comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Մարտի 1-ից Ադրբեջանը 10,5 տոկոսով բարձրացնում է Վրաստանին մատակարարվող բնական գազի գինը։ Դա քաղաքական որոշում է։ Երկու երկրների հարաբերություններում առաջացել է որոշակի լարվածություն, եւ Ադրբեջանը փորձում է հնարավորինս անհարմարություններ ստեղծել իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցության համար։

Ստեղծված իրավիճակում պատասխան ի՞նչ քայլեր կարող էր անել Վրաստանը՝ փորձագետները դժվարանում են կանխատեսել։ Բայց, պարզվում է, Թբիլիսին ուներ պահեստային տարբերակ, որը եւ գործի է դրվել։ ՙԱյո, մենք Ռուսաստանի հետ բանակցում ենք, հավանաբար, Ռուսաստանից կգնենք որոշակի քանակությամբ գազ, որը հնարավորություն կտա պահպանել էներգաանվտանգությունը եւ էներգաանկախությունը՚- խորհրդարանական կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան։ Այդ մասին ոչ առանց ներքին լարվածության գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հատկապես ուշադրության է արժանի վրացի նախարարի այն միտքը, որ երկիրը պետք է ունենա գազի ոչ թե մեկ, այլ մի քանի մատակարար, որը կապահովի դիվերսիֆիկացում եւ շուկայական մրցակցություն։ Քոբուլիան ավելացրել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ են, ժամանակատար, քանի որ Վրաստանը ցանկանում է բարելավված պայմանների հասնել։ Վրացի նախարարը չի նշել, թե խոսքն ի՞նչ ծավալի գնումների մասին է։ Նա խորհրդարան է հրավիրվել ընդդիմադիր ՙՄիասնական ազգային շարժում՚ խմբակցության պահանջով։ Վրացի խորհրդարանականներին, մասնավորապես, հետաքրքրել է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարման տարանցման խնդիրը։ Նախկինում Վրաստանը սեփական կարիքների համար վերցնում էր տարանցվող գազի 10 տոկոսը։ Վերջին շրջանում, սակայն, Վրաստանը գերադասում է ստանալ դրամական փոխհատուցում, որը տարեկան կազմում է 11 միլիոն դոլար։ Վրացի ընդդիմադիր խորհրդարանականների կարծիքով՝ նախկինում սեփական կարիքների համար պահված գազի շուկայական գինը մի քանի անգամ ավելի բարձր էր, քան դրամական տեսքով այսօր ստանում է Վրաստանը։ Վրացական ընդդիմությունն, ինչպես հայտնի է, փայփայում է Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական եւ քաղաքական սերտ ինտեգրացիան եւ ներկայիս կառավարությանը քննադատում այդ ուղեգծից շեղվելու համար։ Խորհրդարանական քննարկումների ընթացքում վրացի նախարարը չի հիշատակել Ադրբեջանի անունը, բայց նրա պնդումը, որ Վրաստանը չպետք է կախված լինի գազի մեկ մատակարարից, արդեն իսկ շատ հեռուն գնացող քաղաքական հայտարարություն է։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայում Ադրբեջանն է Վրաստանի գազի միակ մատակարարը։ Բաքվում, ըստ երեւույթին, հաշվարկ են կատարել այն կանխավարկածով, որ վրաց-ռուսական հարաբերությունների հայտնի լարվածությունը կողմերին թույլ չի տա քննարկել տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, հիմք է ընդունել սեփական մոտեցումները։ Մինչդեռ, պարզվում է, Վրաստանը եւ Ռուսաստանը կարողանում են քաղաքական տարաձայնությունները թողնել մի կողմ եւ քննարկել փոխշահավետ համագործակցության հետ կապված հարցեր։ Եւ եթե վրացի նախարարն այդ մասին բարձրաձայնել է խորհրդարանական լսումներին, նշանակում է` Վրաստանը եւ Ռուսաստանը նկատելի առաջընթաց են արձանագրել բանակցություններում։ Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կդառնա Վրաստանի գազի երկրորդ մատակարարը։ Իսկ դա նշանակում է, որ գազի շուկայում Ադրբեջանը կորցնում է վրացական մենաշնորհը։ Դա իր հերթին կողմերի քաղաքական տարաձայնությունների խորացման պատճառ կարող է դառնալ։ Այն ջանքերը, որ Ադրբեջանը գրեթե երկու տասնամյակ գործադրել է, որպեսզի Վրաստանին ներքաշի հակահայկական կոալիցիայի մեջ, ակնհայտորեն ձախողված են։ Հայկական կողմի համար դա հնարավորություն է՝ քաղաքակրթական ընդհանրության հիմքով արմատապես բարելավելու Վրաստանի հետ հարաբերությունների ողջ համալիրը՝ ներառյալ անվտանգային բաղադրիչը։

;