comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞ ՏԵՂԱՇԱՐԺ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞ ՏԵՂԱՇԱՐԺ

 

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

Փետրվարի վերջերին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում։ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա վրաց-ադրբեջանական համագործակցությունը որակել է ռազմավարական՝ շեշտելով եվրոպական ուղղությամբ տրանսպորտային-էներգետիկ քաղաքականության կարևորությունը, ինչպես նաև պայքարը կորսված տարածքների համար։ Այս երկու առաջնահերթություններն, ըստ Վրաստանի նախագահի, նախանշում են երկու երկրների զարգացման ռազմավարությունը։

Ադրբեջանի նախագահը նույնպես կարևորություն է տվել էներգետիկ նախագծերին, սակայն ի տարբերություն վրացի իր գործընկերոջ, ուշադրությունը սևեռել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքին՝ ակնարկելով, որ առանց Անկարայի տարածաշրջանային նախագծերը կյանքի չեն կոչվի։
Ինչո՞ւ Զուրաբիշվիլին հարկ չի համարել հիշատակել երեք պետությունների դաշինքը և դիվանագիտորեն շրջանցել է այն։ Պատասխանը, ամենայն հավանականությամբ, պետք է տեսնել Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների ներկայիս ճգնաժամի մեջ։ Փաստ է, որ, նախքան Ադրբեջան այցելելը, Զուրաբիշվիլին եվրոպական շրջագայության մեջ էր. պաշտոնական մի շարք հանդիպումներ էր անցկացրել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Քաղաքական զարգացումների այս խորապատկերին հասկանալի է դառնում Վրաստանի նախագահի կողմից Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքը լուսանցք մղելը։ Անշուշտ, պատահական չէր նաև Իլհամ Ալիևի հիշեցումը։
Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման տեսլականին, ապա այստեղ իրավիճակն այնպես չէ, ինչպես ցանկանում է ներկայացնել տիկին նախագահը։ Լինելով ազգությամբ վրացի, բայց անցյալում՝ ֆրանսիացի դիվանագետ, Զուրաբիշվիլին փորձելու է իր գործունեությամբ նպաստել Եվրոպա-Հարավային Կովկաս համագործակցության խորացմանը։ Անցյալ տարվա դեկտեմբերին, ստանձնելով պաշտոնը, նա հետևյալ հայտարարությունն էր արել. ՙՈրպես Վրաստանի նախագահ՝ ես, մեր ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգների և եվրոպացի ընկերների աջակցությամբ կանեմ առավելագույնը՝ այդ գործընթացին աջակցելու համար՚։
Ամբողջ հարցն այն է, թե Զուրաբիշվիլին ինչպես պետք է դա անի։ Նա քաջատեղյակ է եվրոպական հանրության կողմից ադրբեջանական բռնապետությանը հասցեագրվող քննադատություններին, անկասկած, իրազեկված է նաև Ալիևների ընտանիքին առնչվող աղմկահարույց կոռուպցիոն գործարքների ու նաև դրանց բացահայտման պատմություններին։ Ավելին, կարծում ենք, Եվրոպայի առաջատար պետության նախկին դիվանագետը, հնարավոր է, տիրապետում է այնպիսի փաստերի, որոնք դեռևս չեն դարձել միջազգային հանրության սեփականությունը։
Այժմ Զուրաբիշվիլին ղեկավարն է մի երկրի, որը Հարավային Կովկասի պետությունների մեջ առանձնանում է իր եվրոպական կողմնորոշմամբ, ձգտում է մտնել Եվրամիություն, նաև դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Գոյություն ունի՞ արժեքային ինչ-որ համակարգ, որը կանխորոշում է վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների հեռանկարը։ Արդյո՞ք այլատյացությունը տեղ ունի եվրոպական արժեհամակարգում, որին այնքան նվիրված է Վրաստանի նախագահը։ Այն, որ ադրբեջանական իշխանությունների հռչակած գաղափարախոսության հիմքում հայատյացությունն է, որով առաջնորդվում են ադրբեջանցի դպրոցականը, երիտասարդը և նույնիսկ մանկապարտեզի երեխան, նորություն չէ նաև Վրաստանի նախագահի համար։ Այս մասին հայկական կողմը քանիցս բարձրաձայնել է միջազգային հեղինակավոր կառույցներում։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ևս մեկ առիթ էր մարտի 6-ին Եվրախորհրդարանում անցկացված ՙՀայատյացություն. պատմական և արդի դրսևորումները՚ խորագրով համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա շեշտադրումներից մեկը ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ այլատյացության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունն է։
Մարտի 13-ին նախատեսված էր Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Երևան։ Հրավերը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Հետաքրքրություն կարող է ներկայացնել այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր կլինի հայ-վրացական հարաբերություններին ինչ-որ նոր բաղադրիչ ավելացնել։ Երևանն ու Թբիլիսին ունեն գործընկերային և բարիդրացիական հարաբերություններ, երկու երկրներն իրար մոտ են իրենց արժեհամակարգերով, ընդգրկված են Եվրամիության ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրում և, ի տարբերություն Ադրբեջանի, բարձր շահագրգռվածությամբ զարգացնում են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ եվրոպական ինտեգրացիան համարելով արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից մեկը։ Բրյուսելի հետ հարաբերություններում Ադրբեջանը չունի այն մակարդակը, որն ունեն Վրաստանն ու Հայաստանը։
Հայ-վրացական գործընկերային հարաբերություններում խնդիրը, թերևս, տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրման տարբեր ուղղություններն են։ Կա մեկ այլ խնդիր՝ տարածքային կորուստները, որը մեկ ընդհանուր հարթություն է բերում Ադրբեջանի և Վրաստանի շահերը։
Այդուհանդերձ, գործընկերությունը հնարավոր է զարգացնել խաղաղության և ժողովրդավարական բարեփոխումների պայմաններում։ Ադրբեջանի հետ փոխգործակցության հեռանկարի տեսլականը կառուցելիս Վրաստանն, ի վերջո, ելակետ է ընդունելու Հարավային Կովկասի անվտանգության առաջնահերթությունը, ինչը տրանսպորտային-էներգետիկ քաղաքականության իրականացման կարևորագույն պայմանն է։ Հնարավո՞ր է այլատյացություն քարոզելով, պատերազմի կոչերով և ուժի սպառնալիքով նպաստել տարածաշրջանի խաղաղության պահպանմանը։ Նաև հարց է՝ Եվրոպայի թելադրանքով գործող Զուրաբիշվիլին ինչպե՞ս է խորացնելու իր երկրի հարաբերություններն Ադրբեջանի հետ, եթե նկատի ունենանք Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքի թուլացման հանգամանքը ու նաև ադրբեջանական գազի մատակարարման հետ կապված խնդիրը։ Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ հնարավոր է, որ Թբիլիսին որոշակիորեն վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես վրաց-հայկական հարաբերությունները։ Կողմերի դիրքորոշումները, թերևս, ավելի պարզ կդառնան Հայաստանի և Վրաստանի նախագահների՝ երկօրյա այցն ամփոփող հայտարարությունից հետո։
;