comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 ԱՀ-ն՝ տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն

1988-ի փետրվարին Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ազդարարեցին համաժողովրդական ինքնաբուխ շարժման սկիզբը։ Ղարաբաղյան շարժումը, որով բացվեց հայ ժողովրդի նորագույն պատմության նոր էջը, ազգային-ազատագրական պայքար էր և, ի վերջո, պիտի ավարտվեր երկրորդ հայկական պետության ստեղծմամբ։ Դա պայքար էր՝ հայ ժողովրդի արցախյան հատվածին սպառնացող ցեղասպանության վտանգը կանխելու համար։ Առաջին ցույցերից մեկ շաբաթ անց` փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու որոշում։ Շրջադարձային այդ իրողությունը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես Արցախի վերածննդի օր։
Մենք քաղաքակիրթ աշխարհին ի ցույց դրեցինք ղարաբաղյան հիմնախնդրի պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմքերը։ Դա միայն ազգային զարթոնք չէր, նաև գոյամարտ էր, որն իր բոլոր փուլերում արձանագրեց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության անկրկնելի պահերը։
Ղարաբաղյան շարժումն սկիզբ էր առել 1921 թվականին, երբ արցախահայության կամքին հակառակ, պատմականորեն նրան պատկանող տարածքի մի հատվածում միայն, բոլշևիկյան բեմագրով, կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, այսպես կոչված, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Մենք անընդհատ և մշտապես պիտի կրկնենք, որ վերջինս արհեստականորեն ստեղծված պետություն էր, դարձյալ բոլշևիկյան նախագիծ՝ Անդրկովկասում խորհրդային պետության ռազմավարության հստակ ուղերձով։
Փետրվարյան իրադարձությունների հետագա ծավալումը կասեցնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները ծրագրեցին Շարժումն արյան մեջ խեղդելու գործողություններ։ Պետական մակարդակով կազմակերպվեց հայ բնակչության սպանդ Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր։ Բաքվի ահաբեկիչ իշխանավորները չէին գիտակցում, որ այդ ճանապարհով անհնար է արցախահայությանը շեղել ընտրած ուղուց։ Ցավոք, այդ ոճրագործություններին միջազգային հանրությունն առ այսօր, դատապարտելուց բացի, քաղաքական գնահատական չի տվել։
Քաղաքական որոշ հանգամանքների թելադրանքով Արցախի ժողովուրդը փոքր-ինչ շեղվեց վերամիավորման ուղուց և 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակեց Արցախի Հանրապետությունը։ Դա երկրորդ հայկական պետության ծնունդն էր, պետություն, որի կենսունակությունն ապացուցվեց ամենածանր փորձությունների պահերին։
Մեր ժողովուրդն իր քաղաքական կամքի շնորհիվ կարողացավ խիզախորեն հակազդել խորհրդային-կուսակցական ամբողջ համակարգին ու կեղծ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությանը, նույն վճռականությամբ ճեղքեց ՙԿոլցո՚ ռազմագործողության բոլոր ծուղակները և ապա արժանապատվորեն ու հաղթանակով ավարտեց հակառակորդի սանձազերծած պատերազմը։ Ավելի ճիշտ, գերտերությունները չթողեցին ավարտել այն ինչպես հարկն էր, այսինքն՝ թշնամուն ջախջախել իր որջում՝ կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրելով նրան։ Թույլ չտվեցին հայ զինվորին` ոտքի տակ տալ Ադրբեջանի նախագահականից հեռախոսազանգերի տեսքով Ստեփանակերտին ուղղված՝ պատերազմը շուտափույթ ավարտելու աղերսները։
Մինչդեռ, հաղթականորեն առաջ շարժվող Պաշտպանության բանակի մարտիկներն անարգել կարող էին հետապնդել ռազմի դաշտից խուճապահար փախչող հակառակորդին, քշել նրան որ անկյուն որ ուզեին։ Տրամադրության հարց էր։
Գերտերություններին, սակայն, ձեռք չէր տա հակամարտության նման հանգուցալուծումը, որովհետև նրանց անհրաժեշտ էր ընդամենը հրադադարի ռեժիմ, որպեսզի մնացած ամեն ինչը դնեին քաղաքական-դիվանագիտական հարթությունում և խոսեին իրենց աշխարհաքաղաքական շահերին համահունչ լեզվով։ Որպեսզի հավասարության նշան դնեին իր Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանողի և վայրագ-ահաբեկչի միջև, դիվանագիտական լեզվով ասած, չկորցնելով պարիտետի սկզբունքը։
Դա քիչ էր, մյուս կողմից էլ՝ իրականության հետ չհաշտվող հակառակորդն էր ձգտում արկածախնդրության, մտմտում ռազմական մի նոր ագրեսիա։ Մեր ժողովուրդը հաղթահարեց ևս մեկ փորձություն՝ 2016-ի ապրիլյան պատերազմը, ևս մեկ դաս տալով հակառակորդին, միջազգային հանրությանն ի ցույց դնելով հայկական զինված ուժերի անպարտելիությունը, հայ զինվորի մարտական բարձր ոգին, մեր ազգային միասնությունն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։
Արցախի Հանրապետության 27 տարվա դե ֆակտո գոյությունը բարձրագույն արժեք է, մեր անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն սակարկման, արժեքային մեր համակարգը մեր հնագույն պատմության, լեզվի և մշակույթի վկայությունն է։
Մեր երկիրը զարգանում է ժողովրդավարության ուղիով։ Այսօր էլ Ադրբեջանից լսում ենք նույն սպառնալիքներն ու հոխորտանքները, դրանց գումարվում են գլոբալ մարտահրավերները։ Այդ ամենը մեր ժողովրդից պահանջում է կրկնակի զգոնություն և միակամություն, երկու հայկական պետությունների անվտանգությունն ապահովելու բարձր պատրաստականություն։ Մեր ժողովուրդը պատրաստ է դիմակայել բոլոր մարտահրավերներին, քանզի Արցախի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես է գալիս որպես ռազմաքաղաքական լուրջ գործոն, Պաշտպանության բանակը՝ խաղաղություն պարտադրող։
Մենք հակամարտության խաղաղ հանգուցալուծման կողմնակից ենք, և Արցախի դիրքորոշումն առավել քան հստակ է. կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։ Կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Արցախի իշխանությունները պատրաստակամ են դե յուրե ստանձնելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։