comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույց Արցախյան շարժման առաջամարտիկ,
արձակագիր ու թատերագիր Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
- Կոմիտաս Արսենի, Դուք մեկն եք նրանցից, ովքեր կանգնած էին Արցախյան շարժման ակունքներում, մասնավորապես` լինելով Ասկերանի շրջանի ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագիրը, ընդգրկված էիք տեղի ընդհատակյա կազմակերպության մեջ: Ձեզ համար ե՞րբ սկսվեց Շարժում-88-ը:

- Ի պաշտոնե ընդունված է Շարժման սկիզբ համարել փետրվարի 20-ը, երբ ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց հայտնի որոշումը, բայց մինչ այդ շատ ջրեր են հոսել` բազմաթիվ ու բազմապիսի խորհրդակցություններ, բանավեճեր, բացատրական-քարոզչական լայնամասշտաբ գործունեություն, այսպես կոչված` հատուկ հենակետերի ստեղծում յուրաքանչյուր բնակավայրում, հիմնարկ-ձեռնարկությունում, հազարավոր ստորագրությունների հավաքում, նամակների, դիմումների, հեռագրերի ձևակերպում, զանազան տեղեկանքների, արխիվային և նորահայտ այլ փաստաթղթերի բազմացում ու տարածում. ահա այն նախնական լարված, քրտնաթոր աշխատանքների ոչ լրիվ ցանկը, որ կատարվել են 1987թ. գարուն-ամառվանից ի վեր: Եթե ասվածին ավելացնենք, որ այդ ամենը տարվում էր ընդհատակյա պայմաններում, ապա ավելի տեսանելի կդառնան այն դժվարությունները, որ անտրտունջ, անշահախնդրորեն ու սիրով հաղթահարում էին այդ գործում ընդգրկված նվիրյալները: Հենց այդ ժամանակ շրջաններում (Շուշիից բացի) ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ, մինչ այդ կային սոսկ համակիրների խմբեր, և նրանցից ամենավստահելիները դարձան ընդհատակայինների կորիզը: Անկախ ամեն ինչից` երևի թե ես ինձ երջանիկ պիտի համարեմ, որ նախախնամությամբ գտնվել եմ նրանց շարքում ու ջանացել ինչ-ինչ մասնակցություն ունենալ Շարժման ձևավորմանը:
- Հայտնի է, որ Ասկերանի ընդհատակյա կազմակերպությունն ամենամարտունակներից մեկն էր, եթե չասենք` ամենամարտունակը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Ի տարբերություն մյուս շրջանների` այստեղ Շարժման գլուխ էին կանգնած հիմնականում ղեկավար աշխատողներ` շրջկոմի աշխատակից, թերթի խմբագիր, ով նաև շրջկոմի բյուրոյի անդամ էր, կապի հանգույցի պետ, գլխավոր ճարտարապետ, կրթության բաժնի տեսուչ, ովքեր մշտական շփում ունեին զանգվածների հետ, լավ էին ճանաչում շրջանը, հեղինակություն էին վայելում, նրանց հավատում, վստահում էին մարդիկ: Վերջապես` մենք ունեինք զանգվածներին պայքարի դրոշի ներքո համախմբելու երկու հզոր լծակ` թերթը և կապի ծառայությունը, որոնք իսկապես հսկայական գործ կատարեցին: Մյուս շրջաններն ու Ստեփանակերտը զրկված էին նման հնարավորությունից:
Բացի նրանից, որ խմբագրությունը մի յուրօրինակ շտաբ էինք դարձրել, ուր հավաքվում էին շրջանի կոլեկտիվներում ընդունված որոշումներն` առնչված վերամիավորման հետ, գումարվում մեր գաղտնի նիստերը, ծրագրվում հետագա անելիքները, թերթի էջերում արծարծում էինք հայոց պատմությանը, Սփյուռքին, հայ զորավարների, գիտության ու մշակույթի երևելի գործիչների կյանքին ու գործունեությանն աղերսվող թեմաներ` նպատակ հետապնդելով արթուն պահել մեր նախնիների հերոսական, ազատատենչ ոգին, արյան կանչը: Հիշատակության են արժանի ՙՀայ ժողովրդի պատմություն. հեռակա համալսարան՚ խորագրի տակ մի քանի ամիս շարունակ տպագրված հրապարակումները, ՙՇուշին` հայ մշակույթի կենտրոն՚ ծավալուն ակնարկաշարը և այլն: Դրանք, անկասկած, ոչ սակավ դեր խաղացին այն բարերար հողի նախապատրաստման համար, որի վրա պիտի հունդավորվեր մեր ազգային-ազատագրական պայքարը:
Օգտվելով նախագրաքննության բացակայությունից (շրջանային թերթերում այդ վերահսկողությունը խմբագրի վրա էր թողնված), հետզհետե ընդլայնեցինք թերթի հնարավորությունները, մինչև անգամ սկսեցինք ՙվեճի մեջ մտնել՚ կենտրոնական մամուլի ՙհեղինակավոր՚ հրապարակումների դեմ` խստորեն պահպանելով տպագիր խոսքի պատշաճությունը: Պատասխան հոդվածներն ուղարկում էինք թե՜ մեր ՙընդդիմախոսներին՚` զուգահեռ թարգմանությամբ, թե՜ երևանյան բոլոր թերթերին ու տասնյակ այլ հասցեներով: Դրանցից շատերը պատճենահանվում, տարածվում էին Երևանում և այլուր, որոնց ի պատասխան` ստանում էինք բազմաթիվ հուսատու արձագանքներ ոչ միայն ՀՀ-ից, այլև Ջավախքից, ռուսաստանյան զանազան քաղաքներից: Եվ, ընդհակառակը, ՙընդդիմադիր՚ կողմից` ոչ մի պատասխան։

Այս ամենով հանդերձ` չի կարելի ժխտել Ասկերանի շրջանի ղեկավարության, հատկապես շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանի դերը, ով Շարժման մասնակից դարձավ ոչ ՙհարկադրաբար՚: Դա չափազանց բարերար ներգործություն ունեցավ շրջանի պատասխանատու աշխատողների և, հատկապես, տնտեսությունների ղեկավարների ՙկողմնորոշման՚ վրա, որոնց թվում քիչ չէին հին (Բ. Ուլուբաբյանը կասեր` հնացած) սերնդի ներկայացուցիչներն իրենց պահպանողական, կարծրացած ՙտեսությամբ՚:
Վաչագան Գրիգորյանի ՙխաղի մեջ մտնելը՚ որոշակի ազդեցություն գործեց նաև մյուս շրջանների ղեկավարների վրա: Նրանք որևէ կարևոր որոշում ընդունելուց առաջ անպայման կամենում էին իմանալ Ասկերանի կարծիքը: Պատահում էր` Գրիգորյանին զանգում էին ակտիվիստները, խնդրելով հորդորել իրենց ղեկավարներին ստորագրելու Շարժմանն առնչված այս կամ այն փաստաթուղթը: Այնպես որ՝ պատահականություն չէր, որ ԼՂԻՄ-ը ՀՀ-ին վերամիավորելու մասին հռչակագիրը, որի տակ իրենց ստորագրությունն են դրել բոլոր չափահաս արցախցիները, մշակվել և ընդունվել է հենց Ասկերանի շրջանում` Նորագյուղում գումարված գաղտնի ժողովում: Պատահականություն չէր նաև, որ սկզբնական շրջանում Ստեփանակերտի հիմնարկներում ընդունված որոշումները բերում էին մեզ մոտ` Ասկերան, ինչպես օրինակ, ավտոտրանսպորտային միավորումը, որի գլխավոր տնօրենն էր երջանկահիշատակ Բորիս Դադամյանը:
- Որևէ ՙարտակարգ՚ դեպք կարո՞ղ եք հիշել:

- Երբեմն ստիպված էինք լինում մասնակցել նաև ՙքայքայիչ՚ գործողությունների: Օրինակ, տեղի ՙօրինապահներից՚ մեկը շինծու ինչ-որ չարաշահումների վերաբերյալ ահազանգ ստանալու պատրվակով սկսել էր հետապնդել Շարժման առաջամարտիկ Սլավիկ Միրզոյանին, որը նոր էր շրջանային թերթից տեղափոխվել հայրենի Սառնաղբյուր` որպես կոլտնտեսության վարչության նախագահ: Հարկ եղավ դիմել կոշտ միջամտության, և ՙգործն՚ անմիջապես փակվեց: Կամ` եղել են դեպքեր, երբ ընդհատակայիններիս հորդորով կոլեկտիվները հեռացրել են իրենց ՙհակա՚ ղեկավարներին: Մեկ այլ օրինակ: 1988թ. փետրվարի 11-ին շրջանի ակտիվի ժողովում ԱդրԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Վ. Կոնովալովը, որն իր շքախմբով եկել էր կանխելու արցախցիներիս ՙանմիտ քայլը՚ և Ասկերանում (մինչ այդ` Ստեփանակերտում) այնպիսի դաս առավ, որ նպատակահարմար չգտավ ՙհյուրախաղերը՚ շարունակել Մարտունիում և Հադրութում, փորձեց պատասխանել դահլիճից հնչած հերթական` ՙՀիմա ուրիշ ժամանակներ են, հիմա վերակառուցում է՚ ռեպլիկին և... սխալվեց: Երևի պիտի ասեր` ՙՎերակառուցումը ժամանակի երևույթ է՚, շփոթվելուց ասաց. ՙՎերակառուցումը ժամանակավոր երևույթ է՚: Ո՛վ կարող էր պատկերացնել, որ թեկուզ սխալմամբ արտահայտված այս մարգարեական կանխատեսությունը շատ շուտով միս ու արյուն կստանար: Դահլիճում սաստկացած աղմուկը խլացրեց նրա հետագա բացատրությունը, բայց մեզ համար դա էլ էր բավական, մեզ դա՜ էր պետք (ելույթն ամբողջովին ձայնագրվել էր ծածուկ): Սլավիկ Միրզոյանն ու Մարատ Հակոբջանյանը ՙգործուղվեցին՚ Երևան` Լաչին-Գորիսով, և արդեն հաջորդ օրն արժեքավոր ՙավարը՚ հուսալի ձեռքերում էր: Այդ ժապավենը, ինչքան ինձ հայտնի է, ուղարկվել է Մոսկվա: Կոնովալովը դրանից հետո երկար չմնաց իր բարձր պաշտոնում: Ես հեռու եմ այն մտքից, թե դրանում վճռական դեր է խաղացել մեր ձայնագրությունը, բայց հազիվ թե այդ լեզվական սայթաքման համար ՙվերակառուցման հայրերը՚ համբուրած լինեին նրա ճակատը: Հավելեմ, որ համարձակվել էինք մի հանդուգն հեռագիր հղել ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Չեբրիկովին` հայտնելով մեր ժողովրդավարական շարժումը Ադրբեջանի ղեկավարների կողմից 1937թ. մեթոդներով ճնշելու փորձերի մասին, ի հիշեցում Կրեմլում արցախցի պատվիրակներին (Ասկերանի շրջանից ներկա էին Սլավիկ Առուշանյանը և Ջամիլ Մարտիրոսյանը) տրված այն հավաստիացման, թե ՙնախկինում Ղարաբաղի հարցը բարձրացնող մարդիկ ենթարկվել են հալածանքների, այժմ Կենտկոմն ուշի-ուշով հետևում է, որպեսզի նման բան թույլ չտրվի, հակառակը, արժանի պատիժ ստանան այն վարչարարները, ովքեր կփորձեն արգելել արդարության ձայնը՚։
- Փետրվարի 20-ից հետո ձեր կազմակերպությունը փաստորեն դուրս եկավ ընդհատակից...
- Փետրվարի 20-ից հետո, ինչ խոսք, ձեռքներս ծալած չէինք նստում: Առաջին լուրջ բարդույթի հետ բախվեցինք փետրվարի 22-ին, ինչին, ճիշտն ասած, չէինք սպասում, երբ Աղդամից խուժած 10- հազարանոց խաժամուժը ասպատակեց Ասկերանի վրա: Այդ արշավանքից հետո սահմանամերձ գյուղերում ու ֆերմաներում գիշերային հերթապահություն սահմանվեց, ապա և կազմավորվեցին հատուկ ջոկատներ, որոնց գործունեությունը նախ համակարգում էր Մարատ Հակոբջանյանը, ապա` Վիտալի Բալասանյանը, որն այնուհետև նշանակվեց Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար:
Ձեզ հետաքրքրող թեմայով ես մի ամբողջ գիրք եմ գրել` ՙԱրցախը` չսանձած նժույգ՚, այնպես որ, մեկ հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ այն սպառել:
- Կարելի՞ է ասել, որ Ձեր ստեղծագործությունների համար հիմնական թեմա է դարձել Արցախյան գոյամարտը:
- Անշուշտ։ Այդ թեմայով ես բազմաթիվ տարաժանր նյութեր եմ տպագրել ինչպես տարբեր ժամանակներում իմ խմբագրած ՙԿարմիր դրոշ՚, ՙԱրցախ՚ (այժմ` ՙԱզատ Արցախ՚), ՙԵղիցի լույս՚, ՙԼուսարար՚, ՙՀայրենյաց պաշտպան՚, այնպես էլ երևանյան թերթերում, որոնք դարձել են նշածս փաստավավերագրական վեպի, ավելի քան երկու տասնյակ պատմվածքների և նույնքան ավանդապատումների ու երեք պիեսների ատաղձը: Իմ շատ գրչընկերների համար նույնպես Արցախյան գոյամարտն ամենաառաջնային թեմա է եղել։