comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆ՝ ԷՔՍՊԱՆՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆ՝ ԷՔՍՊԱՆՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մամուլում հրապարակումներ են տարածվել, որոնց աղբյուրը ՙԿոմերսանտն՚ է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է հայտնել Ադրբեջանին ՙԲալ Է՚ կարգի առափնյա պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու հարցում, եւ գրեթե պատրաստի համաձայնագիրը չի ստորագրվել։ Ընդ որում, ՌԴ ՊՆ մասնագիտական եզրակացության մեջ ասված է, որ նման գործարքը կարող է սպառնալ Կասպից նավատորմիղի անվտանգությանը։ 

 Եթե ասվածը փոխադրենք առօրյա ոճի, ապա կստացվի, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հեռանկարում չի բացառել Ադրբեջանի հետ Կասպից ավազանում ռազմական բախման հավանականությունը։ Առաջին հայացքից դա չափազանց արտառոց է թվում՝ նկատի ունենալով երկու երկրների ռազմական ներուժի անհամեմատելիությունը։ Բայց ռազմական ստրատեգիան նրա համար է, որպեսզի ցանկացած տեսական հնարավորություն դիտարկի, եւ ըստ այդմ ձեռնարկվեն հակազդեցության քայլեր։ Միայն այդ փաստը բավական է, որպեսզի պարզ լինի, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, բարեկամական հարաբերությունների մասին խոսակցությունները միայն քարոզչություն են՝ նախատեսված ներքին սպառման համար։ 

Գործնականում, ինչպես ցույց է տալիս ՙԲալ Է՚ հրթիռային համակարգի հետ կապված պատմությունը, Ռուսաստանը խիստ կասկածանքով է վերաբերվում Ադրբեջանի միլիտարիզացմանը, մանավանդ՝ Կասպից ավազանում, որտեղ խաչվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը։ Դա է, թերեւս, շարժառիթը, որ Ռուսաստանը որոշել է Կասպից նավատորմիղի գլխավոր ռազմահանգրվանն Աստրախանից տեղափոխել հարավ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաք։ Ֆորմալ պատճառաբանությունն այն է, որ Աստրախանի նավահանգիստը ձմռանը սառչում է։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակները դրան հավատ չեն ընծայում եւ հակված են Ռուսաստանի այդ որոշումը բացատրել Կասպից ավազանի ենթադրվող կոմունիկացիաները վերահսկողության տակ պահելու ռազմավարությամբ։
Բաքվում, ընդսմին, վարկած են առաջադրել, որ ստորագրվել է ռուս-իրանական համաձայնագիր, որի շրջանակներում Իրանը Կասպից ծովով Ռուսաստան նավթ կառաքի, որը կվաճառահանվի որպես ռուսական, բայց հասույթը բաժին կհասնի Իրանին։ Անուղղակի ակնարկներ կան, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում քննարկել է Կասպից ծովում իրանական լցանավերի տեղաշարժը հետախուզելու հարցը։ Բացառված չէ, որ ռուսական նավատորմիղի վերաբազավորումը նաեւ Ադրբեջանի հակաիրանական գործողությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Ռուս-ադրբեջանական անվստահության մի պատճառ էլ, հնարավոր է, կապված է վերջերս Իլհամ Ալիեւի Թուրքմենստան կատարած այցի հետ։ Այդ կապակցությամբ ակնարկներ եղան, որ քննարկվել է Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցը։ Մինչեւ վերջին ժամանակներս այդ խնդիրը գտնվում էր մերձկասպյան բոլոր երկրների համաձայնության տիրույթում։ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանում իշխող կարծիքն այն է, որ Տրանսկասպյան գազատարի կառուցումը կարող է իրականություն դառնալ թուրքմենա-ադրբեջանական փոխադարձ համաձայնությամբ։
Ռուսաստանն, ըստ երեւույթին, այդ մոտեցումը չի կիսում եւ Կասպից նավատորմիղի արդիականացման եւ վերատեղաբաշխման քայլերով հասկացնում է, թե այդ բարդ տեղաշրջանում ով է ՙեղանակ պատվիրում՚։ Ռուսաստանի այս քայլերն ունեն ռազմավարական ծրագրավորման նշանակություն։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ոչ միայն Հայաստանի եւ Իրանի ու Վրաստանի, այլեւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Բաքվում Դաղստանի հարավային շրջանները համարում են ՙպատմական Ադրբեջանի անբաժանելի մաս՚։ Ադրբեջանի թիրախում են հատկապես Դերբենտ քաղաքն ու համանուն շրջանը, որտեղ էթնիկ ադրբեջանցիներն զգալի թիվ են կազմում։ Ահա այդ հավակնությունները զսպելու համար է, որ Ռուսաստանը Կասպից նավատորմիղն Աստրախանից վերաբազավորում է Դաղստանի Կասպիյսկում եւ առափնյա պաշտպանության հրթիռային համակարգեր չի վաճառում Ադրբեջանին։
Ակնհայտ է, որ այսուհետ Ադրբեջանն ստիպված է լինելու Կասպից ավազանում սեփական ռազմածովային ուժերն արդիականացնել եւ սպառազինել արդիական զինատեսակներով։ Դրա համար կպահանջվեն ֆինանսական մեծ միջոցներ։ Բայց, ինչպես ասում են, վիճակը նետված է։ Ռուսաստանը եւ Իրանը, երեւում է, որդեգրել են Կասպից ավազանում Ադրբեջանի հավակնությունները զսպելու ռազմավարություն, որն այլ բան չէ, քան՝ երկրորդ ճակատ։ Ի՞նչ ազդեցություն կթողնի այդ մրցավազքը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրավիճակի վրա։ Բացառված չէ, որ Կասպից ավազանում ադրբեջանական էքսպանսիոնիզմի չեզոքացումը որոշակիորեն սահմանափակի Բաքվի հավակնությունները նաեւ հայ-ադրբեջանական դիմակայության ճակատում։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ