[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ամեն տարի ԶԼՄ-ներն անդրադառնում են 1988թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանին, թե ինչպես այն տեղի ունեցավ, ովքեր ելույթ ունեցան և այլն: Ինքս էլ ժամանակին հոդված եմ գրել այն մասին, թե ինչպես ապահովվեց նստաշրջանի քվորումը: Բայց երբևէ չեմ հանդիպել այդ շրջանակում շրջանային խորհուրդների նստաշրջաններին վերաբերող որևէ անդրադարձի: Մինչդեռ հայտնի է, որ Շարժման կենտրոնը հենց շրջաններից է տեղափոխվել Ստեփանակերտ:

Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը, որի հետ զրույցները միշտ կարևոր շտրիխ են ավելացնում Շարժման պատմությանը, ամեն անգամ ինձ հորդորում է արխիվից հանել Ասկերանի շրջխորրդի` 1988-ի փետրվարի 20-ի առավոտյան տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արձանագրությունը` գրված իմ իսկ ձեռքով, որը կարող է լրացնել Շարժման տարեգրությունը: Անկեղծ ասած` անհամեստ չերևալու ցանկությունն է ինձ հետ մղել անդրադառնալու այդ նյութին, բայց, ի վերջո, հաղթեց պատմության կենդանի ձայնը ներկայացնելու ներքին պարտադրանքը: Կարծում ենք` պատմական իրադարձությունների այս մասնավոր վերարտադրումը ևս կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր իրապես շահագրգռված են Արցախյան շարժման պատմության անաչառ մատուցմամբ:
Սլավիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հուշերից. - Կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը շրջխորհրդի գործկոմի նախագահ Վիլեն Քոչարյանին հանձնարարել էր Շարժման նախաձեռնող խմբի հետ համագործակցելով` գումարել շրջխորհրդի արտահերթ նստաշրջան։ Վերջինս էլ իր հերթին հանձնարարեց իր տեղակալ Սլավա Բարսեղյանին: Նրա հետ պայմանավորվեցինք պատգամավորներից դիմումներ հավաքելու մասին։ Դրանց մի մասը հավաքում էր Շարժման նախաձեռնող խումբը, մի մասն էլ` իրենք: Համատեղ ուժերով հավաքվեց 29 դիմում։ Շրջխորհրդի նիստում հարցը քննարկվեց և որոշվեց արտահերթ նստաշրջան անցկացնել փետրվարի 20-ի առավոտյան։
Նստաշրջանի անցկացումը տարբեր շրջաններում տարբեր օրերի էր նախատեսվել։ Վ. Գրիգորյանի հանձնարարությամբ Ս. Բարսեղյանը գրել է նստաշրջանի որոշման նախագիծը և ուղարկել մյուս շրջաններ: Կոմիտաս Դանիելյանի հետ միասին պայմանավորվել էինք, որ նիստի նախագահը լինելու է իշխանության, իսկ քարտուղարը` Շարժման ներկայացուցիչ։ Որպես Շարժման ներկայացուցիչ` նկատի ենք ունեցել Սվետլանա Խաչատրյանին, որը տվյալ ժամանակահատվածում եղել է Ասկերանի շրջանային խորհրդի պատգամավոր և ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագրի տեղակալը։ Այդպես էլ վարվեցինք: Նստաշրջանի արձանագրությունն այսօր էլ պահպանվում է, և այն հոյակապ նյութ է Արցախյան շարժման պատմության համար։ Ես կառաջարկեի այդ նյութերը հրապարակել, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, որ նստաշրջանը ոչ թե մի խումբ մարդկանց գործ էր, այլ համաժողովրդական պահանջի արդյունք։ Ժողովո՜ւրդն է պահանջել նստաշրջան անցկացնել, և պատգամավորներն էլ, լինելով ժողովրդի ներկայացուցիչները, ժամանակին կատարել են իրենց պարտքն ու կայացրել կարևոր որոշում։
Եվ այսպես, ներկայացնում ենք որոշ դրվագներ Ասկերանի շրջխորհրդի արտահերթ նստաշրջանից: Մինչև նիստը սկսվելը` Բադարայի միջնակյարգ դպրոցի ուսուցիչ Սուրեն Առստամյանը հանդես է եկել կոչով, որով հորդորել է պատգամավորներին լսել ժողովրդի ձայնը: Իսկ այդ ժամանակ դրսում ժողովուրդը մեծ հանրահավաք էր անում: Շրջգործկոմի բաժնի վարիչ-շրջխորհրդի նախագահի տեղակալ Սլավա Բարսեղյանի բացման ընդարձակ խոսքով ազդարարվել է հիշարժան նիստի սկիզբը։
Նստաշրջանում ելույթ ունեցած բոլոր պատգամավորները` կապի շրջանային հանգույցի պետ Մարատ Հակոբջանյանը, ագրոարդյունաբերական աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ Անյա Ասատրյանը, սովխոզտեխնիկումի բանվորուհի Երմոնյա Սարգսյանը, Չանաղչու գյուղսովետի գործկոմի նախագահ Արտաշես Ավանեսյանը, շրջժողկրթբաժնի վարիչ Ալյոշա Գաբրիելյանը, պետբանկի Ասկերանի շրջանային բաժանմումքի կառավարիչ Վլադիմիր Միքայելյանը, Խնձրիստանի Վորոշիլովի անվան սովխոզի դիրեկտոր Անդրեյ Գրիգորյանը, Շուշիքենդի Էնգելսի անվան կոլտնտեսության բանջարաբույծ Թամարա Փարամազյանը, Հարավի Ֆիոլետովի անվան կոլվարչության նախագահ Լենսեր Անդրյանը, գյուղատնտեսական տեխնիկումի վերանորոգման ձեռնարկության պետ Վալերի Հարությունյանը, արտահայտել են Ղարաբաղը մայր Հայաստանի հետ վերամիավորման իրենց ընտրողների բաղձանքը:
Ներկայացնենք Շարժման մեջ կարևոր դերակատարում ունեցած` երջանկահիշատակ Մարատ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ելույթը.
- Մեր այսօրվա նստաշրջանը բավականին շնորհակալ աշխատանքի է ձեռնամուխ եղել: Այսօր, ընդառաջելով շրջանի աշխատավորների, ողջ հասարակության, մեր ընտրողների ցանկությանն ու խնդրանքին, քննարկում ենք չափազանց հրատապ, կենսականորեն անհրաժեշտ մի հարց, որի նշանակությունը, ըստ իս, չի կարելի համեմատել նախկինում քննության առնված և ոչ մի խնդրի հետ: Մի հարց, որին տասնամյակներով ի վեր սպասում է հայ ժողովրդի ղարաբաղյան հատվածը: Շուրջ 70 տարի Լեռնային Ղարաբաղի բնակչության հոգում միշտ անմար են եղել Մայր Հայաստանին վերամիանալու արդար ցանկությունն ու հույսը, բայց միայն հիմա է հնարավոր դարձել ուղղելու պատմական, ճակատագրական այդ կոպիտ սխալը։ Ափսոսալ կարելի է, որ ոմանք չեն հավատում կամ չեն ուզում հավատալ մեր ժամանակների հիրավի հեղափոխական ոգուն և ոչ միայն իրենք են շարունակում գործել լճացման տարիների դատապարտելի ոճով, այլև ուրիշներին են ուզում մոլորեցնել։ Ինչ լավ է, սակայն, որ այդպիսիներից իսկույն երես են դարձնում մասսաները։ Վկան մեր մարզում տիրող այսօրվա իրավիճակն է։ Եվ պետք է ասել, որ մեր ժողովրդի պայքարը ոչ միայն Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու համար է, այլև հանուն վերակառուցման, ճշմարտության, արդարության, դեմոկրատիայի ու հրապարակայնության հաղթանակի։ Մենք հավատում ենք այդ հաղթանակին։ Միայն զարմանալ կարելի է այն վայ- ղեկավարների բռնած դիրքից, որոնք տարիներ ի վեր իբր խոսել են ժողովրդի շահերից, բայց այսօր մեկուսացել են նրանից։ Կարիք կա՞ ապացուցել, որ ով ժողովրդի հետ չէ, նա ոչնչի հասնել չի կարող` ինչքան էլ ապարդյուն ճիգեր գործադրի։ Ժողովրդին հնարավոր չէ այլևս խաբել։ Մեզ պետք չեն կեղծ նվիրատվություններ։ Ղարաբաղում սով չէ, եթե կա` միայն հոգևոր սով է։ Մեր ժողովրդի ցանկությունը շատ պատկերավոր է արտահայտել սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհարիկ Սարինյանը Մոսկվայում` Կենտկոմում. ՙՄեզ մի կտոր չոր հաց և մի կում ջուր է հարկավոր և Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելը՚:
Ղարաբաղը` Հայաստանին. այս է բոլոր ղարաբաղցիների ցանկությունը: Դա միանգամայն արդարացի պահանջ է, և իզուր են որոշ ՙգործիչներ՚ տագնապ հայտարարել: Մենք ուրիշի ունեցվածքին աչք չենք գցել, մենք մեր հողերն ենք ուզում վերամիավորել, ուզում ենք ապրել մեր ժողովրդի հետ և միշտ մնալ լավ, բարի հարևաններ ադրբեջանական ժողովրդի հետ։ Ցավոք, որոշ մարդիկ ցանկանում են ծուռ հայելու մեջ ներկայացնել մեր պահանջը։ Այդպիսի մարդիկ կան նաև մեր շարքերում, որոնք փորձում են անվստահության սերմեր ցանել երկու հարևան ժողովուրդների միջև։ Պատմությունը չգիտի մի օրինակ, երբ հայ ժողովուրդը երբևէ ձեռք բարձրացրած լինի հարևան որևէ ժողովրդի, խաղաղ բնակչության վրա։ Մեր ժողովուրդը դրան ընդունակ չէ։ Նման հերյուրանքներ կարող են տարածել միայն նրանք, ովքեր դեմ են ժողովուրդների բարեկամությանը։ Այդպիսի մտածողներն են հենց էքստրեմիստներ, նացիոնալիստներ, ժողովրդի թշնամիներ, այլ ոչ թե նրանք, ովքեր ցանկանում են ուղղել պատմական սխալը, պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները։
Արտահերթ նստաշրջանը ընդունել է հետևյալ որոշումը.
1. Միաձայն հավանություն տալ Լեռնային Ղարաբաղը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորելու մասին աշխատավորական կոլեկտիվների և հասարակայնության առաջարկությանը, խնդրել ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի մարզային սովետի գործկոմին` տվյալ հարցը ներկայացնել ժողովրդական դեպուտատների մարզային սովետի նստաշրջանի քննարկմանը և, ղեկավարվելով ՍՍՀՄ Սահմանադրության 78-րդ կետի պահանջներով, հարց հարուցել Ադրբեջանական ու Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետների նախագահությունների առջև և խնդրել նրանց համաձայնությունը` Լեռնային Ղարաբաղը Հայկական ՍՍՀ-ի հետ վերամիավորելու հարցում։
2. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների Ասկերանի շրջանային սովետի գործկոմին` խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահությանը` արագացնել Լեռնային Ղարաբաղը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորելու հարցի ուսումնասիրումը և ազգային քաղաքականության լենինյան սկզբունքների համաձայն նրա լուծումը։
Նստաշրջանի որոշումը մինչև կեսօր հասցվել է մարզգործկոմ, որտեղ նույն օրը տեղի է ունեցել պատմական նստաշրջանը: