comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԷՐԴՈՂԱՆԸ ՙԽԵՂԴՈՒՄ Է՚ ԱԼԻԵՎԻՆ
Logo
Print this page

ԷՐԴՈՂԱՆԸ ՙԽԵՂԴՈՒՄ Է՚ ԱԼԻԵՎԻՆ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ հրաժարական է տվել Թուրքիայի Մեջլիսի խոսնակ Բինայլի Յիլդիրիմը։ Նրա փոխարեն իշխող կուսակցությունն այդ պաշտոնում ընտրել է Մուստաֆա Շենթոփին։ Վերջինս, ըստ ձեւավորված ավանդույթի, առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարել է Ադրբեջան։ 

Մարտի 6-ին Մուստաֆա Շենթոփին եւ նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Կողմերը դիվանագիտական հավուպատշաճության սահմաններում սիրալիրություններ են փոխանակել։ Երկուստեք ընդգծվել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակն Իլհամ Ալիեւին է փոխանցել Ռեջեբ Թայիբ Էրդողանի ողջույնի ուղերձը։ Ալիեւը փոխադարձել է սիրալիրությունը։ Թվում է, ամեն ինչ, իրոք, բարձր մակարդակով է անցել։ Բայց մամուլում կարճ տեղեկատվություն է հայտնվել, որ լրագրողների հետ շփվելիս Թուրքիայի Մեջլիսի խոսնակը բավական ինտրիգային հայտարարություն է արել՝ ասելով, որ Ադրբեջանում կան Գյուլենի համար աշխատող լրատվամիջոցներ։
Խոսքը վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի թիվ 1 քաղաքական հակառակորդին՝ աստվածաբան Ֆեթհուլլա Գյուլենին, որը վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։ Թուրքիան բազմիցս պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ը Գյուլենին արտահանձնի՝ կապված երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման գործով նրա դեմ հարուցված քրեական գործի հետ։ ԱՄՆ-ը գտնում է, որ Գյուլենի դեմ հարուցված մեղադրանքն այնքան հիմնավոր չէ, որպեսզի քննարկվի նրան արտահանձնելու հարցը։
Միաժամանակ անցած շուրջ երեք տարում Թուրքիան մի քանի անգամ բարձրացրել է Ադրբեջանում այսպես կոչված՝ գյուլենական ընդհատակի հարցը։ Ադրբեջանի իշխանություններն ստիպված էին փակել Գյուլենի հովանավորչությամբ գործող տասնյակ մասնավոր դպրոցներ, ինչպես նաեւ Բաքվից արտաքսել թուրք հարյուրավոր գործիչների, այդ թվում՝ նաեւ գործարար շրջանակներից։
Տպավորություն կար, որ Անկարան բավարարված է Ալիեւի կառավարության հակագյուլենական քայլերով, եւ կողմերի միջեւ տարակարծությունները հարթված են։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակի վերջին հայտարարությունը գալիս է ցրելու այդ տպավորությունը։ Դա նշանակում է, որ Թուրքիայի նախագահը բավարարված չէ Ադրբեջանում Գյուլենի հետեւորդների դեմ ձեռնարկված միջոցառումներով եւ Ալիեւի առջեւ նոր պայման է դնում՝ մաքրել ադրբեջանական մեդիան գյուլենականությունից։ Էրդողանի այս պահանջն ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների իրական բնույթը։ Կողմերը փաստացի միմյանց չեն վստահում։ Որոշ դեպքերում Ստամբուլը դառնում է Ալիեւի իշխանությունից դժգոհ գործիչների հանգրվան։ Քիչ չեն դեպքերը, երբ թուրքական մամուլում տեղ են գտնում Ադրբեջանի իշխող ռեժիմի բնույթը մերկացնող հրապարակումներ։
Այդ կապակցությամբ, իհարկե, Բաքվում տրտնջում են, բայց բանը չի հասնում բացահայտ բողոքի։ Իսկ թուրքական կողմն, ինչպես տեսնում ենք, ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի Ալիեւին հիշեցնի, թե երկկողմ հարաբերություններում եղանակ պատվիրողն ով է։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակը փաստացի Ալիեւին է փոխանցել Էրդողանի պահանջը՝ համակարգային փոփոխությունների ենթարկել ադրբեջանական մեդիա դաշտը, այն մաքրել Գյուլենի եւ նրա հետեւորդների ազդեցությունից։ Սա չափազանց նուրբ թեմա է։ Ադրբեջանում անկախ մամուլ փաստորեն գոյություն չունի, բոլոր մեդիա-ռեսուրսները վերահսկվում են Իլհամ Ալիեւի աշխատակազմի կողմից։ Հազիվ թե դա թուրքական կողմի համար գաղտնիք է։
Եւ եթե այս իրավիճակում Էրդողանը դնում է ադրբեջանական մեդիա-դաշտի փոխակերպման պահանջ, նշանակում է, որ նա Գյուլենին սատարելու մեջ կասկածում է անձամբ Իլհամ Ալիեւին։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ալիեւը՝ շտկելու իրավիճակը։ Ադրբեջանում, թվում է, մամուլի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների տեղ այլեւս չի մնացել։ Բայց դա Էրդողանին քիչ է հուզում։ Նա հետեւողականորեն ՙխեղդում է՚ Ալիեւին՝ նրանից հավատարմության եւս մեկ ապացույց ունենալու համար։ Եւ Ալիեւն անզոր է այդ ճնշման դեմ։ Ադրբեջանական մեդիային, ամենայն հավանականությամբ, սպասվում են նոր եւ ավելի դաժան փորձություններ։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.