[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ

 

 

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ

 

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ցնցեց աշխարհը, մասնավորապես` խորհրդային երկիրը` միջազգային հանրության ուշադրությունը սևեռելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներին: 1988-ի համաժողովրդական պայքարն ամրագրվեց ԼՂԻՄ ժողովդական պատգամավորների մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի հայտնի որոշմամբ, որին նախորդել էին ԼՂԻՄ շրջանների ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդների արտահերթ նստաշրջանները։
1988 թվականի փետրվարի 13-ին շրջկոմի բյուրոյի որոշմամբ հրավիրված էր Հադրութի շրջանային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ նստաշրջանը։ Փետրվարի 12-ին Հադրութի շրջկոմում հրավիրվեց կուսակցական-տնտեսական ակտիվի ժողով, որտեղ որոշում պետք է ընդունվեր ԼՂԻՄ-ը թողնել Ադրբեջանի կազմում: Ժողովուրդն սկսեց հավաքել շրջկոմի բակում։ Երբ ժողովն ավարտվեց, Հադրութի գրեթե ողջ հասուն բնակչությունը շրջապատել էր շրջկոմի շենքը։ Հավաքված ամբոխը պահանջեց ցույց տալ ժողովի արձանագրությունը։ Մարզգործկոմի նախագահ Օսիպովը հրաժարվում էր կատարել մարդկանց պահանջը։ Երկար բանակցություններից հետո մի խումբ ցուցարարներ ներխուժեցին շենք և ցանկացան վերցնել արձանագրությունը։
Զգալով նման վտանգ`ադրբեջանամետ ուժերը ոչնչացրին արձանագրությունը։ Տեղի ունեցած հանրահավաքի հետևանքով 1988 թվականի փետրվարի 13-ին շրջկոմի բյուրոյի որոշմամբ հրավիրված Հադրութի շրջանային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ նստաշրջանը տեղի չունեցավ։ Անհնար է նկարագրել ժողովրդի խանդավառությունը։ Տարիների հեռվից հստակ հիշում եմ այն խիզախ անհատականություններին, ովքեր խնամքով կազմակերպել են ազգափրկիչ շարժումը, եղել պայքարի առաջին գծում։
Ստեղծված դրությունից ելնելով` Հադրութի շրջխորհրդի գործկոմը շրջխորհրդի 50 պատգամավորների պահանջով 1988 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ նստաշրջանի հրավիրումը տեղափոխեց փետրվարի 20-ը։ Արտահերթ նստաշրջանի հրավիրումն առաջացել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու ժողովրդի պահանջով։ Բացելով նստաշրջանը` շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը (տողերիս հեղինակը) նշեց, որ շրջանային խորհրդի 77 պատգամավորից նստաշրջանին մասնակցում է 62 պատգամավոր, ինչը թույլ է տալիս սկսել նստաշրջանի աշխատանքները։ Մինչ օրակարգի հաստատումը պատգամավոր Վալերի Միքայելյանը առաջարկեց նստաշրջանի օրակարգ մտցնել ՙԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին վերամիավորելու մասին՚ հարցը, իսկ երջանկահիշատակ պատգամավոր Վալերի Ալավերդյանն առաջարկեց նստաշրջանի օրակարգ մտցնել ՙԼՂԻՄ-ը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վերամիվորումը Մայր Հայստանին և այդ հարցով Շահումյանի, Դաշքեսանի, Շամխորի և Խանլարի շրջաններում հանրաքվե անցկացնելու մասին՚ հարցը։ Ձայների մեծամասնությամբ օրակարգ մտցվեց Վալերիկ Ալավերդյանի առաջարկած հարցը ևս։ Քննարկման արդյունքներով ընդունվեց համապատասխան որոշում, որը, պատգամավորների պահանջով, ուղարկվեց ԼՂԻՄ մարզային խորհուրդ, իսկ որոշումը հեռագրվեց ՍՍՀՄ-ի, Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդներին։
;