comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՊՃԵՊ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՉԼԻՆԵԼ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՊՃԵՊ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՉԼԻՆԵԼ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Հերթական անգամ Արցախում է քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի այցը ոչ միայն այցելություն է հայրական տուն, բարեկամներին, հարազատներին, այլև նրա իսկ խոսքով` ՙհասկանալու, մատը միշտ զարկերակի վրա պահելով ընկալելու` ինչ փոփոխություններ կան՚ և ուրախ կլինի, եթե Հայաստանում բոլորն այսպիսի վարքագիծ ունենան, և դա կապ չունենա ոչ նրանց սոցիալական կարգավիճակի, ոչ աշխատանքային պարտականությունների հետ, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց նա` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները միշտ եկել-գնացել են, և նոր իշխանությունները նույնպես այցելում են հաճախ:

Բայց դա չպետք է ընկալվի, որ ինչ-բան է պատահել, ընդհակառակը` համոզվելու, որ ոչինչ էլ չի պատահել, ճիշտ զարգացում է գնում, սեփական աչքերով այդ ամենը տեսնելու և ոչ թե տրվելու այլոց տեղեկատվական խաղերին:

ՙՄենք պետք է շատ լավ գիտակցենք, որ աշխարհն ամեն օր փոխվում է, նոր ժամանակահատված ենք մտել, որտեղ տեղեկատվական, հիբրիդային պատերազմի խնդիրների հետ կապված` մենք պետք է կարողանանք մեր հասարակության դիմադրողականությունը բարձրացնել, թույլ չտանք տրվելու ինչ-որ այլ կողմերին միտված տեղեկատվական-քարոզչական խնդիրներին և ներկայացնել մեր սեփական մոտեցումներն աշխարհին՚,-պարզաբանեց քաղաքագետը, ըստ որի` ամբողջ հայ ազգի մոտ այն գիտակցությունը պետք է լինի, որ մեր միասնականությամբ պետք է մեր բաժին պատերազմը տանենք, իսկ այն չի ավարտվել: Եվ հասկանանք, որ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է ամեն օր լինի, և կարողանանք ծրագրավորել ապագայի ճիշտ սցենարը: ՙԵթե մենք ապագան չկարողանանք ճիշտ ընկալել, հասկանալ, պատկերացնել, թե ուր կարող են տանել ՙմեզ չուզողների՚` այլ երկրների շահերից մշակված սցենարները և միշտ սպասողական վիճակում լինենք, բնականաբար, մի օր կհասկանանք, որ այդ սպասողական վիճակը մեզ շատ է հետ տարել՚,- նկատել է տվել քաղաքագետը:
Արցախյան հիմնախնդիրը 100-ամյա պատմություն ունի, և, քաղաքագետի խոսքով, ներկա սերունդն ունի մեկդարյա խնդրի շարունակությունը, որը մեր պապերից է հասել մեզ: Այդ պատճառով ՙԵս չեմ շտապում որոշում ընդունել, որը կարող է 1921 թվականի նման լինել` կիսատ լուծում, ինչի համար 70 տարի հետո մեր հետնորդները ստիպված լինեն նորից հարցը բարձրացնել՚,- ասաց Թ. Պողոսյանը: Նրա կարծիքով` ապագայի ցանկացած որոշման համար պետք է ամբողջ հայությունը քննարկի` հասկանալու, թե 70,100 տարի հետո Հայաստանն ու Արցախը ինչ են լինելու. այնպե՞ս է լինելու, որ մեր ծոռները զենք են վերցնելու ու գնալու կռիվ, թե՞ խաղաղ կյանք են ունենալու. ՙԱյդ պատճառով էլ այս ամենը տեսնում եմ ժամանակի ընթացքում՚: Թ. Պողոսյանի համոզմամբ` արցախյան խնդիրը սերունդների խնդիր է: Դրա համար էլ նա կոչ է անում չշտապել, հեռուն նայելով` ճիշտ որոշումներ կայացնել:
Քաղաքագետը խորհուրդ տվեց նաև այս կամ այն երկրի պետական պաշտոնյայի, ներկայացուցչի կամ փորձագետի կարծիքը չընդունել որպես ամենավերջին ճշմարտություն: Պետական պաշտոնյայի խոսքը բխում է իր երկրի շահերից: Փորձագետը կարող է իր ինստիտուտի շահերից ասել կամ ներկայացնել իր պատկերացումը, կամ էլ նրան ինչ-որ մեկը խորհուրդ է տվել այդպես ասել: Դա տեղեկատվական կամ հիբրիդային պատերազմի մի բաղադրիչ է, նրա կարծիքով, միգուցե հակառակը` մեզ օգնող. երբ մարդ փորձում է ինչ-որ բանի ժամկետ նշել, դրանով փորձում է հասարակությանը կոնսոլիդացնել. ՙԱրդյո՞ք իմ ծրագիրը իրականացնում եմ իմ երազած սցենարի շրջանակում և արդյո՞ք թույլ եմ տվել այն սխալը, որ մարդիկ մտածեն, որ ոչ թե իմ սցենարն է կյանքի կոչվելու, այլ` իրենցը: Եթե ես բյուջեն ճիշտ եմ ծրագրավորում, եթե նպաստում եմ ռազմարադյունաբերությանս, ճիշտ տնտեսական քաղաքականություն եմ վարում, եթե ժողովրդագրության խնդիրները ճիշտ եմ լուծում, և ապահովում եմ առաջնագծում ճիշտ ծառայությունը, մեր թիկունքն ամուր է, ամեն ինչ ճիշտ ենք արել, ինչպե՞ս կարող է իրականացվել ուրիշի սցենարը և ոչ թե իմ՚:
Ըստ քաղաքագետի` ամեն ինչ լավ է լինելու, եթե լինենք միասնական: Այդ միասնականությունն իրար հետ ճիշտ ապրելու մեջ է, այն բանի գիտակցումը, որ խնդիրը բոլորինս է, ինչքան էլ տարբեր տեղերում լինենք, ու այդ խնդրով գնանք առաջ:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ