comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Անդրեյ ՊՐԱԼՆԻԿՈՎ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍ, ՇԻԿԱՑԱԾ ՀՈՒՆՎԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

Անդրեյ ՊՐԱԼՆԻԿՈՎ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍ, ՇԻԿԱՑԱԾ ՀՈՒՆՎԱՐ

ՙՆաշա Սրեդա online՚¬ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Անդրեյ ՊՐԱԼՆԻԿՈՎԻ` 1990թ. հունվարի 21-ին ՙՄոսկովսկիե նովոստի՚ թերթում հրապարակված հոդվածը։

 Անդրկովկաս. 

շիկացած հունվար
-Հարձակում գործածներից երեքին մեր մարտիկները գերի են վերցրել,- ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի առավոտյան օպերատիվ խորհրդակցությանը զեկուցեց հատուկ շրջանի պարետ, ներքին զորքերի գեներալ¬մայոր Յուրի Կոսոլապովը։
-Ոչ թե գերեվարվածներ, այլ ձերբակալվածներ,¬ ուղղեց Կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին։
-Նրանք զենքը վայր են դրել ու ձեռքերը բարձրացրել, նշանակում է գերեվարվածներ են՝ մեր լեզվով ասած,¬ առարկեց գեներալն ու շարունակեց,- 7 հոգի է սպանվել, կան վիրավորներ։ Վիրավորվել է ստորաբաժանման հրամանատարը։
-Արդեն մեկ անգամ չէ ընդունվել, որ Ադրբեջանը և Հայաստանը վերջին շրջանում փաստացի պատերազմական դրության մեջ էին գտնվում. ամեն օր տեղի ունեցող փոխհրաձգություններ, պատանդառություն, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների շրջափակում, կամուրջների պայթեցումներ։ Հունվարի 12-ին հատուկ շրջանի պարետությունը հաղորդագրություն ստացավ Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի մոտ՝ ԼՂԻՄ¬ի հետ սահմանին, ինտենսիվ փոխհրաձգության մասին։ Դրանից քիչ առաջ հարևան Խանլարի շրջանում ադրբեջանցի մարտիկները պատանդ են վերցրել մոտ 20 հայի, որոնց թվում էին Շահումյանի շրջանի գրեթե բոլոր ղեկավարները՝ ներառյալ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանը։ Դրան ի պատասխան հայկական կողմը ձերբակալել է ավելի քան 40 ադրբեջանցու: Իսկ ահա հիմա հրաձգություն է ընթանում:
11-ն անց 45 րոպեին մարտիկները, որոնց հրամանատարն էր կապիտան Վիկտոր Սպիրիդոնովը, ուղղաթիռից ցած իջան Մանաշիդ գյուղի մոտ։ Առաջին հերթին կոչ հնչեց` ՙՉկրակե՜լ։ Այստեղ ներքին զորքե՜րն են՚ ։
Ի պատասխան՝ ինքնաձիգից արձակված կրակահերթեր եղան գյուղի բնակիչների` հայերի կառուցած հողապատնեշի հետևից, ովքեր մշտապես զգուշանում էին հարձակումից։ Բայց հիմա հենց այդ հողապատնեշն էին որպես պատսպարան օգտագործում դրան մոտ եկած ադրբեջանցի մարտիկները։ Ինքնաձիգերի, հրացանների, ատրճանակների գնդակների տակ զինվորները դիրքավորվեցին ու պատասխան կրակ բացեցին։
Մարտը շարունակվեց մոտ երկու ժամ։ Աջ ձեռքին ծանր վիրավորում ստացած հրամանատարին փոխարինեց ավագ լեյտենանտ Ալեքսանդր Մեստյուկովը։ 8 զինծառայողի դիմադրեց մոտ 50-ը (ինչպե՞ս կոչել՝ ավազա՞կ, մարտի՞կ, զինված մարդասպա՞ն)։ Զինվորների փամփուշտներն արդեն սպառվում էին, և գյուղի բնակիչներն սկսեցին ինքնաձիգի ՙեղջյուրե պահեստատուփեր՚ բերել սեփական պաշարներից։
Երբ եկավ երկրորդ ուղղաթիռն` օգնական ուժերով և լրագրողներով, մարտն արդեն ավարտվել էր, հարձակում գործածները նահանջել էին՝ տանելով վիրավորներին։ Բայց տարան ոչ բոլորին։ ՙԱյդ ի՞նչ արեցիր,¬ շարունակ հարցնում էր Մեստյուկովը ոտքերին թափանցիկ վիրավորում ստացած 17 տարեկան մի ադրբեջանցի պատանու։ -Այդ ի՞նչ արեցիր՚։ Իսկ նա, վախից ու ցավից մռայլված, շարունակ, մինչ նրան վիրկապում էին, պատասխանում էր. ՙԵս չեմ կրակել՚...
Հաջորդ օրն Ալեքսանդր Մեստյուկովի և ժամանած օգնական ուժերի մարտիկները երկու զրահամեքենաներով ճամփա ընկան նոր առաջադրանք կատարելու։ Ճանապարհը փակեցին միլիցիոների համազգեստով մարդիկ։ Կանգ առան։ Մինչ պարզաբանումներ էին տալիս, ՙմիլիցիոներներն՚ ականապատեցին մեքենան, ատրճանակը հրամանատարի քունքին դրեցին, և բաց դիտանցքի վերևում պահած նռնակով սպառնալով (բոլոր զինվորները ներսում նստած էին) զինաթափեցին խմբին՝ բոլորին պատանդ հայտարարելով։ Օրեր անց տղաներին հաջողվեց ազատվել։ Բայց զրահամեքենաները մնացին ահաբեկիչների ձեռքում։ Իսկ վերջիններս չհապաղեցին նոր հանցագործություններ կատարել։
Ստեփանակերտում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությանը, հատուկ կառավարման կոմիտեում հաղորդեցին, որ չպարզված ռադիոկայանի կողմից փոխանցվող տեղեկատվություն է ձեռք բերվել Ազատ գյուղի շրջակայքում գնդացրային կրակոցների մասին, այն մասին, որ հրդեհ է նկատվում։ Որոշում է կայացվել մարտական ուղղաթիռներ ուղարկել` դեսանտով` ադրբեջանցի ՙմիլիցիոներների՚ խլած մարտական տեխնիկան հետ գրավելու կամ ոչնչացնելու համար։ Եթե չհաջողվի՝ տանկերը կշարժվեն։
ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է։ Ու եթե այն շարունակվի (իսկ իրավիճակը վկայում է այն մասին, որ հենց այդպես էլ կլինի), Լեռնային Ղարաբաղում տեղակայացված ներքին զորքերի ուժերը չեն հերիքի։ Եվ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն կդառնա։
ԼՂԻՄ-ի վերաբերյալ հարցը դարձել է գնալով սրացող հակամարտության և՜ պատճառը, և՜ առիթը։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված միջոցների մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշումը չի գոհացրել ո՜չ Հայաստանին, ո՜չ Ադրբեջանին, ո՜չ Ղարաբաղին։ Անցած շաբաթ Ստեփանակերտի հազարավոր բնակիչներ քաղաքի փողոցներ դուրս եկան, որպեսզի թույլ չտան ԼՂԻՄ ոտք դնել երկրի խորհրդարանի որոշումներին համապատասխան ուղարկված հանձնաժողովին։ Հանձնաժողովի անդամներն ստիպված եղան ետ վերադառնալ։
Բաքվում անցկացվող հանրահավաքներում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը չեղարկելու կոչեր են անում։ Մեկ տարի առաջ՝ 1988¬ի դեկտեմբերին, ես նույնպիսի պահանջներ եմ լսել, դրանք ՙսնուցող՚ կարգախոսներ տեսել. ՙՄա՜հ հայերին՚, ՙՓա՜ռք Սումգայիթի հերոսներին՚։ Հիմա դրանք սկսել են գործել։ Ջարդերը բռնկվել են նոր ուժով, Բաքվում անցած շաբաթ սպանված հայերի թիվն արդեն գերազանցել է սումգայիթյան զոհերի ցուցակը։ Սա նոր ողբերգություն է՝ անմիջական հետևանքն այն բանի, որ փորձում էին, ըստ էության, լռության մատնել առաջինը։ Պատշաճ գնահատական չի տրվել 1988թ. փետրվարի վերջին ¬ մարտի սկզբին կազմակերպված ջարդին։ Մարդասպանների, բռնարարքներ գործածների նկատմամբ դատավարություններն անցան գրեթե գաղտնի, արգելք էր դրված անգամ այն տեղեկատվության վրա, որ ԽՍՀՄ Գերագույն դատարանը ջարդարարներից մեկի համար մահվան դատավճիռ է սահմանել։ Անվճռականությունը վերածվել է անզորության, հասցրել աղետի սահմանագծին։
ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ դարձավ անցած շաբաթը։ Սպանություններ Բաքվում, մարտեր ԼՂԻՄ¬ի սահմաններին, հաղորդագրություններ հարյուրավոր մարտիկներից կազմված ջոկատների, մեծաքանակ զենքերի մասին, որոնք ուր որ է գործի կդրվեն։ Ադրբեջանում ստեղծված ՙԱզգային պաշտպանության կոմիտեն՚ Ղարաբաղի վրա արշավելու կոչ է անում։ Դրան ի պատասխան Հայաստանի ազգային փրկության շտաբ է ձևավորվում, և այնտեղ հանրահավաքներին նույնպես զինվելու կոչեր են անում։ Իսկ Երևան ուղղաթիռներով վիրավորների են բերում, ըստ երևույթին, նույնպես ընդհարումներին մասնակցած մարտիկների։ Կռվում են երկու կողմն էլ։ ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու պահանջով հանրահավաքներ են տեղի ունենում, սահմանային կառույցներ են ավերվում։ Վերսկսվել է Հայաստանի ու ԼՂԻՄ¬ի շրջափակումը, որոշ տեղերում քանդել են երկաթուղային ուղիները։ Երևում է, մարդկանց մի մասը համակարծիք է այն բանի հետ, ինչն իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի ազգային ճակատի գաղափարախոսներից մեկը՝ Համիդ Հերիշին. ՙԿարելի է ներգործության առավել խաղաղ, ժողովրդավարական միջոցներ կիրառել։ Օրինակ, ճանապարհների շրջափակումը, ամենից առաջ՝ երկաթուղային, տնտեսական էմբարգոն՚։ Բայց ստացվում է, որ անգամ նման ՙսառը պատերազմով՚ չցանկացան սահմանափակվել։ Արյուն է թափվում։
Ստեփանակերտի միջով ռազմական մեքենաների շարասյուն է անցնում։ Բրեզենտով ծածկվածներում զինվորներ են։ Մյուսների կողերի վերևում մետաղյա մահճակալների, ալյումինե վահանների դարսակույտեր են։
Օգնական ուժեր և հերթափոխ նյարդային լարվածությունից ու վրանային ոչ բարեկարգ վիճակից հոգնած մարտիկների համար։ Նրանք դեռևս չգիտեն, որ անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Տող գյուղում զորանոցի գնդակոծության ժամանակ մահացու վիրավորում է ստացել շարքային Մ. Մանտաևը։ Չգիտեն` որ շրջանում, որ գյուղում նրանք ստիպված կլինեն կանգնել թշնամանքից կուրացած երկու հարևանների գազազած ամբոխների միջև կենդանի արգելապատի շղթայում։
Խորհրդակցությանն Արկադի Վոլսկին ասաց.
-Չի՞ կարելի արդյոք գոնե դիրքապահներին վալենկաներ տալ: Զինվորները սառչում են: Իսկ փայտի հետ կապված ի՞նչ կա, բերեցի՞ն: Հարկավոր է շենք փնտրել, տեղավորվել: Հասկացեք, մենք այստեղ, ըստ երևույթին, երկար ժամանակով կմնանք:
Բայց ինչպես և որքան ժամանակով` այսօր ոչ ոք չի կարող պատասխանել: Հակամարտությունը գնալով ավելի շատ մարդանց է ներգրավում: Բաքվից վերադարձած մարդկանցից մեկը պնդում էր, որ փողոցում ցուցարարների թվում մի սևամորթի է տեսել` ՙՂարաբաղը մե՜րն է՚ ցուցապաստառով:
Անհրաժեշտ է կանգ առնել:

www.nashasreda.ru