comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 15-ին լրագրողներին հրավիրել է մամլո ասուլիսի՝ ներկայացնելու իր գլխավորած պատվիրակության՝ Բելգիայի և Նիդեռլանդների թագավորություններ այցերի արդյունքները։ Նախևառաջ, նշվեց Հաագայում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությունը. հրավիրվել են Նիդեռլանդների խորհրդարանի 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկատվությամբ։ Նրանց հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Աշոտ Ղուլյանը խոսել է Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին և ապա պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նիդեռլանդների Թագավորությունը Եվրոպայի առաջատար պետություններից մեկն է և առանձնանում է իր տնտեսական հզորությամբ ու քաղաքական ազդեցությամբ։ ԱԺ նախագահն այդ երկրի հետ աշխատանքի դաշտ է տեսնում։ Մի քանի տարի առաջ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն է այցելել Նիդեռլանդներ, այնտեղից էլ մի քանի պատգամավորներ էին այցելել Արցախ, բայց համագործակցությունը շարունակական բնույթ չի կրել։ Ղուլյանը Նիդեռլանդների խորհրդարանի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծումը հնարավոր է համարում։ Դա, իհարկե, կախված կլինի հետագա աշխատանքից։ Հոլանդացիներին առավելապես հետաքրքրում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մեր երկրի տնտեսական ներուժը։ Երկու կողմերը տեղեկատվություն փոխանակելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպումների մի շարք էլ կապված էին մարտի 6-ին Եվրախորհրդարանում կայացած համաժողովի հետ, որը նախաձեռնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, աջակցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և Թուֆենկյան հիմնադրամը։ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը համաժողովին հրավիրված էր՝ որպես պատվավոր հյուր։ Նրա բնորոշմամբ՝ համաժողովի թեման՝ ՙՀայատյացություն. պատմական և արդի դրսևորումներ՚, արդիական էր ոչ միայն ղարաբաղյան կարգավորման խորապատկերին, այլև Եվրոպային և ամբողջ աշխարհին ուղղված մարտահրավերի՝ այլատյացության դեմ պայքարի տեսանկյունից։ Ղուլյանից բացի՝ ելույթ են ունեցել նաև պատվիրակության անդամներ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նախորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ընդհանուր քննարկման թեմա էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքական հետապնդումը։ Լապշինը հանդես էր գալիս որպես գլխավոր բանախոս։
Համաժողովին մասնակցել են նաև ադրբեջանցի մի քանի ուսանողներ, որոնք փորձել են քողարկել իրենց մասնակցությունը։ Համաժողովի կողմից արձագանք է եղել առ այն, որ ադրբեջանցի երիտասարդները շատ հանգիստ կարող են մասնակցել միջոցառմանը և հանդես գալ իրենց հուզող թեմաներով։
Որպես հետաքրքիր դրվագ՝ նշվեց Պոնտոսի հույների պատվիրակության մասնակցությունը համաժողովին։ Դա վկայությունն էր այն իրողության, որ աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգեր իրենց մաշկի վրա զգում են այլատյացության բացասական ազդեցությունը։
Եվրախորհրդարանում տեղի ունեցած համաժողովը նաև առիթ էր, որպեսզի այդ կարևոր հարթակում կազմակերպվեին այլ հանդիպումներ։ Դրանցից մեկը տեղի ունեցավ Եվրախորհրդարանի պատգամավոր, Սոցիալիստների խմբակցության անդամ, Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Սիլվի Գիյոմի հետ, ով ներկա դրությամբ զբաղեցնում է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։ Հանդիպում է կայացել նաև Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի անդամների հետ։
Ասուլիսի ընթացքում իրազեկվեց, որ Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ բավականին ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հաջորդ 5 տարիների համար ձևավորվելիք նոր Եվրոպական խորհրդարանն է կանխորոշելու, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրամիության գործադիր մարմինը։ Եվրախորհրդարանի բարեկամության խմբերի պատգամավորների, նրանց օգնականների հետ հանդիպումները թույլ տվեցին նախանշել հետագա համագործակցության ուղիները։ Ինչպիսին էլ լինեն այդ կառույցի ընտրությունների արդյունքները, Արցախի հետ բարեկամությունը շարունակական է լինելու։
ԱԺ նախագահի կողմից կարևորվեցին Եվրոպայում ՀՀ դեսպանատների ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ հանդիպումները։ Ղուլյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ՀՀ դեսպան Թութուլ Մարգարյանի հետ, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպմանն ուրվագծվել են համագործակցության ակտիվացման ուղղությունները։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակում, ինչպես նաև Բելգիայում գործող մյուս հայկական կառույցներում տեղի ունեցած շփումներն առաջիկա ծրագրերը հստակեցնելու նպատակ էին հետապնդում։ Առիթն օգտագործելով՝ ԱԺ նախագահն իր երախտագիտությունը հայտնեց՝ բարձր գնահատելով նրանց ամենօրյա հետևողական աշխատանքն ամենատարբեր ուղղություններում։
Բրյուսելում Ղուլյանը նաև մասնակցել է ՙԵվրոպայի ազատ դաշինք՚-ի ամենամյա վեհաժողովին։ Դաշինքը մյուս քաղաքական ուժերի պես ակտիվորեն նախապատրաստվում է Եվրախորհրդարանի ընտրություններին։
Եվրոպայում ներկա դրությամբ տեղի են ունենում շատ լուրջ քաղաքական վերադասավորումներ, սերնդափոխություն, ինչը նշանակում է քաղաքական հնարավորությունների և ռեսուրսների նոր տեղաբաշխում, որի արդյունքները տեսանելի կլինեն հաջորդ տարիներին։ Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եվրոպական այցը հնարավորություն է ընձեռել ավելի անմիջականորեն զգալ այնտեղ առկա տրամադրությունները, մասնավորապես տեղեկանալ ազգային ինքնության պահպանմանը վերաբերող գաղափարներին։
ԱԺ նախագահն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին։ ՙԱԱ՚-ի հարցը. ինչպե՞ս է Ղուլյանը գնահատում եվրոպական որոշ երկրների խորհրդարանների հետ Արցախի ԱԺ-ի հաստատած ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակը՝ գործնական տեսանկյունից և ինչպե՞ս կարող են այդ հարաբերությունների վրա ազդել եվրոպական տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական փոխակերպումները։
Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց, որ բարեկամության տարբեր խմբերի և շրջանակների դեպքում այդ հարաբերությունների մակարդակը տարբեր է։ Երբեմն դադարի ժամանակահատվածներ են արձանագրվում այն երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ Արցախի խորհրդարանն ունի ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Օրինակ՝ Լիտվայի Սեյմասի ընտրություններից հետո բարեկամության խումբը փոխարինվել է շրջանակով։ Կարևորը փոխգործակցության նախադրյալների և հիմքերի առկայությունն է։ Բայց պակաս կարևոր չէ նաև նշված խմբերի կամ շրջանակների ղեկավարների նախաձեռնողականությունը։ Մեկ ամիս առաջ վերածրագրավորվել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը. նախատեսվել է որոշակի պարբերականություն մտցնել մեզ մոտ կազմակերպվելիք հանդիպումներում և արտաշխարհում կատարվելիք աշխատանքում։ Ինչ վերաբերում է Եվրոպայում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին, ապա հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր երկրներն ունեն ներքին խնդիրներ։ Մի բան միանշանակ է. այն, ինչ եղել է նախկինում, դժվար է պատկերացնել հաջորդ տասնամյակներում։ Յուրաքանչյուր երկիր իր շահի և ապագայի տեսլականի թելադրանքով է ձևավորելու իր հարաբերությունները, և այս առումով անչափ կարևոր է մեր խորհրդարանի կողմից կատարվող աշխատանքը։ Իսկ այդ հարաբերությունների ապագան պայմանավորված կլինի այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենալու մեզ մոտ և մեր բարեկամ երկրներում։