[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 1988 թվականի փետրվարի 20-ի ԼՂ մարզային խորհրդի պատմական նիստի և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է պատմում Արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՙԿռունկ՚ կոմիտեի և Ազգային խորհրդի նախագահության անդամ, պահեստազորի գնդապետ Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։

Երբ 1988թ. փետրվարի 13-ին տեղի ունեցավ հայտնի հանրահավաքը, հաջորդ օրը Վաչագան Գրիգորյանն ինձ ասաց՝ Ռազմիկ, կարո՞ղ ես մարզադաշտում հանդիպում կազմակերպել: Պայմանավորվեցի Ռադիկ Աթայանի, Արկադի Մանուչարովի և Ռոլես Աղաջանյանի հետ, և մեր հանդիպումը կայացավ նույն օրը։ Որոշվեց, որ ճիշտ կլինի նստաշրջան հրավիրել։ Ինձ ուղարկեցին Շմավոն Պետրոսյանի հետ բանակցելու։ Նա այն ժամանակ ԼՂԻՄ մարզսովետի գործկոմի նախագահի տեղակալն էր։ Փետրվարի 15-ի առավոտյան, ինչպես պայմանավորվել էինք, գնացի Շմավոն Միսակովիչի մոտ։ Նա մեծ ֆուտբոլասեր էր ու ինձ հարգում էր։ Պատմեցի մեր նպատակի մասին, հարցրեց` ովքե՞ր են համաձայն, տվեցի բոլորի անունները, լսեց, գլխով արեց ու ասաց` կարևորը Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի համաձայնությունն է, եթե կարողացար համոզել, ուրեմն լավ կլինի։
Նստեցի մեքենա և` ուղիղ Մարտակերտ։ Միտինգավորները, Վիգեն Շիրինյանի գլխավորությամբ, հավաքվել են Վահան Գաբրիելյանի հրաժարականի պահանջով։ Տղաների հետ պայմանավորվում եմ ու մտնում Վահանի մոտ, սիրով ընդունում ու լսում է ինձ և իսկույն հետևում է պատասխանը` ես համաձայն եմ։ Ու խնդրում է խոսել Վիգեն Շիրինյանի և միտինգավորների հետ, որպեսզի ծայրահեղ միջոցների չդիմեն. նրա նպատակն էր թույլ չտալ ազգամիջյան ընդհարումներ։ Պայմանավորվում ենք, որ փետրվարի 17-ին պլենում կհրավիրի և կուղարկի շրջգործկոմի որոշումը: Հանդիպում եմ Վիգենի հետ, բացատրում ինչն ինչոց է, ու քիչ անց միտինգավորներն արդեն ՙՍեսիա՛¬սեսիա՛...՚ էին վանկարկում։ Մարտակերտից ուղիղ մեկնում եմ Մարտունի։ Հանդիպում եմ շրջգործկոմի հրահանգիչ Մանֆրեդ Բախշյանի և արդեն շարժման ակտիվիստ դարձած Վոլոդյա Խաչատրյանի հետ։ Նրանք երկուսով գնում են կուսշրջկոմի քարտուղար Ստախոն Պետրոսյանի մոտ, վերջինս ասում է՝ ես գործ չունեմ, դուք ինչ ուզում եք, արեք։ Մանֆրեդն ու Վոլոդյան խոստանում են ամսի 17-ին, ինչպես պայմանավորվել էինք, որոշումը բերել Ստեփանակերտ և մեզ հանձնել ՙՌոսիա՚ կինոթատրոնի մոտ, որպեսզի մենք էլ այն հանձնենք Շմավոն Միսակովիչին։ Մարտունուց զանգում ենք Տողի Վիգենին (Գրիգորյան) ու Հադրութ՝ Արթուր Մկրտչյանին։ Նույն օրը Վոլոդյան գնում է Տող ու Հադրութ տեղում կազմակերպական աշխատանքներ տանելու, իսկ ես՝ Ասկերան։ Կատարված աշխատանքի մասին Ասկերանում զեկուցում եմ Վաչագան Գրիգորյանին ու հասնում Ստեփանակերտ։ Ամսի 17-ին, ինչպես պայմանավորվել էինք, հանդիպում ենք ՙՌոսիա՚¬յի մոտ և բոլոր որոշումները տանում ու հանձնում Շմավոն Միսակովիչին։ Վերջինս մի թուղթ է տալիս ինձ և ասում, որ անհրաժեշտ է լինելու նաև նախագահության անդամներից 4-ի ստորագրությունը, այն անհրաժեշտ պայման է նստաշրջան հրավիրելու համար։ Այդ օրը մարզսովետի շենքում շրջանների պատասխանատուները ժողովի էին հրավիրված, ես այդ փաստաթուղթը ստորագրել եմ տալիս Վ. Գրիգորյանին, Ռ. Աթայանին, Լ. Ղազյանին և Վ. Հայրապետյանին։ Շ. Պետրոսյանն իր մոտ է կանչում բաժնի վարիչ Կարեն Բաբուրյանին և հրահանգում նախապատրաստվել և ամսի 20-ին նստաշրջան անցկացնել։ Ես ու Ռոլեսը հիմա էլ պիտի ապահովեինք պատգամավորների մասնակցությունը` անհրաժեշտ քվորում ապահովելու համար։ Մարզադաշտում կազմակերպում ենք շտաբ: Ներկայիս կապի միջոցները չկային, և մեծ ջանքերի շնորհիվ բոլորին տեղյակ ենք պահում։ Ամսի 19-ին շարժման շտաբում որոշվեց ուղիներ փնտրել բանակցելու Բ. Կևորկովի և Վ. Օսիպովի հետ։ Մարզի գլխավոր վիրաբույժ Է. Ղուկասյանի հետ հանդիպում ենք մարզկոմի առաջին քարտուղարի օգնական Յուրի Բեկնազարյանին։ Նա հանձն առավ հանդիպումը գլուխ բերել ու կատարեց իր խոստումը։ Պայմանավորված ժամին քարտուղարի օգնականը զանգեց խմբագրություն` Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակ, որն այդ օրերին ապստամբության շտաբի էր վերածվել և ինձ կուսմարզկոմ հրավիրեց։ Մուտքի մոտ պետանվտանգության պատասխանատուները ստուգեցին գրպաններս ու ինձ ներս թողեցին։ Յուրին ինձ մարզկոմի բյուրոյի դահլիճ տարավ։ Քիչ անց ներս մտավ Բ. Կևորկովը, ձեռքով հենվեց հսկա սեղանին, նայեց աչքերիս ու ասաց` ես ձեզ լսում եմ։

-Բորիս Սարկիսովիչ,¬ ասացի,¬ տեսնո՞ւմ եք, ժողովուրդը ոտքի է կանգնել, և վաղը նստաշրջան է գումարվելու։ Ուզեք-չուզեք, դա տեղի է ունենալու։ Իրավիճակը հետևյալն է. ժողովրդի 50 տոկոսը հավատում է ձեզ, մյուս կեսը՝ ոչ։ Եթե համաձայնեք ու նստաշրջանը տեղի ունենա անարգել, ժողովուրդը կպաշտպանի ձեզ։
-Պետրոսյան,¬ ինձ նայելով ասաց Կևորկովը,¬ դու ինձ հավատո՞ւմ ես։
-Իհարկե,¬ ասացի,¬ եթե չհավատայի, ձեզ չէի դիմի։
-Ես հիմա չեմ ընդունում ո՜չ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմին, ո՜չ էլ կառավարությանը։ Դա ստոր, կեղծիքի որջ է։ Բայց սպասում եմ Մոսկվայի կոնկրետ պատասխանին։
-Բորիս Սարկիսովիչ, Մոսկվայից ոչ մի պատասխան չի լինի, հավատացեք։ Մեր կողմն անցեք, ամեն ինչ լավ կլինի։
-Կմտածեմ... Միայն կխնդրեի, որ մեր հանդիպման մասին ոչ ոք չիմանա,¬ ասաց ու դուրս եկավ դահլիճից։ Տղաներն ինձ սպասում էին դրսում։ Երբ պատմեցի, Մանուչարովն ասաց.
-Դա էլ վատ չէ, գոնե մեզ շատ չի խանգարի։
Փետրվարի 20-ի առավոտյան Բաքվից Ստեփանակերտ եկավ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը՝ ուղեկիցներով։ Նրանք որոշել էին խափանել մարզխորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու էր ԼՂԻՄ¬ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ կազմ մտցնելու հարցը։ ԼՂ շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհներն անցնում էին Ադրբեջանի տարածքով։ Այդ ճանապարհները փակել էին ադրբեջանական միլիցիան և զինվորական պարեկները։ Նրանց կարգադրված էր, փաստաթղթերը ստուգելով, ի հայտ բերել պատգամավորներին և հետ վերադարձնել։ Նրանցից շատերը դուրս էին գալիս խճուղիներից և, ոտքով անցնելով կիլոմետրեր, հասնում Ստեփանակերտ։ Ք. Բաղիրովն ու նրա ուղեկիցներն ուզում էին դուրս գալ շենքից ճաշի գնալու, բայց ժողովուրդը փակել էր շենքի մուտքը և թույլ չէր տալիս: Այդ ժամանակ ներքին գործերի վարչության պետ, գնդապետ Արմեն Իսագուլովը մոտեցավ ինձ ու Ռոլես Աղաջանյանին և խնդրեց, որ ժողովրդին համոզենք ճանապարհ տան Բաղիրովին: Մենք ասացինք, որ մեր դեպուտատները շրջափակման մեջ են Խոջալուում, եթե նա կարգադրի ազատ արձակել դեպուտատներին, մենք էլ նրանց դուրս գալու ճանապարհը կապահովենք: Իսագուլովն այս բանը հայտնեց պարետին, որը մի ռուս գեներալ էր: Նա մեր ներկայությամբ ռացիայով կապվեց Ասկերանի պարետի հետ և կարգադրեց բաց թողնել դեպուտատներին: Մենք սպասեցինք այնքան, մինչև դեպուտատները կհասնեն Ստեփանակերտ, դրանից հետո թույլ տվեցինք, որ Ադրբեջանի Կոմկուսի քաղցած ղեկավարները գնան ճաշելու: Նրանք ձգտում էին նստաշրջանը խափանել մարզխորհրդի գործկոմի որոշմամբ, բայց մենք թույլ չտվեցինք, որ գործկոմը հավաքվի, նրա անդամներից շատերին պարզապես թաքցրինք: Քվորումը դարձյալ չէր ապահովվում։ Զանգեցի Գենրիխ Անդրեևիչին, քարտուղարուհին միացրեց. ՙԳենրիխ Անդրևի՜չ, որ հիմա չես գալիս, բա ե՞րբ ես գալու, դու էլ հայրենասեր մարդ ես, ո՞նց հասկանանք՚։ Նա` թե. ՙՌազմի՜կ, ես քեզ կասեմ ինչու չեմ գալիս, ու դու ինձ կհասկանաս՚։ Դեպքերից առաջ անցնելով ասեմ, որ պատրաստվում էին նրան առաջին քարտուղար նշանակել, դրա համար չէր գալիս։ Վիգեն Սուրենովիչին էլ ես ու Ղուկասյան Էդիկն ենք համոզել, որ նիստը նախագահի, իսկ Ղազյան Լենորին նախկին ռադիոկոմիտեի շենքում սենյակներից մեկում փակել ենք, որ չվերահամոզեն, ներսից որոշ կուսակցական աշխատողներ փորձում էին խոչընդոտել նստաշրջանի հրավիրմանը։ Ինչ անում-չէինք անում, էլի մի ձայն պակասում էր, գնում եմ դատարանի նախագահ Դադայան Նիկոլայի ետևից։ Գնում, տեսնում եմ անկողնում պառկած, ջերմաչափը թևատակին, ջերմությունը 40 աստիճան էր, կինն ասում է` վեր կաց գնա, Ռազմիկը քեզ սեսիայի ավարտից հետո տուն կբերի։ Այդպես էլ անում եմ։ Նստաշրջանը կայանում է, դեպուտատներն ակտիվ ելույթ են ունենում, հրաշալի ելույթով է հանդես գալիս գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, որից հետո գիշերվա 11-ին գնում եմ դատավոր Ռազմիկ Սարգսյանի հետևից, որ օգնի նստաշրջանի որոշման իրավաբանական ձևակերպմանը։ Որոշումը ես ու Կարեն Բաբուրյանը ծածուկ տանում ենք ՙՂարաբաղ՚ հյուրանոց, որտեղ գաղտնի իջևանել էր Հայաստանից ժամանած գլխավոր դատախազ Ռոբերտ Նազարյանը։ Նա մի քանի փոքր շտկումներ է կատարում և ասում, որ լավ է։ Առավոտյան այն տպում ենք և փետրվարի 21-ին Ռոբերտ Բաղդասարյանի ու Պավել Նաջարյանի միջոցով ուղարկում Երևան։
Այսպես քվորումն ապահովվեց ու պատմական նստաշրջանը կայացավ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ նրա ընդունած որոշումները հայտնի դարձան ողջ աշխարհին։ Արտահայտելով Ղարաբաղի ժողովրդի միահամուռ կամքը՝ աշխատավորների դեպուտատների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նստաշրջանը որոշում կայացրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու հարցով դիմել համապատասխան մարմիններին։ Այդ որոշմանն անհամբերությամբ էին սպասում քաղաքի հրապարակում միտինգ անող հազարավոր մարդիկ։
Բաքվից եկած ղեկավար պաշտոնյաները հույս ունեին, որ շրջաններում կարող են հաջողության հասնել և ձեռք բերել Ղարաբաղը Հայաստանին միացնելու դեմ կայացրած որոշումներ, բայց դա նրանց չհաջողվեց։ Ամենուրեք հանդիպեցին կուսակցական¬խորհրդային աշխատողների ու ողջ ժողովրդի կտրուկ դիմադրությանը և ձեռնունայն վերադարձան Բաքու։