comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ Է, ԲԱՅՑ՝ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ Է, ԲԱՅՑ՝ ՈՉ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍՔՈՎ

ԵԱՀԿ-ում նախագահությունը 2019 թվականին Իտալիայից փոխանցվեց Սլովակիային։ Հունվարի սկզբին պաշտոնական Բրատիսլավան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի շուրթերով իրազեկեց, որ նախագահող երկրի առաջնահերթությունները կլինեն առկա հակամարտությունների կարգավորումը, հասունացող հակամարտությունների կանխարգելումը, հատուկ ուշադրություն կդարձվի Արևելքում տիրող իրավիճակին։

Սլովակիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունն իրենց համար մարտահրավեր է և հնարավորություն՝ համաշխարհային մասշտաբով ցուցադրելու իրենց դիվանագիտական կարողությունները։ Բրատիսլավան գտնում է, որ կարող է ազնիվ միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ՝Այս կարգի հանդիպումները կարևոր են այն առումով, որ ապահովում են խաղաղ գործընթացի շարունակականությունը։ Կարևոր էր նաև հակամարտող կողմերի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղերձը, որը տեղ էր գտել Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։
Ինչի՞ հասավ Ադրբեջանը 2018-ին իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայատյաց քաղաքականության և չընդհատվող ռազմաշունչ հռետորաբանության արդյունքում։ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում գնահատական է տվել ղարաբաղյան խաղաղ կարգավորման ներկա փուլին՝ ընդգծելով, որ բանակցությունները, որպես այդպիսիք, չկան դեռևս 1997 թվականից, երբ Արցախը դուրս մնաց գործընթացից։ Մենք այժմ մաքոքային դիվանագիտության ականատեսն ենք. համանախագահները փորձում են կողմերի հետ որոշ հարցերի շուրջ պայմանավորվել, որից հետո անցնել բովանդակային բանակցությունների։ Հայկական կողմի համար կարևորը միջնորդների նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպումների դինամիկայի ապահովումն է։ Տարվա ընթացքում արձանագրված դրական զարգացումն առաջնագծում լարվածության թուլացումն է։
Վերադառնանք Սլովակիայի ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարությանը։ Որպես ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնած պետություն` այս երկիրը, բնականաբար, իր կարգավիճակին հարիր կեցվածքով պիտի հանդես գա։ Բայց դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը շատ դեպքերում չեն համադրվում։ Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սլովակիա-Ադրբեջան հարաբերություններին և հիշեցնել զենքի ապօրինի մատակարարումների աղմկահարույց պատմությունը, ինչին միջազգային հանրությունն իրազեկվեց սլովակյան մամուլի միջոցով, անցած ամռանը։ Սլովակիայից Ադրբեջան են առաքվել հաուբիցներ և համազարկային կրակի հրթիռային համակարգեր: Չեխիայում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը հայտարարություն էր արել առ այն, որ այդ զինատեսակները վտանգավոր են, և Սլովակիայից դրանց արտահանումը կարող է խաթարել ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, այլև Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների պատկերը։ Նշված զենքերը Սլովակիայից տարանցվել են Իսրայելով և հասցվել Ադրբեջան։ Դեսպանը, մատնացույց անելով սլովակյան իշխանությունների համաձայնությամբ տեղի ունեցած գործարքը, իր հայտարարության մեջ շեշտել էր, որ ՙմահաբեր զենքն արտահանվում է մի այնպիսի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգո՚։
Զենքի ապօրինի մատակարարման փաստի հրապարակումը մեծ հարված հասցրեց Սլովակիայի միջազգային վարկանիշին։ Հայաստանը դրան արձագանքել է ոչ միայն դեսպանի, այլև խորհրդարանական մակարդակով։ Իսկ Արցախի արտգործնախարար Մայիլյանն իր ասուլիսում Սլովակիայի ԱԳՆ-ից հնչած հայտարարությանն առնչվող հարցին ի պատասխան ասել է, որ դա ստանդարտ հայտարարություն է, բայց ողջունելի է այդ երկրի մոտեցումը՝ ՙազնիվ միջնորդի՚ դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Սակայն խաղաղ կարգավորման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն։
2018-ին, երբ ԵԱՀԿ-ում նախագահող պետության կարգավիճակ ուներ Իտալիան, Ադրբեջանը մի առանձին պաթոսով քարոզում էր ՙՀարավային գազային միջանցք՚ նախագիծը, որով նախատեսվում է Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների արտահանում Եվրամիության երկրներ, այդ թվում՝ Իտալիա։ Ուշագրավ զարգացումներ եղան ՙՄիջանցքի՚ իտալական հատվածի հետ կապված։ Նախագծի համաձայն՝ գազն Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստան և Թուրքիա (դա արդեն կառուցված Տրանսանատոլիական (TANAP) խողովակաշարն է), այնուհետև պետք է դուրս բերվի եվրոպական երկրներ՝ Հունաստան, Բուլղարիա, Ալբանիա և հասնի Իտալիա։ Երկրորդը կոչվում է Տրանսադրիատիկ խողովակաշար (TAP), որի կառուցումը նախատեսվել է ավարտին հասցնել 2020 թվականին։ Իտալական կառավարությունը, սակայն, իր տարածքով գազատար անցկացնելուն դեմ էր արտահայտվել։ Անցած տարվա հունիսի սկզբներին ադրբեջանական վերնախավի շահերը սպասարկող լրատվամիջոցը մեծ ցավով իրազեկեց, որ Իտալիայի կոալիցիոն կառավարությունում Բնական միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերջո Կոստան ՙանիմաստ է համարում իր երկրին ոչ անհրաժեշտ խողովակաշարի կառուցումը՚։ Իտալիան գազի կարիք չունի, բացի այդ, գազատարի կառուցումը բնապահպանական ռիսկեր է իր մեջ պարունակում։
Կոալիցիոն կառավարության դիրքորոշումն անաչառ էր նախևառաջ այն առումով, որ ԵԱՀԿ-ում նախագահում էր Իտալիան, որը հստակ պատկերացնում էր Ադրբեջանի նպատակը՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում շահարկել Տրանսադրիատիկ խողովակաշարի ՙկարևորությունը՚։ Երկրորդ նպատակը երկրում առկա բռնապետական ավանդույթների քողարկումն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են եվրոպական կառույցները։
Վերը շարադրված փաստերն ինքնանպատակ չեն։ ԵԱՀԿ-ն ներկայացնում է եվրոպական տարածաշրջանը, որը նույնպես ուժային կենտրոն է իրենից ներկայացնում, և եվրոպական անվտանգության ապահովման գործընթացում կարևորում է թե՜ տարածաշրջանի և թե՜ նրա հարևանությամբ գտնվող պետությունների քաղաքական կայունությունը։ Սլովակիան մտադիր է համաշխարհային մակարդակով ցուցադրել իր դիվանագիտական հնարավորությունները։ Արտաքին աշխարհի համար այդ հնարավորությունները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Միջազգային հանրությունն արդեն իրազեկված է Ադրբեջան- Սլովակիա աղմկահարույց ռազմական գործարքին, հետևաբար, Բրատիսլավան պետք է մտածի դիվանագիտական այն հնարավորությունների մասին, որոնք ողջունելի կլինեն խաղաղության պահպանմամբ շահագրգիռ պետությունների համար՝ ԵԱՀԿ-ում և նրանից դուրս։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ