comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՌԱԲԲԻ ՇՆԱՅԵՐԸ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ Է ՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ
Logo
Print this page

ՌԱԲԲԻ ՇՆԱՅԵՐԸ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ Է ՏԱՐԵԼ ԲԱՔՈՒ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։
Ադրբեջանը պարզապես կրկնում է Թուրքիայի չարամիտ պահվածքը, որը մինչև վերջերս սիրաշահում էր ԱՄՆ-ում հրեական կազմակերպություններին և Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձևի ընդունումն արգելափակելու համար: Բազմաթիվ հրեական խմբեր դադարեցրեցին իրենց անբարո համագործակցությունը Թուրքիայի հետ միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հակասեմիտական հայտարարություններ անել և սպառնալ Իսրայելին:
Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հրեական կազմակերպությունների և Իսրայելի հետ կապեր հաստատելու ձգտումը հիմնված է զուտ հակասեմիտական տեսակետի վրա, որ հրեաները վերահսկում են ամերիկացի քաղաքական գործիչներին, ուստի Ադրբեջանի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ ՙհզոր՚ հրեաների հետ։ Իսրայելական ՙՀաարեց՚ թերթի տվյալներով՝ ՙշատ երկրներ զարգացնում են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ, հույսեր փայփայելով վայելել ազդեցիկ ամերիկյան հրեական կազմակերպությունների աջակցությունը, որոնք իրենց հերթին լավ կարտահայտվեն իրենց մասին ԱՄՆ կառավարության առջև՚։
Բացի դրանից, Ադրբեջանի հրեամետ ջանքերը հիմնվում են այն փաստի վրա, որ նա միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր է գնում Իսրայելից։ Իր հերթին Ադրբեջանը մեծ քանակությամբ նավթ է վաճառում Իսրայելին: Նաև հետախուզական զեկույցներ են եղել, որ Ադրբեջանն Իսրայելին մի քանի բազաներ է տրամադրել Իրանի հետ իր սահմանին, եթե հանկարծ Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։
Ամերիկյան հրեական առաջնորդների և Ադրբեջանի միջև համագործակցության վերջին օրինակն ամերիկյան ավետարանական հոգևոր հովիվների այցն էր Բաքու մարտի 3-8-ը, Նյու Յորքի ուղղափառ ռաբբի Մարկ Շնայերի գլխավորությամբ՝ ՙնպաստելու միջկրոնական երկխոսությանը և Իսրայելի հետ համագործակցության լուսաբանմանը՚, տեղեկացնում է ՙԱսոշեյթեդ պրեսը՚։ Սա առաջին ավետարանական պատվիրակությունն էր, որ այցելել է շիա մահմեդական երկիր։ Ռաբբին Ադրբեջանը ներկայացրել է որպես ՙամենասիրելի և հարգված մահմեդական երկիրը հրեական ամերիկյան համայնքի աչքում՚, հաղորդում է ադրբեջանական ՙԹրենդ՚ գործակալությունը: Անցյալ տարի Շնայերը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում մի միջոցառման ժամանակ՝ փառաբանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ բարեկամությունը։
Տասներկու ամերիկյան ավետարանական հովիվներից բաղկացած խումբը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարարին, մահմեդական շեյխերին, տեղական եկեղեցական ղեկավարներին և Իսրայելի դեսպանին։ Ռաբբի Շնայերն ՙԱսոշեյթեդ պրես՚-ին ասել է, որ նախագահ Ալիևը ՙպատվիրակության այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքվում կառուցվելու է երկրում առաջին հրեական մշակութային կենտրոնը, հրեական օրենքներով թույլատրելի կերակուրներով ռեստորանով և հյուրանոցով՝ հրեա հյուրերին ընդունելու համար՚։ Շնայերը ղեկավարում է Նյու Յորքում գտնվող Էթնիկ փոխըմբռնման հիմնադրամը և հիմնադրել է Հեմփթոն սինագոգն Ուեսթհեմփթոն Բիչում (Նյու Յորք)։ Ի նշան բարեկամական հարաբերությունների՝ Ադրբեջանի ազգային ավիաընկերությունն ուղիղ թռչում է դեպի Թել Ավիվ, իսկ նախագահ Ալիևը 2016թ. հյուրընկալել է Իսրայելի վարչապետին։
Զարմանալի չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օգտվել է ավետարանական առաջնորդների հետ իր հանդիպումից՝ քննադատելու Հայաստանին և խեղաթյուրելու արցախյան հակամարտությունը։ Նա ասել է. ՙՀայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ընդգծում են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են խաղաղ բանակցություններին՚։
Հոգևոր հովիվ Ադամ Մեսան, որը ղեկավարում է Կալիֆոռնիայի Ռանչո Կուկամոնգա քաղաքում գտնվող Abundant Living Family եկեղեցին, ասել է ՙԱսոշեյթեդ պրես՚-ին, որ դա իր առաջին այցն էր մահմեդական մեծամասնություն ունեցող երկիր։ Հովիվն ասել է, որ իրեն քաջալերել են մասնակցել շրջագայությանը՝ Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի աջակցող դիրքորոշման և միջկրոնական ջանքերի պատճառով։
Ինչպես կոնգրեսական Էլսի Հեյսթինգսի դեպքում, այս անգամ էլ Ադրբեջանը, կարծես թե, մեկ այլ խայտառակ անձնավորության է ընտրել իր քարոզչությունը տարածելու համար: 60-ամյա ռաբբի Շնայերը վեց անգամ ամուսնացած է եղել, վերջին անգամ՝ 2017թ. մարտին։ Ֆլորիդայի նահանգը 2018թ. փետրվարին հրամայեց Շնայերին ամսական 5000 դոլար վճարել՝ երեխայի 64 594 դոլար չվճարված նպաստի համար, որը նա պարտք էր մնացել իր երրորդ կնոջը՝ իրենց 19-ամյա որդու խնամքի համար։ Ռաբբի Շնայերը 2015թ. հունիսին հեռացվել է Ամերիկայի ռաբբիական խորհրդի կողմից՝ էթիկայի կանոնները խախտելու համար՝ արտամուսնական հարաբերություններ ունենալու պատճառով։ 2010թ. հունիսին ռաբբին իր կրոնակիցներին հայտարարեց, որ տառապում է ՙերկբևեռ խանգարում՚ հիվանդությամբ։
Վիքիպեդիայի համաձայն՝ ՙիր կրոնակիցների ճնշման ներքո՝ իր բազմաթիվ ամուսնալուծությունների և սիրաբանությունների պատճառով, Շնայերը 2016թ. հրաժարվեց քարոզչի իր դիրքից Հեմփթոն սինագոգում, որը նա հիմնադրել էր 1990 թվականին։ Հավատացյալները սպառնացին, որ կհրաժարվեն խոստումներից և վճարումներից, քանի դեռ նա չի լքել սինագոգը՚։
Նախորդ շաբաթ ռաբբի Շնայերի այցը Ադրբեջան նրա առաջին այցը չէր։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ քարոզչական շրջագայություններով եղել է այնտեղ։ Հետաքրքիր է, արդյոք ռաբբին որևէ փոխհատուցում է ստացել նախագահ Ալիևից իր ՙարժեքավոր՚ ծառայությունների համար: Ռաբբիի բազմաթիվ այցելություններն Ադրբեջան նրան ավելի շատ դարձնում են լոբբիստ, քան կրոնական գործիչ…
Ես կոչ կանեի հայկական ավետարանական եկեղեցու առաջնորդներին՝ կապվել այդ 12 հովիվների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելել են Բաքու՝ հակազդելու Հայաստանի և Արցախի դեմ նրանց մատուցած քարոզչության դեմ։ Ես կցանկանայի նաև իմանալ, թե արդյոք հովիվները և ռաբբի Շայները Բաքվից վերադարձել են ճամպրուկներով՝ լցված սովորական ադրբեջանական ՙընծաներով՚՝ խավիարով, գորգերով և այլ արժեքավոր իրերով…
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.