comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը

-Պարոն Մայիլյան, հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները դրական արձագանք են ստացել միջազգային հանրության կողմից։ Այս համատեքստում առանձնապես կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելը։ Այս դրույթը մինչ օրս շարունակում է ակտիվ քննարկվել հայ հասարակության շրջանում։  Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ առիթով հնչող մտահոգությունները։   

 Հակամարտության կարգավորման ընթացքում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը հայտնի ճշմարտություն է: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ համարվում էր, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում երկրների առաջնորդներն ավելի մոտ են համաձայնության գալուն, քան կողմերի հասարակությունները: Այդ է պատճառը, որ հնչում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին կոչեր:

Սակայն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում ամենեւին տեղին չեն փորձերը հավասարության նշան դնել մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից՝ Ադրբեջանի հասարակություններում առկա տրամադրությունների միջեւ: Ե՛վ Արցախը, եւ՛ Հայաստանն այդ հարցում բավականին առաջ են գնացել:  

Այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լրացնի բաց թողածը` անցնի մի երկար ճանապարհ, որից ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ խուսափում էին: Պաշտոնական Բաքուն առայսօր ոչ միայն չի նախապատրաստել իր հասարակությանը խաղաղության, այլեւ անում է ճիշտ հակառակը. պետական մակարդակով վարում է հայատյացության արմատավորմանն ուղղված ակտիվ քաղաքականություն, խրախուսում է հայատյացության հողի վրա կատարվող հանցագործությունները եւ հերոսացնում դրանք կատարած հանցագործներին, խոչընդոտում է հասարակական խաղաղարար նախաձեռնություններին, անընդհատ սպառնում է պատերազմով, չի դադարեցնում Արցախի մեկուսացմանն ուղղված փորձերը եւ այլն:  

Ադրբեջանի նման քաղաքականությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ստվեր է գցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի վրա, հետ է շպրտում այն: Ուստի, առաջին փուլում ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ատելության արշավը եւ, գուցե միջազգային աջակցությամբ, գործուն քայլեր ձեռնարկեն` արմատախիլ անելու այն բացասական երեւույթները, որոնք սկսել են արմատավորվել ադրբեջանական հասարակության մեջ` տարիներ շարունակ հայերի նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու արդյունքում:  

- Կողմերի միջեւ վստահության ձեւավորման նախադրյալներ տեսնու՞մ եք։  

Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հանդես է եկել տարաբնույթ նախաձեռնություններով` ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը: Սակայն, դրան ի պատասխան Ադրբեջանի կողմից միայն սպառնալիքներ են հնչել:  

Վստահության մթնոլորտի ձեւավորումը հանդիսանում է ցանկացած հակամարտության կարգավորման հենասյուներից մեկը: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, վստահության հաստատմանն ուղղված միջոցների իրականացումը կարող է արդյունավետ լինել միայն այն պայմաններում, երբ ապահովվում է խաղաղ գործընթացի անշրջելիությունը, եւ առկա են մարտական գործողությունների վերսկսումը կանխող միջազգային մեխանիզմներ:    

Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, ներառյալ նրանք, որոնք համաձայնեցվել էին 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, հազիվ թե Բաքվից կարելի է սպասել իրական քայլերի` ուղղված վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը:   

- Ազդակներ տեսնու՞մ եք, որ առաջիկայում Արցախը լիարժեք կներգրավվի բանակցային գործընթացում։  

Արցախի Հանրապետության ուղիղ եւ լիարժեք մասնակցությամբ բանակցությունների վերականգնումը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից է: Այդ նպատակին կարելի է հասնել այն դեպքում, եթե երկու հայկական հանրապետությունները հստակորեն բաշխեն իրենց դերերը եւ լիազորությունները Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում: Այս ուղղությամբ Երեւանի եւ Ստեփանակերտի համակարգված քայլերը թույլ կտան ստեղծել նախադրյալներ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի համար։   

Հայաստանի ղեկավարությունն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ Ստեփանակերտի շահերն անպայման պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները։  

Միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ հակազդում է լիաձեւաչափ բանակցությունների վերականգնմանը` առաջ քաշելով տարբեր անհիմն գաղափարներ եւ առաջարկություններ:   

Տվյալ հարցում Ադրբեջանի մոտեցումները յուրատեսակ լակմուսի թուղթ են հանդիսանում, որն ի ցույց է դնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը փնտրելու Բաքվի իրական պատրաստակամության բացակայությունը:  

- Ինչպե՞ս են  վերաբերվում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումներին։

Ցանկացած հանդիպում, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը, կարելի է միայն ողջունել:  

- Արցախը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ դե յուրե պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման համար։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։  

Արցախը, որպես տարածաշրջանում կարեւոր ռազմաքաղաքական գործոն, վաղուց հանդիսանում է անվտանգության ապահովող  եւ դե ֆակտո իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Օրինակ, արցախյան կողմը սեփական կառավարության միջոցներով միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։ Միջազգային միջնորդներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ ստեղծված համակարգին:  

Արցախը որպես լիիրավ կողմ պետք է մասնակցի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ապագա իրավականորեն պարտավորեցնող խաղաղության պայմանագրի մյուս ստորագրողների հետ կիսի պատասխանատվությունը տարածաշրջանի ճակատագրի համար:   

-Արցախի միջազգային ճանաչման համար ի՞նչ նախաձեռնություններ կան։

Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունն է: Ճանաչման գործընթացն առայժմ ընթանում է բազմաթիվ երկրների վարչական շրջանների եւ քաղաքների մակարդակով:  

Դրա հետ մեկտեղ ջանքեր են գործադրվում`ուղղված Արցախի ապակենտրոնացված համագործակցության եւ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:   

Անցած տարի ընդլայնվել է ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ընդգրկելով Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը:   

Ընդհանուր առմամբ, 2018 թ. ընթացքում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի եւ օտարերկրյա պետությունների վեց քաղաքների միջեւ։