comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ՝ ԸՍՏ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ՝ ԸՍՏ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ

Թուրքական լարախաղացությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև երբեք չի դադարել, այն պարզապես ունեցել է տարբեր դրսևորումներ՝ կախված այն բանից, թե տվյալ փուլում որ կողմի վրա է սևեռված այդ երկրի դիվանագիտությունը։

Մերձավորարևելյան նոր իրողությունները, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարությունն ակտիվ դիվանագիտություն վարելու նոր հնարավորություն տվեց տարածաշրջանում գերիշխանության ձգտող Թուրքիային։

Այդուհանդերձ, նկատենք, որ Թուրքիան այնքան էլ լավ չի ընկալել արևմտյան իր դաշնակցի մտադրությունները։ Թրամփի հայտարարությունը հիմնավորվում էր նրանով, որ այդ տարածաշրջանում ամերիկյան զինուժի գտնվելու միակ պատճառը ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն էր։ Սակայն այն, ինչ չի ասել Միացյալ Նահանգների նախագահը, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. ՙԻՊ՚-ի նկատմամբ հաղթանակը չի նշանակում կոալիցիոն համագործակցության վերջը՚։ Պարզ ակնարկ այն մասին, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան չի հրաժարվելու մերձավորարևելյան տարածաշրջանում իր հավակնություններից, այսինքն՝ պետք է սպասել նրա վերադարձին։ Ավելի ուշ լատինաամերիկյան տարածաշրջանում ծավալված զարգացումները մատնանշեցին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների իրացման մի նոր ասպարեզի ի հայտ գալը. Ռուսաստանի հետ կատաղի մրցապայքարի հերթական բեմահարթակ դարձավ Վենեսուելան։
Հիշեցնենք նաև ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի պատասխանը Վաշինգտոնին, որում նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմն ի վերջո կպարզաբանի իր մտադրությունը Սիրիայում՝ զորքերն այնտեղից հանելուց հետո։ Մոսկվան հասկանալ է տվել, որ ահաբեկիչների դեմ ձեռնարկված բոլոր գործողությունների վերջնական նպատակը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը պիտի լինի։
Ուժային երկու կենտրոնների դիրքորոշումներում ընդհանուր հայտարար փնտրելն, իսկապես, անիմաստ գործ կլիներ։
Անկարայի ձեռնարկած քայլերը դիտարկենք աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին։ Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թվում էր, թե նախագահ Էրդողանն իր ծրագրերն իրագործելու և առաջին հերթին քրդերի հետ հաշվեհարդար տեսնելու ճանապարհին է։ Բայց իրավիճակն այդքան միանշանակ չէր։ Հունվարի 19-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Անկարայից ազդակ ուղարկեց Վաշինգտոնին՝ ասելով, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը սիրիական Մանբիջ քաղաքի ճանապարհային քարտեզի իրագործման շրջանակում, որը նախատեսում է այդ տարածքից քրդական խմբավորումների դուրսբերում։
Ըստ էության, նախքան Սիրիայից ամերիկյան զինուժի հեռանալը, քրդական հարցի հետ կապված՝ եղել է թուրք-ամերիկյան ինչ-որ համաձայնություն կամ թեկուզ ակնարկ, որն այնուհետև չեղարկվել է ԱՄՆ-ի կողմից։ Պաշտպանության նախարարը հոխորտացել է, որ Թուրքիան թույլ չի տա իր հարավային սահմանին ահաբեկչական կառույց ստեղծել։ Աքարի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն շարունակում է խոչընդոտել քրդական հարցը թուրքական տարբերակով լուծելու ծրագրի ի կատար ածմանը։
Հունվարի 20-ին կայացած Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը, որը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններն արագացնելուն էր վերաբերում, դրա վառ վկայությունն է։ Հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունն արձանագրել է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան. Վաշինգտոնը գտնում է, որ Անկարան չպետք է հարձակվի քրդական ուժերի վրա, իսկ Թուրքիան այդ խմբավորումներն իր անվտանգության համար սպառանալիք է համարում։
Ստեղծված իրավիճակը բնավ անհասկանալի չէր Թուրքիային, բայց Մևլութ Չավուշօղլուի դիվանագիտությունը պետք է աշխատեր առանց խափանումների։ Հունվարի 22-ին Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ որոշ խնդիրներ լուծելու համար միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ, պետք է նաև նախաձեռնող լինել։ Թուրք-ամերիկյան, հայ-թուրքական հարաբերությունները, Կովկասում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա դիտարկել է մեկ ընդհանուր համատեքստում։ Նրա համոզմամբ՝ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և կայունություն հաստատել Կովկասում։
Թուրքիան արդեն որերորդ անգամ հրապարակ է բերում հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվելու իր հավակնությունները, ինչը նշանակում է նախևառաջ գործող ձևաչափի փոփոխություն։
Ինչպե՞ս է թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում ղարաբաղյան խաղաղ կարգավորումը։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից օրեր անց, հերթական անգամ, ականատես եղանք Իլհամ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը. աշխարհը գիտի Ադրբեջանի ռազմատնտեսական ներուժը, միջազգային ասպարեզում նրա ունեցած դիրքը, որը հօգուտ իրենց է աշխատում, ադրբեջանցիները չեն ուզում համակերպվել տարածքների ՙգրավման՚ հետ, մանավանդ որ իրենց ուժն արդեն ցույց են տվել մարտի դաշտում։
Ալիևյան հռետորաբանությանը հակադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ բոլորին հայտնի է, թե ինչպես է հայաստանյան ղեկավարությունը վերաբերվում Արցախի կարգավիճակին և անվտանգությանը։ ՙԿարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք՝ պաշտպանելու թե՜ Արցախը և թե՜ Հայաստանը՚,- ասել է Մնացականյանը։
Հասկանալի է, որ Չավուշօղլուի ՙնախաձեռնողականությունն՚ այս անգամ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլի զարգացումներով։ Երկու տարի առաջ՝ 2016-ի օգոստոսին, այդ նույն Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը պետք է քննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, որովհետև այդ ձևաչափը ձեռնտու է բոլոր կողմերին։
Կարծում ենք, Թուրքիայի արտգործնախարարը ո՜չ նախկինում արտահայտած իր մտքերն է մոռացել և ո՜չ էլ միջազգային հանրության հիշողությունն է ստուգում։ Սա թուրքական լարախաղացության ևս մեկ ցուցադրություն է։ Թուրքիան, իսկապես, անելիք չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը մշակողները, այդ թվում՝ Չավուշօղլուն, լավ գիտեն, որ ԱՄՆ-ն իրենց ախորժակը զսպելու բավարար մեխանիզմներ ունի, որոնք իրենց զգացնել են տալիս ինչպես քրդական խնդիրը թուրքական բեմագրով լուծելուն խոչընդոտելու, այնպես էլ ղարաբաղյան խնդրում Թուրքիայի նկրտումները չեզոքացնելու գործընթացում։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ