comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳԱՄԲԻ՞Տ
Logo
Print this page

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԳԱՄԲԻ՞Տ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մոտ օրերս Թուրքիայի շուրջ հարյուր զինվորական կայցելի Բաքու՝ ծանոթանալու ադրբեջանական զինանոցում առկա S-300 PMU Favorit զենիթա-հրթիռային համակարգին։ Ըստ տեղեկատվության, նպատակն այն է, որ թուրք զինվորականները նախապատրաստվեն Ռուսաստանից ձեռք բերվելիք S-400 համակարգի կառավարմանը։

Տեղեկագրվում է, որ թուրք զինվորականներն Ադրբեջանում որոշակի փորձաշրջան անցնելուց հետո Բաքվից անմիջապես կուղեւորվեն Ռուսաստան, որտեղ կծանոթանան S-400 ԶՀՀ կառավարման նրբություններին եւ ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ։ Այս տեղեկատվությունը, թերեւս, ուշադրության արժանի չլիներ, եթե չուղեկցվեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության զորքերի նախկին հրամանատար գեներալ Խատիլեւի մեկնաբանությամբ առ այն, որ S-400 համակարգի ՙորոշ տեսակի հրթիռներ կարող են գործարկվել նաեւ S-300 Favorit-ից՚։ Նման մակարդակի զինվորականի, թեկուզ եւ՝ պաշտոնաթող, դիտարկումը դժվար է պատահականություն համարել։ Եւ այստեղ ծագում է տրամաբանական հարց՝ թուրք զինվորականները չէի՞ն կարող հենց Ռուսաստանում ծանոթանալ իրենց հետաքրքրող զենիթա-հրթիռային համակարգին եւ անմիջապես էլ անցնել վերապատրաստման։ Ինչու՞ են նրանք Մոսկվա ճանապարհին տեւական կանգառ անում Բաքվում։ Եւ ի՞նչ է նշանակում ռուս գեներալի ակնարկը, որ S-300 համակարգից կարելի է գործարկել
S-400-ի որոշ տեսակի հրթիռներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան արդեն եկող տարի ձեռք կբերի
S-400 համակարգ՝ չնայած ՆԱՏՕ-ի եւ առանձնապես Միացյալ Նահանգների կողմից խիստ դժգոհությանը։ Թուրքիայի ինչի՞ն է պետք հակաօդային պաշտպանության ռուսական այդ համակարգը, եթե ՆԱՏՕ-ի անդամ է եւ գտնվում է, ինչպես ասում են, ռազմական այդ կառույցի հովանու ներքո։ Արդյոք այստեղ գործ չունե՞նք ռուս-թուրքական հերթական գամբիտի հետ, երբ նորագույն զենիթա-հրթիռային համակարգը Ռուսաստանից իրավաբանորեն ձեռք է բերում Թուրքիան, բայց այն հետագայում կարող է հայտնվել Ադրբեջանի զինանոցում։ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, կապված են ռազմական ոլորտում փոխադարձ օգնության պայմանագրով։ Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ եւ այլ զինատեսակներ։ Ադրբեջանական բանակի սպաները վերապատրաստում են անցնում Թուրքիայի ռազմական հաստատություններում։ Պարբերաբար տեղի են ունենում թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժություններ։ Քաղաքական իմաստով Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի առաքելություն։ Այս համատեքստում ամենեւին էլ էկզոտիկ չէ այն ենթադրությունը, որ S-400 համակարգը Ռուսաստանից ձեռք բերելու որոշում Թուրքիան կայացրել է Ադրբեջանի հետ սերտ խորհրդատվության պայմաններում։ Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական նորագույն ԶՀՀ համակարգերը Թուրքիան կտեղաբաշխի Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում։ Ռազմական փորձագետները վստահաբար պնդում են, որ S-300 ԶՀՀ առնվազն մեկ դիվիզիոն Ադրբեջանը տեղաբաշխել է Նախիջեւանում։ Ավելի ու ավելի են աշխուժանում ենթադրությունները, որ Թուրքիան, հավանական է, մոտ ապագայում ռազմահենակայան կունենա Նախիջեւանում։ Ամենեւին էլ բացառված չէ, որ Ռուսաստանից ձեռք բերվելիք S-400 զենիթա-հրթիռային համակարգը կարող է հայտնվել նաեւ Նախիջեւանում։ Ռազմական փորձագետները նշում են նաեւ, որ ռուս-թուրքական գործարքը չի սահմանափակվի միայն ԶՀՀ առքուվաճառքով։ Պայմանավորվածությունը ներառում է նաեւ տեխնոլոգիաների տրամադրում թուրքական կողմից։ Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում Թուրքիան կարող է սկսել S-400 համակարգի հրթիռների սեփական արտադրություն, որն, ամենայն հավանականությամբ, կսպասարկի նաեւ Ադրբեջանի պահանջները, եթե հնարավոր է, որ այդ հրթիռները գործարկվեն ադրբեջանական զինանոցում արդեն իսկ առկա S-300 համակարգից։ Ավելի վաղ մամուլում թռուցիկ տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանն իր ռազմական օդանավակայաններից մեկի ենթակառուցվածքները տրամադրել է թուրքական կողմին։ Մեծ է հավանականությունը, որ թուրք ավելի քան հարյուր մասնագետների այցը Բաքու կարող է դառնալ նրանց մշտական ներկայություն։ Թուրքիան եւ Ադրբեջանը, բացառված չէ, գնում են հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու ճանապարհով։ Երկու երկրներին, երեւում է, կապում են նույն աղբյուրից՝ Ռուսաստանից ձեռք բերված տեխնոլոգիաները։ Տարածաշրջանում ինտեգրացիայի նման օրինակ առկա է՝ հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը, կարելի է ենթադրել, նպաստում է, որպեսզի ստեղծվի նաեւ թուրք-ադրբեջանական միացյալ ՀՕՊ։ Ի՞նչ ռազմա-քաղաքական զարգացումներ կարող են հետեւել դրան՝ մնում է միայն ենթադրել։ Ըստ երեւույթին, հաշվարկն այնպիսին է, որ ուժային հավասարակշռությունը կայունության երաշխիք է։ Բայց կարելի՞ է վստահել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի գնա իրավիճակի սրացման։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.