակ քննարկումներ ԱՀ ԱԺ-ի պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տրվել համապատասխան պարզաբանումներ:
ՙՀամոզված եմ, որ նույն վստահությամբ և նվիրումով կաշխատենք նաև 2019 թվականին ու հաջորդող բոլոր տարիներին, կկարողանանք վերացնել բացթողումները և հաջողությամբ լուծել այն հիմնախնդիրները, որոնց իրավասությունը վերապահված է մեր Հանձնաժողովին՚,- եզրափակել է Հակոբ Ղահրամանյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ