comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում սառնությունը կարելի է համարել փաստ։

Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ երկու երկրների միջեւ առաջացել է տարաձայնությունների մի ամբողջ կծիկ՝ կապված թե՜ քաղաքական, թե՜ տնտեսական խնդիրների հետ։ Ադրբեջանական քարոզչությունը բաց տեքստով վրացական իշխանություններին մեղադրում է իրենց տարածքում, այսպես կոչված, հակաալիեւյան ընդհատակի համար գործունեության բավարար պայմաններ ստեղծելու մեջ, դա համարում Իլհամ Ալիեւի դեմ թշնամական քայլ։ 

Իրավիճակը հատկապես երեւակվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական հատուկ ծառայություններն անցյալ տարի Թբիլիսիում առեւանգեցին լրագրող Աֆղան Մուխթարլիին։ Միջադեպը լայն արձագանք գտավ վրաց քաղաքական եւ հանրային շրջանակներում, Վրաստանի իշխանությունները ենթարկվեցին սուր քննադատության եւ ստիպված էին անցկացնել ծառայողական հետաքննություն։ Հետագայում, իհարկե, միջադեպը համարվեց հարթված, բայց, երեւում է, պաշտոնական Թբիլիսին կատարվածից լուրջ հետեւություններ է արել։ Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը փորձել է հասնել նրան, որ ալիեւյան ռեժիմից դժգոհ եւ Վրաստանում ապաստան գտած մյուս հանրային գործիչները եւ լրագրողները, որոնցից շատերի դեմ Ադրբեջանում քրեական գործեր կան հարուցված, Թբիլիսիում ձերբակալվեն եւ արտահանձնվեն, սակայն վրացական իշխանությունները, ելնելով Մուխթարլիի գործի դառը փորձից, չեն ընդառաջել։ Կան նաեւ վրաց-ադրբեջանական լարվածության այլ նշաններ։
Երկու երկրների միջեւ պաշտոնական շփումների մակարդակն աննախադեպ իջել է։ Դրությունը, երեւում է, չի բարելավվել նաեւ Դավոսում Ադրբեջանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հանդիպումից հետո։ Այդ թեմայով, համենայն դեպս, փորձագիտական արձագանքներ չկան, ինչը վկայում է, որ կողմերը որեւէ սկզբունքային առաջընթացի չեն հասել։ Վրաց-ադրբեջանական այս լարվածությունն ինչ-որ ձեւով պետք է դրսեւորվեր։ Եւ ահա առիթը ներկայացել է։ Ըստ մամուլի հրապարակումների, անցած շաբաթ Ախալքալակի մունիցիպալ տարածքում բացվել է Արցախյան պատերազմի զոհ Միքայել Ավագյանի հուշարձանը։ Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության ղեկավարը, այլ ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Արցախյան պատերազմի զոհ Միքայել Ավագյանի հուշարձանի վերակառուցումն, անկասկած, համաձայնեցված է տեղական իշխանությունների հետ։ Բայց այդ մասին տեղեկատվությունն ադրբեջանական մամուլում մի շարք հրապարակումների առիթ է հանդիսացել, քննարկվել նույնիսկ Միլլի մեջլիսի պատգամավորի մակարդակով։ Այդ ամբողջ տեղեկատվության ենթատեքստում ակնհայտ է ադրբեջանական կողմի սուր դժգոհությունը վրացական իշխանություններից։ Թեման, պարզվում է, ունեցել է զարգացում։ Հունվարի 24-ին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դուրսուն Հասանովն այցելել է Վրաստանի ԱԳՆ եւ ներկայացրել Ադրբեջանի դժգոհությունը եւ բողոքը՝ Ախալքալակում Միքայել Ավագյանի հուշարձանի բացման փաստի կապակցությամբ։ minval.az/ news/123858366:
Նույն օրն Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հրավիրվել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան պաշտոնական բողոք է ներկայացվել, ինչպես նաեւ պահանջ՝ ՙձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ վերացնելու նշված միջադեպը՚։ Ասվածից հասկացվում է, որ Ադրբեջանը Վրաստանին ներկայացրել է Ախալքալակում Միքայել Աավգյանի հուշարձանն ապամոնտաժելու պահանջ։ Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունից չի երեւում, թե Վրաստանի դեսպանն ինչպե՞ս է արձագանքել իրեն ներկայացված պահանջին կամ ի՞նչ պատասխան է ստացել Ադրբեջանի դեսպանը Վրաստանի ԱԳՆ-ում։ Այդուհանդերձ, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է մի կրակոցով երկու թիրախ խոցել՝ հասնել Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժմանը եւ լարվածություն սադրել հայ-վրացական հարաբերություններում։ Հասկանալի է, որ եթե վրացական իշխանությունները փորձեն ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջին, ապա տեղի հայ բնակչությունը բողոքի ալիք է բարձրացնելու եւ պաշտպանելու է հերոսին մեծարելու իր իրավունքը։
Տրամաբանական է պատկերվում, որ վրացական կողմը կբավարարվի Ադրբեջանին հասցեագրած դիվանագիտական պատասխանով։ Այդ դեպքում վրաց-ադրբեջանական հարաբերությունների սառնությունն ավելի կկարծրանա։ Թեմայի շուրջ վերջին արձագանքները վկայում են, որ Վրաստանը չի ընդունել Ադրբեջանի պաշտոնական բողոքը՝ համարելով, որ Ավագյանի հուշարձանի կառուցումը եւ բացումը տեղական մունիցիպալիտետի մակարդակով լուծված խնդիր է եւ հարկ չկա այդ առթիվ լրացուցիչ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանում խոսում են այսպես կոչված համարժեք պատասխանի անհրաժեշտության մասին։ Մամուլում տեսակետ է հնչել, որ հարկ է Ադրբեջանի քաղաքներից մեկում բացել Աբխազիայի հանգուցյալ առաջնորդ Արձինբայի հուշահամալիր։
Կգնա՞ նման քայլի պաշտոնական Բաքուն։ Հազիվ թե։ Իշխող տպավորությունն այն է, որ, մեծապես կախված լինելով Վրաստանի կոմունիկացիաներից, ադրբեջանական կողմը չի դիմի հարաբերություններն էլ ավելի բարդացնող քայլերի։ Միանշանակ է, սակայն, որ վրաց-ադրբեջանական համագործակցության նախկին մակարդակը, երբ թելադրողի դերում հանդես էր գալիս Բաքուն, ենթարկվում է վերափոխման։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ