comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, երեւում է, ադրբեջանական պատվիրակության համար դարձյալ ծանր էր։ Չնայած նրան, որ պատվիրակության ղեկավար Սեիդովին հաջողվել է պահպանել կառույցում իր կարգավիճակը, ընդհանուր առմամբ քաղաքական քննարկումներն ադրբեջանական կողմի համար անցանկալի ընթացք ունեին։

Իրավիճակի վրա ազդեցություն էր թողել Եվրախորհրդարանի հայտնի բանաձեւը, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջվում էր անհապաղ կարգավորել բլոգեր Մեհման Հուսեյնովի հետ կապված իրավիճակը։ Հիշեցնենք, որ նրա դեմ ՔԿՀ աշխատակցի նկատմամաբ բռնություն գործադրելու մեղադրանքով նոր քրեական գործ էր հարուցված, որը կարճվեց Եվրախորհրդարանի բանաձեւի եւ ԵԽԽՎ -ում քննարկումների համատեքստում։

Այդուհանդերձ, եվրոպական կառույցները գտնում են, որ Ադրբեջանում իշխում է ավտորիտար վարչախումբ, մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները խստորեն բռնաճնշվում են։ Տարեսկզբից նկատվում է Եվրոպայում ադրբեջանական վտարանդի շրջանակների աննախադեպ աշխուժացում։ Եվրոպական մի քանի լեզուներով թագմանվել եւ տպագրվել է կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի ՙԽղճի դատապարտյալի օրագիր՚ գիրքը, որը պատմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների մենախցում նրա կրած ֆիզիկական եւ հոգեկան կտտանքների մասին։ Գրքի շնորհանդեսը կազմակերպվել է եվրոպական մի քանի քաղաքներում։ Եվրոպայի ադրբեջանական վտարանդիները բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպել Ստրասբուգում, Եվրոպայի այլ քաղաքներում, ադրբեջանական դեսպանատների մոտ անցկացվել են պիկետներ։ Մասնակիցները բարձրացրել են Ադրբեջանում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու հարցը։
ԱԳՆ-ն հատուկ շրջաբերական է հղել եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատներին՝ հորդորելով ամենօրյա աշխատանք տանել տեղի հանրային եւ քաղաքական շրջանակների հետ։ Իրավիճակն, ըստ երեւույթին, բավական լուրջ է։ ՆԳՆ Բաքվի վարչությունը դիմել է քաղաքային իշխանություններին՝ միջնորդելով չարտոնել ընդդիմության հանրահավաքները։ Հունվարի 19-ին Բաքվի արվարձանային թաղամասում արտոնված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 10 000 ցուցարար, եւ իշխանությունները երկյուղ ունեն, որ այդ թիվը կարող է կտրուկ աճել։
Այս ֆոնին Իլհամ Ալիեւը որոշել է սոցիալապես անապահով խավերի հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորել։ Հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում էր բանակի հերթական տարեդարձը, Ալիեւը տիկնոջ հետ ընդունելություն է կազմակերպել ղարաբաղյան պատերազմում զոհվածների հարազատների համար եւ հայտարարել, որ նրանց սոցիալական կարիքները թեթեւացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվում է 35 միլիոն մանաթ։ Ակնհայտ է, որ նա ձգտում է մեղմել սոցիալական լարվածությունը եւ քաղաքական դիվիդենտներ շահել ամենատուժած խավերի մոտ։
Ալիեւյան իշխանությունը հասկանում է, որ ընդդիմադիր տրամադրությունները բռնաճնշելու հետագա քայլերը միջազգային ասպարեզում կարող են բերել Ադրբեջանի վերջնական մեկուսացման։ Սոցիալ-քաղաքական խմորումները կառավարելու միջոց է ընտրվել բնակչության անապահով խավերի հետ իշխանության շփումների նախաձեռնումը։ Ադրբեջանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն հաջորդ տարի։
Բոլոր նախանշանները կան, որ համակարգային ընդդիմությունը՝ ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատի եւ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, նպատակադրվել են անցկացնել լուրջ ընտրապայքար՝ Միլլի մեջլիսում տեղ ունենալու համար։ Որքանո՞վ են դրան պատրաստ աջակցել եվրոպական կառույցները, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները։ Ի՞նչ ծրագրավորումներ ունեն այս առթիվ Ռուսաստանը եւ Իրանը։ Ո՞րն է Միացյալ Նահանգների նպատակն Ադրբեջանում։ Այս հարցերի շուրջ ադրբեջանցի փորձագետներն անում են ամենատարբեր ենթադրություններ։
Ադրբեջանում քաղաքական իրավիճակի երկվությունը կայանում է նրանում, որ մի կողմից կա ավտորիտար իշխանություն, մյուս կողմից՝ քաղաքական համատարած ապատիա, հուսալքություն եւ խորքային ատելություն Ալիեւների իշխող կլանի նկատմամբ։ Եւ ցանկացած պահի դժգոհ զանգվածները կարող են դուրս գալ վերահսկելիությունից։ Այդ դեպքում Ադրբեջանի քաղաքական համակարգն արագորեն կփլուզվի, երկրում կստեղծվի հեղափոխական իրավիճակ։ Հայկական կողմը պետք է հաշվի առնի զարգացումների նման հավանականությունը եւ պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Բացառված չէ, որ համակարգային ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնի Ալիեւի դեմ պայքարի հիմնական գործիքը՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ