[ARM]     [RUS]     [ENG]

ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿՆՇԱՆԱԿԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ղարաբաղյան խաղաղ գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող համանախագահ պետություններին ոչ մի կերպ չի հաջողվում ստիպել Ադրբեջանին՝ հրաժարվել ագրեսիվ նկրտումներից։ Հակառակ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հորդորների՝ պաշտոնական Բաքուն համառորեն շարունակում է ցուցադրել հիմնախնդիրն ուժի դիրքից հանգուցալուծելու իր տեսլականը։ 

Փետրվարի 9-ին Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոնում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցուցումներ է տվել հրամկազմին։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Հասանովը կարգադրել է ՙհամարժեք պատասխան տալ թշնամու սադրանքներին և վճռականորեն դիմագրավել նրա սադրիչ գործունեությանը՚։ Տեղեկացնելով այս մասին՝ razm.info կայքն արձանագրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ում հռետորաբանություն է փոխվել. շուրջ կես տարվա ընդմիջումից հետո այնտեղ սկսել են խոսել հայկական կողմի ՙհնարավոր սադրանքների՚ մասին։
Այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար ռազմաշունչ հռետորաբանությունը կարևոր նշանակություն է ունեցել և ունի՝ իշխանությունը երկարաձգելու տեսանկյունից, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Իլհամ Ալիևին թվացել է, թե ագրեսիվ հռետորաբանությամբ հնարավոր կլինի բանակցային գործընթացում միջնորդների վրա ճնշում գործադրել և պայմաններ թելադրել, ինչը դրական ֆոն կստեղծեր նաև ներքին խնդիրների լուծման համար։
Այս դեպքում ինչի՞ մասին է նախազգուշացնում Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Դիվերսիոն գործողություններն ու սադրանքները հատուկ են ադրբեջանական կողմին, ինչին մենք ականատես ենք եղել բազմաթիվ անգամ։ Հասանովի հայտարարությունից հետևում է, որ պետք է սպասել հենց իրենց կողմից նախապատրաստվելիք ռազմական սադրանքների։ Ուրեմն, հենց այսպիսին է Բաքվի պատասխանը համանախագահների վերջին հայտարարությանը, որում կոչ էր արվել հակամարտող կողմերի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։
Շուրջ կես տարվա ընդմիջման մասին վերոհիշյալ ակնարկն, անտարակույս, ունի իր ենթատեքստը։ Հայաստանում տեղի ունեցած ՙթավշյա՚ հեղափոխությունից հետո Իլհամ Ալիևին թվում էր, թե հայաստանյան նոր ղեկավարությունը կհակադրվի նախորդ իշխանության դիրքորոշմանը և կգնա միանգամայն այլ ճանապարհով։ Բաքվին էլ կհաջողվի գերտերությունների աջակցությամբ հասնել հիմնախնդրի՝ ի նպաստ ադրբեջանական կողմի լուծման։ Բաքվում ակնկալում էին տարածաշրջանային փոխակերպումներ, որոնց արդյունքում Ադրբեջանը կարող էր հայտնվել շահեկան վիճակում՝ իր համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելով կարգավորման գործընթացում։ Իսկ ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող իրադարձությունները պաշտոնական Բաքվին լավատեսություն էին ներշնչում այն իմաստով, որ Հայաստանի հնարավոր ձախողումը կդառնա Ադրբեջանի հաջողության սկիզբը։
Կյանքը ցույց տվեց նաև, որ Արցախի խնդիրը ներհայաստանյան գործընթացներին շաղկապելը սխալ հաշվարկ է։ Պաշտոնական Երևանը, ի գիտություն Ադրբեջանի, հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները Հայաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Արցախը որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ընտրությունը պիտի որ հասկանալի լինի. նրան մնում է բարբաջել հայկական կողմի ՙհնարավոր սադրանքների՚ մասին։
Ագրեսիվ հռետորաբանությունը նախատեսված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառման համար։ Ադրբեջանում չգրված օրենք է դարձել միջազգային կարևոր միջոցառումների, հանդիպումների նախօրեին ակտիվացնել ռազմական հռետորաբանությունը։
Նման կարևոր միջոցառումներից մեկը փետրվարի 15-17-ը
Մյունխենում հերթական անգամ անցկացված անվտանգության միջազգային համաժողովն էր, որին առանձնահատուկ կարևորություն էր տրվել համաժողովի կազմակերպիչների կողմից։ Սա մի հեղինակավոր հարթակ է, որն իր հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների պետական, քաղաքական գործիչների, դիվանագետների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Որպես կանոն, համաժողովին մասնակցելու հրավեր ստանում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի սկզբներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հետ։ Վերջինս հրավիրել էր նախագահին՝ ելույթ ունենալ համաժողովում։ Կարծում ենք, ՀՀ նախագահը լավ հնարավորություն ուներ՝ ներկայացնելու Արցախի անվտանգության խնդիրը եվրոպական հարթակում։ Ընդ որում՝ ներկայացնել ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Եվրոպական միության ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրի մասնակից պետություններ։
Ագրեսիվ հռետորաբանությունն ադրբեջանական քաղաքական վերնախավը կիրառում է ներքին լսարանի վրա ազդեցությունը պահպանելու նպատակով։ Այն պարագայում, երբ երկրում օրըստօրե խորանում է հասարակական դժգոհությունը, որին էլ գումարվում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվությունը, պատերազմի թեման կարելի է վերստին շրջանառության մեջ դնել՝ հասարակությանը սոցիալական խնդիրներից և քաղաքական պայքարից շեղելու համար։ Ալիևյան կլանի հաշվարկներով՝ հայատյացության գաղափարախոսության շուրջ կարելի է համախմբել ադրբեջանական հասարակության իշխանամետ և ընդդիմադիր ուժերին։
Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն անդրադարձել է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը Mediamax գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նման քաղաքականությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ստվեր է գցում կարգավորման ամբողջ գործընթացի վրա, հետ շպրտում այն։ Ուստի, առաջին փուլում ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ատելության արշավը և, գուցե միջազգային աջակցությամբ գործուն քայլեր ձեռնարկեն՝ արմատախիլ անելու տարիներ շարունակ հայերի նկատմամբ սերմանվող անհանդուրժողականությունը։
Հայատյացություն և անհանդուրժողականություն քարոզելով, ինչպես նաև ռազմաշունչ հռետորաբանության միջոցով հնարավոր չէ հասնել հիմնախնդրի հանգուցալուծման։ Բայց դրանից էլ հրաժարվել չի լինի, քանզի Իլհամ Ալիևի համար դա կնշանակի իշխանության հանձնում։ Պարզ մեսիջ ադրբեջանական հասարակությանն առ այն, որ իշխող կլանի անհեռանկար քաղաքականությանը կարելի է վերջ դնել ժողովրդավարական ուժերի համատեղ ջանքերով միայն, արմատական և համակարգային փոփոխությունների արդյունքում։