comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՖՈՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՖՈՆԻՆ

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ Bunin & Co Telegram ալիքի համար մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի չկայացած հանդիպման հետ կապված իրավիճակը:

ՙՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի չունեցավ: Չնայած նրան, որ նրանք երկուսն էլ նույն ժամանակ գտնվում էին Բավարիայի մայրաքաղաքում: Զոհրաբ Մնացականյանի խոսքով` ՙսա չի նշանակում, որ մենք խոսելու բան չունենք, աշխատանքը շարունակվում է՚: Ի՞նչ է նշանակում արդյունքի նման բացակայությունը, որը նույնպես յուրօրինակ արդյունք է՚,- գրում է փորձագետը:
Նրա խոսքով` այդ հարցին պատասխանելու համար պետք է վերադառնալ հայ նախարարի` երկու շաբաթվա վաղեմության մեկնաբանություններին:
ՙՀիշեցնեմ, որ ՙԼուսավոր Հայաստան՚ պատգամավորական խմբակցության հետ հանդիպումից հետո Մնացականյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պաշտոնական հանդիպման հարցում չարժե շտապել: Այդ ժամանակ շատերն այդ մեկնաբանությունն առավելապես ներքին լսարանին ուղղված հայտարարություն համարեցին: Իսկապես, կառավարությանը քննադատողները հիմնովին ուռճաչված տագնապալից տրամադրություններ էին տարածում: Ավելի վաղ Երևանի և Բաքվի դիվանագետների ցուցադրած լավատեսությունն ընկալում էին որպես չհիմնավորված զիջումների նախադուռ՚,- նշում է նա:
Սակայն, ինչպես համարում է փորձագետը, Մնացականյանի այդ ժամանակվա հայտարարությունը ոչ միայն յուրօրինակ հեռակա բանավեճ էր ընդդիմախոսների հետ, այլև դարձավ բանակցային գործընթացում տիրող իրական դրության արտացոլումը:
ՙԽոսքը, նախևառաջ, շուտափույթ կարգավորման հետ կապված լավատեսական կանխատեսումների անհիմն լինելու մասին է: Նախարարները կարող են հանդիպել, նրանք իսկապես խոսելու բան ունեն: Բայց առայժմ պայմանավորվելու բան չկա՚,- գրում է նա:
Այդ առնչությամբ Մարկեդոնովը նշում է, որ Մյունխենն ինչ-որ յուրահատուկ բացահայտում չդարձավ, այլ միայն հաստատեց քաջ հայտնի միտումը:
ՙՓաշինյանի և Ալիևի համար դեռ դժվար է ինչ-որ բովանդակային բան քննարկելը, իսկ խորհրդանշական ձեռքսեղմումների նրանք, ըստ երևույթին, չեն շտապում անցնել: Նախարարական մակարդակն այդկերպ, այսօրվա դրությամբ, շարունակում է բանակցային ամենաբարձր ձևաչափը մնալ: Ոչ պաշտոնական հանդիպումներն ավելի լավ են համապատասխանում մարտավարական քննարկումներ անցկացնելուն, իսկ ռազմավարական լուծումներն, ըստ երևույթին, համաձայնեցված չեն: Աշխատանքը շարունակվու՜մ է՚,- եզրափակել է փորձագետը:

www.newsarmenia.am