comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստ է հրավիրել, որտեղ հանդես է եկել ընդարձակ ելույթով։ Այն աչքի է ընկնում բացահայտ քարոզչական շեշտադրումներով, որոնց նպատակը մեկն է՝ հանրությանը ներշնչել, որ Ադրբեջանը ՙդինամիկ զարգացող երկիր է, հանդիսանում է տարածաշրջանի առաջատարը եւ աշխարհում հայտնի է որպես կայունության եւ սոցիալական համերաշխության օրինակ՚։ 

 

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։ Տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Թբիլիսիում վրաերթի են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացի մի խումբ բանվորներ, որոնք աշխատում էին շինարարությունում։ Կարճ ժամանակ անց, իհարկե, լուրը ենթարկվեց քարոզչական խմբագրման՝ իբր այդ մարդիկ Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիներ են։ Հնարքի իմաստը պարզ է. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին տարիներին երկրում ստեղծվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր, եւ այդ համատեքստում պաշտոնական քարոզչությունը պետք է փորձի հերքել իրողությունը, որ մարդիկ զանգվածաբար արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եւ այլ երկրներ։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ մախաթը պարկում չես թաքցնի։
Օրերս Ղազախստանի հեռուստաընկերություններից մեկը հաղորդում է տարածել Ակթաու քաղաքում իրենց գոյությունը քարշ տվող ադրբեջանցիների մասին։ Այդ մարդիկ Ղազախստան են մեկնել արտագնա աշխատանքի եւ զբաղված են եղել Ակթաուի շինարարական կազմակերպություններից մեկում։ Ակթաուի քաղաքապետարանը, ինչպես հաղորդման մեջ է ասված, չի կարողացել ժամանակին ֆինանսավորել շինարարական կազմակերպությանը, որը խրվել է պարտքերի մեջ։ Շինարարական աշխատանքներում զբաղված են հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք արդեն երրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել։
Դատելով այն տեղեկատվությունից, որ նրանց արտաքսել են վագոն-տնակներից, կարելի է եզրակացնել, որ շինարարական կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, եւ աշխատակիցներն ու բանվորները մատնվել են պարապուրդի։ Ըստ ղազախական հեռուստաալիքի՝ եկամուտներից եւ բնակության վայրից զրկված ադրբեջանցիների համար սպառվել է նաեւ աշխատանքային վիզայի ժամկետը, եւ նրանք կարող են պարզապես արտաքսվել Ղազախստանից։ Ինչպես ասել է ադրբեջանցի բանվորներից մեկը՝ մարդիկ ապաստան են գտել ծանոթների մոտ եւ հույս չունեն, թե կստանան իրենց հասանելիք գումարները եւ կկարողանան մեկնել Ադրբեջան։
Ղազախստանում Ադրբեջանի դեսպանությունը որեւէ կերպ չի միջամտել իր երկրի քաղաքացիներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում, ոչ մի օգնություն չի ցուցաբերել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանի մոտ մեկուկես միլիոն քաղաքացի արտագնա աշխատանքի է Ռուսաստանում։ Թուրքիայում ադրբեջանցի աշխատանքային միգրանտների մասին վիճակագրական տեղեկություններ չեն հրապարակվում։ Մամուլում երբեմն ակնարկներ են հանդիպում, որ Նախիջեւանի աշխատունակ բնակչության մեծ մասն օրվա ապրուստը վաստակում է Թուրքիայում։ Վերջին հրապարակումները փաստում են, որ ադրբեջանցի աշխատանքային միգրանտների տարածման աշխարհագրությունը բավականին լայն է։
Փաստորեն, նախկին խորհրդային տարածքի տնտեսապես քիչ թե շատ գրավիչ երկրներում կան ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ։ Դա վկայում է, որ հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի եւ սոցիալ-տնտեսական կայունության մասին Ադրբեջանի նախագահի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Իրականություն է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ սոցիալական բեւեռացման երկիր, որտեղ պետական բյուրոկրատիան եւ տնտեսական օլիգարխիան ծաղկում են, իսկ միլիոնավոր մարդիկ՝ մատնվում թշվառության։


Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ