comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՄԻՏԱՑԻԱ՝ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄԻՏԱՑԻԱ՝ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ

Ստրասբուրգում հունվարի 21-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում տեղի ունեցան լսումներ ադրբեջանցի բլոգեր, Իլհամ Ալիևի ռեժիմը քննադատելու համար երկամյա բանտարկության մեջ գտնվող Մեհման Հուսեյնովի և մյուս քաղբանտարկյալների գործերով։

Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցող Շտեֆան Շեննախն իր ելույթում մտահոգություն հայտնեց ադրբեջանցի բլոգերի կողմից հայտարարված հացադուլի կապակցությամբ և իշխանություններից պահանջեց անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Կոշտ քննադատություն է հնչել ալիևյան ռեժիմի հասցեին, որը հետապնդում է այլախոհներին, ոտնահարում սեփական քաղաքացիների իրավունքները։ Լսումների մասնակիցները միակարծիք էին, որ ալիևյան վարչակազմի քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների քաղաքականությունը հակասում է Եվրոպայի խորհրդի առջև նրա ստանձնած պարտավորություններին։

Նստաշրջանի մեկնարկից երկու օր առաջ քաղբանտարկյալներին ազատելու պահանջով Բաքվում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց, որն ընթացավ ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո, ինտերնետ կապի արգելափակման պայմաններում։ Նույն օրը Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան առջև մի խումբ ցուցարարներ, ի պաշտպանություն բլոգերի, կոչեր հնչեցրին՝ պաշտոնական Բաքվին հասկանալ տալով, որ չի կարելի բանտարկել այն մարդուն, ով չի խախտում իր երկրի օրենքները, բայց ունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ցույցի նախաձեռնողներն իրավապաշտպան կազմակերպություններ էին, որոնք կոչ են ուղղել ԱՄՆ քաղաքական գործիչներին և ֆինանսական կազմակերպություններին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանությանը, բազմակարծությանն ու ժողովրդավարությանը, դադարեցնել ավտորիտար ռեժիմի հետ համագործակցությունը։
Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքի տեղեկություններով՝ Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանությունը խուսափել է որևէ մեկնաբանություն տալուց։
Ի՞նչ է արել Մեհման Հուսեյնովը։ Նա քննադատել է 2017-ի փետրվարին Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու որոշումը։ Նախքան այդ նշանակումը՝ Ալիևի կառավարությունը ձեռնամուխ էր եղել քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների կալանավորմանը՝ կանխելու իշխանության ամրապնդման և վիճելի նշանակման շուրջ այլախոհության ցանկացած դրսևորում։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ալիևյան վարչակազմը միջազգային հանրության ճնշման ներքո։ Այն ժամանակ, երբ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում բուռն քննարկումներ էին ընթանում այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց փոխել Հուսեյնովի ճակատագիրը, բնականաբար, միջազգային աղմուկը փոքր-ինչ մեղմացնելու նպատակով։ Կարելի է բանտից հանել մեկ բլոգերի, բայց ոչ բոլոր քաղբանտարկյալներին, ինչը չի խանգարի զուգահեռաբար ուժեղացնել բռնապետական ռեժիմը, խոչընդոտել ընդդիմության ցույցերին՝ առավելագույնս սահմանափակելով խոսքի ազատության արտահայտությունները։
Որպես հիմնավորում՝ վկայակոչենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունը։ ՙՀաշվի առնելով Հուսեյնովի երիտասարդ լինելը, որ նա արդեն իրեն ուղղելու ճանապարհին է, որ ընտանիքում տարեց հայր ունի, նրա կողմից կատարված նվազ ծանր հանցագործությունը, որը հասարակության համար վտանգ չի ներկայացնում, դադարեցնել քրեական գործի վարույթը՚։
Հաղորդագրությանը հետևել է ադրբեջանական պաշտոնական աղբյուրի հրապարակումն առ այն, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը ողջունում է Ադրբեջանի հետաքննության մարմինների կողմից Մեհման Հուսեյնովի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթի դադարեցումը։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, սակայն, գործի դադարեցմանը չէր միայն նվիրված։ Նրանում տեղ են գտել նաև սպառնալիքներ, որոնք առաջին հերթին տեղեկատվական միջոցներին են ուղղվել. ՙԳլխավոր դատախազությունը նախազգուշացնում է ԶԼՄ-ներին, որոնք անձնական և քաղաքական նպատակներից դրդված՝ արհեստական աղմուկ են բարձրացրել Մեհման Հուսեյնովի շուրջը։ Երկրի կայունության դեմ ձեռնարկված ցանկացած հակաօրինական գործողություն վճռականորեն կկասեցվի՚։
Ունենք մի պարզ պատկեր։ Իլհամ Ալիևի վարչակազմը ժողովրդավարության իմիտացիա է անում՝ ի փրկություն երկրի միջազգային վարկանիշի, հընթացս էլ ամբողջատիրական ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկում։
Խնդրի մյուս կողմն էլ այն է, թե ինչպիսի սկզբունքայնություն է դրսևորում եվրոպական այն կառույցը, որը քննդատում է ադրբեջանական իշխանություններին՝ դնելով քաղբանտարկյալների ազատության խնդիրը։ Իրականությունը ցույց է տալիս, որ նրանք էլ իրենց հերթին են իմիտացիա անում։ Հիմնավորենք։ Հունվարի 21-ին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հրապարակվել է անդամ պետությունների պատվիրակությունների կազմը։ ՙMeydan՚-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։
Նման բան չպիտի տեղի ունենար։ 2018-ի ապրիլին Վեհաժողովի կոռուպցիայի հարցերով հետաքննող խումբը հրապարակել է 17 պաշտոնյաների անուններ, որոնք Վեհաժողովի կուլիսներում կոռուպցիոն գործարքներ են իրականացրել։ Նրանց թվում էին Սամեդ Սեիդովը և ադրբեջանական պատվիրակության ևս երկու ներկայացուցիչ՝ Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը։ Մայիսի 16-ին որոշում էր ընդունվել պատժամիջոցներ կիրառել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի, փոխնախագահ Սեիդովի և այլ պատվիրակների նկատմամբ։ Նրանք մեղադրվել են կոռուպցիայի և ԵԽԽՎ վարքականոնը խախտելու մեջ։ Սեիդովի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են երկու տարով, նրան արգելվել է կառույցում բարձր պաշտոններ զբաղեցնել։
Երկու տարին դեռ չի լրացել, բայց ադրբեջանական պատվիրակության ղեկավարը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ։ Վեհաժողովը չի՞ հարգում իր որոշումները, հետքա՞յլ է անում կոռուպցիայի դեմ իր հայտարարած պայքարից և արժեզրկում իր վարքականոնը։ Ստացվում է, որ այս կառույցն էլ իր հերթին զբաղված է ժողովրդավարության իմիտացիայով։
Մի խոսքով՝ մենք ապրում ենք իմիտացիոն իրականության մեջ. Եվրոպայի խորհրդի կողմից հռչակված արժեքները և ալիևյան ավտորիտար ռեժիմի կանոնները կարծես շփման եզր էլ ունեն։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ