comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 (Սկիզբը՝ նախորդ համարում)

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հիշեցրեց 2018 թվականի ամռանը մեր հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր Հանրային խորհուրդ, իսկ Ազգային ժողովում՝ Քննիչ հանձնաժողով։ Կատարված աշխատանքներն ի մի բերելուց հետո արվել են որոշ եզրակացություններ, մասնավորապես շեշտվել է այն միտքը, որ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) արձանագրվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Այդ մասին բարձրաձայնելուց հետո որոշ փոփոխություններ կատարվել են նշված հիմնարկներում, սակայն դրանով չի կարելի բավարարվել։ ՔԿՀ-ները ոստիկանության համակարգից դուրս բերելու և արդարադատության նախարարությանը փոխանցելու խնդիրը հստակ պետք է դրվի։
Գաբրիելյանի երկրորդ հարցը գյուղատնտեսության ոլորտից էր։ Գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրերը, պատգամավորի բնորոշմամբ, առանձին անհատների են ծառայում, հասու չեն փոքր հողակտորներ մշակողներին կամ միջին բիզնես ունեցող հողօգտագործողներին։ Կոնկրետ բանջարաբուծությանն առնչվող ծրագիրը մենատնտեսներին անհասանելի է։ Պետության կողմից սահմանված կարգը ծառայում է մի խումբ մարդկանց։
Առաջին հարցին պատասխանեց ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Քրեակատարողական հիմնարկները ոստիկանության համակարգից դուրս բերելը գերակա խնդիր է համարվում։ ԱՀ նախագահի հանձնարարականի համաձայն՝ խնդրին լուծում կտրվի չորրորդ եռամսյակում, քանի որ խոսքը գնում է մի քանի տասնյակ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի հետ կատարվելիք աշխատանքի մասին։ Նկատի ունենալով այն, որ օրենսդրական կարգավորումը կատարվելու է ԱԺ-ում, Դանիելյանն ակնկալում է այդ գործընթացում խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը։
Երկրորդ հարցի առնչությամբ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը նշեց, որ ոլորտի զարգացման աջակցության ծրագրերը համաձայնեցվում են շրջանային վարչակազմերի հետ։ Ծրագրերի մշակման ժամանակ նախարարությունը ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր հողօգտագործողներին և անասնապահներին։ Փոխնախարարի կարծիքով, խոչընդոտներ չկան, իսկ եթե որևէ մեկը չի կարողանում օգտվել նշված ծրագրերից, նշանակում է, որ գործող կարգի շրջանակներում նրա գործառույթները չեն տեղավորվում։ Փոքր հողատարածքներում նման ծրագրերի իրականացումը, համաձայն մասնագետների եզրակացության, կարող է ոչ արդյունավետ լինել։
Պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ 2008թ. ԱՀ-ում մեկնարկած պետական աջակցության հիփոթեքային վարկավորման ծրագրին՝ ընդգծելով, որ անցած տասը տարիների ընթացքում այդ ծրագիրն էական փոփոխությունների չի ենթարկվել։ 2018-ին ընդունվեց ծրագրի իրականացման նոր կարգ, որով նախատեսվում էր վարկավորման տոկոսադրույքը 12%-ից (ՀՀ դրամով) հասցնել15%-ի, այն դեպքում, երբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից սահմանված տոկոսադրույքներն ավելի ցածր էին։ Ինչո՞վ էր պայմանավորված մեր հանրապետությունում վարկավորման տոկոսադրույքի բարձրացումը։
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզություն մտցրեց՝ ասելով, որ նոր կարգով տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվել։ Սահմանված առավելագույն դրույքաչափերն են՝ 15% (ՀՀ դրամի համար) և 12%՝ (արտարժույթի համար)։ Այդ որոշման ընդունումը պայմանավորված էր շուկայում գործող տոկոսադրույքներով։ Ներկա դրությամբ դրանցում նվազման որոշակի միտում է նկատվում, բայց՝ ոչ մեծածավալ վարկային ռեսուրսների մասով։ Սահմանվել է այնպիսի մեխանիզմ, որը կշահագրգռի շահառուին՝ ընտրություն կատարել տարբեր բանկերի կողմից առաջարկվող վարկերի միջև։ Պետնախարարի խոսքով՝ տոկոսադրույքի համաֆինանսավորման տրամաբանությունը դրվել է սուբսիդավորման մեջ, որպեսզի մի կողմից շահագրգռի մարդկանց, մյուս կողմից՝ բանկերին ստիպի նվազեցնել տոկոսները։ Փաստորեն պահպանվել են գործող տոկոսադրույքները, ավելացվել է պետության կողմից համաֆինանսավորումը։
Պատգամավոր Արարատ Օհանջանյանի հարցի հասցեատերը, ինչպես միշտ, առողջապահության նախարարությունն էր։ Բնակչության առանձին խմբերի համար սահմանված են արտոնություններ բուժման և բժշկական հետազոտությունների իրականացման համար։ Այդ ամենը կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Օհանջանյանը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներից, որոնցից գումար են պահանջել՝ բուժհիմնարկներում իրականացված ՙՄՌՏ՚ և ՙԿՏ՚ հետազոտությունների համար։ Մտահոգիչ հանգամանքն այն է, որ պետությունն օգնում է բնակչության այդ խմբերին, որպեսզի նրանք անվճար բուժում ստանան, բայց, միաժամանակ, որոշ հետազոտությունների դիմաց նրանցից գումար է վերցնում։ Ինչպե՞ս է գերատեսչությունը վերաբերվում այս խնդրին։
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի իրազեկմամբ՝ ՙՄՌՏ՚ հետազոտությունը մեր հանրապետությունում իրականացվում է անցյալ տարվա դեկտեմբերից։ Մինչ այդ բոլոր հետազոտվողներն ուղեգրվում էին Հայաստան։ Բոլոր քաղաքացիների համար՝ լինեն սոցիալապես անապահովներ, թե ոչ, կամ հաշմանդամության կարգ ունեցողներ, անհետաձգելի հետազոտություններն անվճար են։ ՙԿՏ՚ հետազոտության դիմաց նախատեսված գումարը պետության կողմից սուբսիդավորվում է. 60%-ը՝ պետությունն է վճարում, 40%-ը՝ քաղաքացին։ Եթե դեպքերը պլանային են, ՙՄՌՏ՚-ի համար գումարի կեսը քաղաքացին է մուծում, մյուս կեսը՝ պետությունը։ Բաղրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ անհետաձգելի հետազոտություններն անվճար են բոլոր քաղաքացիների համար։
Պատգամավոր Ռիտա Մնացականյանը տեղեկացրեց, որ ՙԴաշնակցություն՚ խմբակցությանն են դիմել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մի խումբ այրիներ և ծնողներ։ Նրանց համար վիրավորական է այն, որ 28 տարի առաջ պետության կողմից սահմանված նպաստի չափը՝ 15 հազար դրամ, առ այսօր չի փոխվել։ Անցած տարիներին մի քանի անգամ բարձրացրել են և՜ աշխատավարձերը, և՜ թոշակները, սակայն տրվող նպաստը փոփոխության չի ենթարկվել։ Օրըստօրե աճող գներն ավելի են ծանրացնում այդ մարդկանց հոգսերը, ուստիև, նրանք խնդրում են վերանայել նպաստի չափը։
Երկրորդ հարցը բռնադատվածներին էր վերաբերում։ Գործող օրենքում հստակ նշված է, թե ով է համարվում բռնադատված։ Կա նաև այսպիսի բնորոշում. ՙԱդրբեջանի հետաքննական և նախաքննական մարմինների կողմից անձը պահվել է անազատության մեջ՚։ Մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, պահվել Շուշիի կամ ադրբեջանական այլ բանտերում, ենթարկվել դաժան կտտանքների, սակայն կարգավիճակ չեն ստացել։ Ի՞նչ հիմքերով են մերժվել այդ մարդկանց՝ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու մասին դիմումները։
Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն առաջին հարցի առնչությամբ ասաց, որ անցած 28 տարիների ընթացքում վերանայվել են աշխատավարձերի, թոշակների և դրամական օգնությունների չափերը։ Նախարարի խոսքով՝ եթե ամբողջ փաթեթից մի նպաստի տեսակ չի վերանայվել, չի նշանակում, թե այդ ընտանիքներն իրականում շատ լուրջ տուժում են։ Նպաստի բարձրացման հարցն, իհարկե, օրակարգային է, և առաջին իսկ հնարավորության առկայության դեպքում չափերը կվերանայվեն։
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը վկայակոչեց բռնադատվածների մասին օրենքը և ասաց, որ վերջին 6 տարիների ընթացքում կարգավիճակի հարցով նախարարությանը դիմած քաղաքացիներից ոչ մեկը մերժում չի ստացել։ Օրենքում նաև փոփոխություն է կատարվել. Արցախյան ազատագրական շարժման ժամանակ բռնադատված քաղաքացիների վերաբերյալ նոր հոդված է մտցվել։ Նախարարի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ ենթադրյալ բռնադատվածի կարգավիճակ ունեցող քաղաքացին, համապատասխան փաստերը ներկայացնելուց բացի, պետք է դիմի նաև դատարան։ Գործերը քննվում են առաջին ատյանի դատարանում, վկաները հարցաքննվում են, կայացված վճիռը փաստաթղթերի հետ ներկայացվում է պետական հանձնաժողով։ Հնարավոր չէ, որ մեզ մոտ քաղաքացու՝ հիմնավորված փաստարկներով դիմումը մերժվի։ Ընդհանուր հաշվով, մեր հանրապետությունում 285 քաղաքացի ունի բռնադատվածի կարգավիճակ։