comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բագրատ ԷՍՏՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԻՄՆՎԱԾ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
[ARM]     [RUS]     [ENG]

Բագրատ ԷՍՏՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԻՄՆՎԱԾ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Թուրքիայի հայ համայնքի համար շարունակում են օրակարգային հարցեր մնալ Հայոց պատրիարքի, ինչպես նաև համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունները։ Այս և այլ հարցերի վերաբերյալ ՙԱրմենպրես՚-ը զրուցել է ՙԱկոս՚ պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

-Պարոն Էստուկյան, 2019 թվականին Թուրքիայի հայ համայնքի համար ի՞նչ օրակարգային հարցեր կան ծառացած։
-Վերջին 10 տարիներին շատ հստակ օրակարգային հարց կա, այն է՝ պատրիարքի ընտրությունը։ Գիտեք, որ երկար ժամանակ է Հայոց պատրիարք տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդ է, գիտակցությունը կորցրել է և չի կարող պաշտոնով պայմանավորված իր պարտականությունը կատարել։ Հետևաբար` պատրիարքական աթոռը թափուր է։ Փոխանորդ նշանակվել է, սակայն նա ընտրված չէ։ Հետևաբար, չենք կարող իրենից ակնկալել պատրիարքի պարտականություններ։ Սա մեզ համար կարևոր խնդիր է։
Սրանից բացի, խնդիր կա՝ կապված համայնքային հաստատությունների վարչությունների ընտրությունների հետ։ Տևական ժամանակ է` այդ ընտրությունները չեն կայանում։ Մեզ մոտ ունենք ավելի քան 35 հաստատություն, որոնց վարչություններն ընտրվում են ժողովրդի ձայնով։ Պետությունն արգելք է դառնում մեզ համար, պատճառաբանում է նոր կանոնագրի ձևավորումը, որը մինչ այսօր արված չէ, հետևաբար՝ ստիպված սպասում ենք այդ նոր կանոնագրին։ Ի դեպ, այս խնդիրը միայն մերը չէ, դրա հետ առնչվում են նաև հույները, հրեաները։ Իրենք էլ մեզ նման դեռ զրկված են այդ իրավունքից։
Այս ընտրությունների կայացումը մեզ համար կարևոր է, որովհետև դրանց չկայանալը համայնքում միասնականության բացակայության պատճառ է դարձել։ Համայնքում բևեռացում կա, ինչը մեր աշխատանքները դժվարացնում է, այս
բոլորն առաջնորդի պակասից են ծագում։
-Իսկ նախադրյալներ կա՞ն, որ առաջընթաց կլինի այդ երկու հարցերի հետ կապված։
- Շատ հստակ նախադրյալներ, ակնկալիքներ չկան, որովհետև հստակ պահանջատիրություն չկա իշխանավորների կողմից։ Իշխանավոր ասելով՝ նկատի ունեմ պատրիարքարանի եկեղեցին, մի շարք կարևոր հաստատությունների ներկայացուցիչների։ Հայտարարությունների ժամանակ նշում են, որ իրենք էլ ցանկանում են պատրիարքի ընտրություններ, սակայն քայլերի չեն դիմում։
-Ասացեք, խնդրեմ, Թուրքիայում հայկական կրթական հաստատությունները պահելու հետ կապված ի՞նչ անելիքներ կան ընթացիկ տարում։ Ինչի՞ աջակցության կարիք ունեն հայկական դպրոցները։
-Այդ խնդիրներն ավանդաբար իրենց լուծումը գտնում են։ Պետք է խոստովանել. որոշ հետընթաց կա հայախոսության, հայկական վարժարան հաճախելու առումով։ Տարբեր տարիքային աշակերտների թիվն է նվազել։ Ամեն դեպքում հայկական կրթական հաստատությունների ուսումնական գործընթացը կազմակերպվում է, բնականոն հունով աշխատանքները շարունակվում են։ Ինչ վերաբերում է նոր գրականության, ուսուցիչների վերապատրաստման հարցերին, ապա այդ առումով միշտ անելիք կա։ Դպրոցներն իրենց ուսուցիչներին վերապատրաստելու համար տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս։
-Պարոն Էստուկյան, մենք այս օրերին տեսնում ենք, թե հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն ինչպես է հետապնդումների ենթարկվում։ Սա, ըստ Ձեզ, ինչի՞ կարող է հանգեցնել։
-Կարո Փայլանի անդամակցած կուսակցության ղեկավարը բանտում է, նրանից բացի, այլ գործիչներ ևս բանտում են։ Հետևաբար` չեմ բացառում, որ այս համատեքստում Կարո Փայլանի համար ևս սպառնալիք լինի։ Հիմա փորձ է արվում նրան անձեռնմխելիությունից զրկել։ Կարոյի ելույթներն իշխանություններին մտահոգում են, նրա ելույթների հետ հաշտվելն իրենց համար երկրին ուղղված վտանգի սպառնալիքին հավասար է։ Կարոն նույնպես Հրանտի նման Հայոց ցեղասպանության հարցն է բարձրացնում։
-Մի հարց էլ՝ Ստամբուլում հայկական անունով փողոցի անվանափոխության մասին։ Տեղեկատվություն եղավ, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում Տատյան փողոցը թուրքական անվամբ փոխարինելու որոշում կա։ Այս քայլն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Այն աննշան փողոց է, որը հայկական եկեղեցու և դպրոցի միջև է գտնվում։ Փողոցի հայկական անունը շատ տեղին էր դրված և համարժեք էր, որովհետև Տատյանը դպրոցի հիմնադիրն էր։ Տեղական մարմինը որոշեց անվանափոխություն անել։ Ես կարող եմ ասել, որ Թուրքիայի հիմնական քաղաքական միտքը հիմնված է հայատյացության վրա։ Որոշ շրջանակներ միգուցե ձերբազատվում են այդ ըմբռնումից, սակայն իշխող ընդհանուր գաղափարախոսությունը հիմնված է դրա վրա։ Հետևաբար` փողոցի անվանումը փոխելը պատահական չէ, մենք իրավիճակը ներկայացրինք այսպես՝ ՙալերգիա՚ հայկական անունից։