comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 ՙՊաշտպանական ռազմավարության փոխարեն պետք է անցնենք պաշտպանական-հարձակողականի՚,- ՙԳոլոս Արմենիի՚-ին տված հարցազրույցում հայտնել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
-Կոնկրետ համանախագահների հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա։ Հակամարտության կարգավորման նույն ՙՄադրիդյան՚ կոչվող սկզբունքները նախկինում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև նրանց ներկայացրած պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանիսա) բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս ազդարարվել, հրապարակվել ու շեշտադրվել էին։ Այն, որ այս անգամ Հայաստանում հիշյալ սկզբունքների դեմ բողոքի ալիք է բարձրացել, վկայում է այլ բան. վերջին երկու տասնամյակի ընթացքում հայ ժողովրդի ռազմավարական գիտակցությունը բարձրացել է նոր, աննախադեպ բարձր մակարդակի։ Հայերի բացարձակ մեծամասնությունը չի ընդունում Մադրիդյան սկզբունքները, որոնք, ի թիվս այլ կետերի, նախատեսում են ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին դրույթը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Արցախի Հանրապետության, իսկ նրա հետ և Հայաստանի Հանրապետության գոյության իսկ հարցը։
Ինչպես ցույց են տվել անցած երեք տասնամյակները, այսօրվա 42 000 քառ. կմ տարածքն այն նվազագույն անհրաժեշտ տարածքն է, որի սահմաններում հնարավոր է հայ ազգի գոյատևումը, որը կիսով չափ շրջապատված է թուրք դաշնակիցների՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով։ Ժամանակակից Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) այս տարածքի անգամ փոքր հատվածի կորուստը կարող է անդառնալիորեն խախտել ուժերի ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի՝ դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով հայ ժողովրդի գոյության հարցը։ Մյուս կողմից, այդ 42.000 քառ. կմ-ը կարող է արդեն չբավարարել նոր պատերազմի սանձազերծման շուրջ Բաքվում մշակվող պլանների դեմ։
-Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այսօր բանակցությունների սեղանին հայտնվեցին մեր շահերին հակասող Մադրիդյան սկզբունքները։
-Սխալները բխում են դեռ 1992թ. հայկական դիվանագիտության զբաղեցրած դիրքերից, երբ ստեղծվում էր Մինսկի խումբը՝ այն ժամանակ դեռ ԵԱՀԽ-ն, և որոշվում էր բանակցությունների ձևաչափը։ Այս սխալները շտկելու ուղղությամբ քիչ են աշխատել ՀՀ բոլոր երեք նախագահները։ Երևանի կողմից զիջումների գնալու պատրաստակամության նմանակումը կամ այդօրինակ տևական դիրքավորումը` մի կողմից, Բաքվի անզիջում դիրքորոշումը՝ մյուս կողմից, ակամայից ընտելացրել ու համոզել են ադրբեջանական հասարակությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը նրանում, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակն ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն է, այսինքն հայկական կողմի կապիտուլյացիան։ Հակամարտության մեջ ներգրավված (երրորդ ուժերի կամ միջնորդների դերում) միջազգային խոշոր խաղացողները սխալ ազդանշաններ էին ստանում հայ ժողովրդի իրական դիրքորոշան ու պահանջների մասին։
Նման դիվանագիտական խաղը թուլացրել է հայկական կողմի բանակցային դիրքերը՝ դրանք իջեցնելով հնարավոր մակարդակներից ամենացածրին և, հակառակը, բանակցային գործընթացում բարձրացրել հակառակորդի պահանջների նշաձողը։ Նման իրավիճակ էր ստեղծվել 1996-97թթ., ինչպես նաև 2007-ին։ Այն ամենը, ինչ գրել էի այդ շրջանի վերաբերյալ, ճշգրտությամբ համապատասխանում է այսօրվա անբարենպաստ իրավիճակին։
ՙԻնչպես ցույց են տալիս բանակցությունների տեսությանն ու պրակտիկային առնչվող վերջին հետազոտությունները, երբ բանակցող կողմերից մեկը (մեր դեպքում՝ Հայաստանը) զբաղեցնում է մեղմ, զիջողական կամ, ինչպես անվանում են նաև` ՙընկերական՚ դիրքորոշում (friendly bargaining), իսկ մյուս կողմը (մեր դեպքում՝ Ադրբեջանը)՝ խիստ կոշտ դիրքորոշում (hard bargaining), ապա բանակցային խաղում նախաձեռնությունն ու առավելությունը միշտ պատկանում են վերջինին։ Արդյունքում կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ, բայց դրանք անխուսափելիորեն կլինեն հօգուտ կոշտ բանակցողի։ Իսկ ամենաէականն այն է, որ նման պայմանավորվածությունները չեն լուծում խնդիրը, և դրանց արդյունքը միշտ լինում է հակամարտության վերսկսումը՚։
- ՄԽ հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսեց զորավարժություններ, զուգադիպությո՞ւն է սա։ Ընդհանրապես, ինչի՞ մասին են վկայում ներկա գործընթացները։ Տանո՞ւմ են դրանք պատերազմի։
-Քանի դեռ մինչև ատամները զինված ցեղասպանական պետություն Ադրբեջանը հերթական անգամ չի ջախջախվել հայկական բանակի կողմից՝ պատերազմի սպառնալիքը դամոկլյան սրի պես կախված կլինի մեր գլխավերևում։
-Իսկ միջազգային խաղաղապահ ուժերը, որոնց` հակամարտության գոտի մտցնելու մասին նույնպես խոսվում է համանախագահների հայտարարության մեջ, կարո՞ղ են երաշխավորել մեր անվտանգությունը։
-Ոչ, իհարկե։ Այդ մասին շատ եմ գրել։ Հարցազրույցի ձևաչափը թույլ չի տա մանրամասնել թեման։ Նշեմ միայն, որ այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ՝ որքա՞ն կլինի այդ խաղաղապահ ուժերի քանակը, ինչպիսի՞ն կլինեն դրանց միջազգային կազմը և մանդատը։ Ինչպիսի՞ն կլինի դրանց հրամանատարական կառուցվածքը՝ նատոյակա՞ն, ռուսակա՞ն, ՄԱԿ-ի՞, թե՞ խառը։ Որքա՞ն ժամանակ դրանք կմնան տարածաշրջանում և այլն, և այլն։
Դեռևս 1993-1994 թվականներից Մինսկի խմբի՝ ինտենսիվորեն աշխատող Վիեննյան ստորաբաժանման մեջ իմ դիվանագիտական աշխատանքի տարիներից քաջածանոթ լինելով այս հարցերին, կարող եմ վստահաբար պնդել, որ ոչ մի լուրջ երաշխիք հայկական կողմը չի ստանա։
Լիբանանում, նախկին Հարավսլավիայում, Սոմալիում, Ռուանդայում, Աֆրիկայի մյուս երկրներում խաղաղապահ զորքերի միջազգային փորձն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սեփական անվտանգությունն օտար զինված ուժերի վստահելը, մանավանդ մեր պարագայում, հղի է աղետալի հետևանքներով։ Եվ, ընդհանրապես, միջազգային ատյանների ու գերտերությունների հանդեպ ի՞նչ վստահության մասին է խոսքը, եթե Թուրքիան ու Ադրբեջանը մինչ օրս չեն դատապարտվել մարդկության պատմության մեծագույն ցեղասպանության համար: Ունենք ավելի թարմ օրինակներ` մշակութային ցեղասպանություն Նախիջևանում` 1997-2006թթ., Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանակներում հայ սպայի սպանությունը, 2016թ. Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմը…
Մի պահ խորհենք` Նախիջևանի Հանրապետությունում տասնյակ հազարավոր հայկական հուշարձանների (89 եկեղեցի, ավելի քան 5840 խաչքարեր, 22 հազ. շիրմաքարեր) ոչնչացումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունն Ադրբեջանին ու նրա ղեկավարությանը ճանաչել է որպես հանդուրժողական ու պրոգրեսիվ գործիչներ և անգամ Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբանին ընտրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան...
Որտե՞ղ են երաշխիքները, որ գրավված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելուց հետո նույն այդ գերտերություններն ու միջազգային կառույցներում, այդ թվում և Արցախում իրականացվելիք խաղաղապահ առաքելության մեջ, դրանց կոռումպացված ներկայացուցիչները դարձյալ չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին։ Նման երաշխիքներ չկան։
-Ի՞նչ հիմնական ուղղություններով պետք է առաջ տանել կարգավորման դիվանագիտական գրոծընթացը, որպեսզի այն բխի մեր շահերից։
-Որքան էլ որ ձգտենք խուսափել պատերազմից, դիվանագիտական ինչպիսի կոմբինացիաներ ու հնարքներ էլ որ գործի դրվեն, եթե Ադրբեջանը համարի (սխալ հաշվարկով), որ ի վիճակի է հարցը լուծել ուժով, նա կգնա այդ քայլին, հակառակ նրան, թե ինչ փուլում և ինչ հաջողությամբ են ընթանում բանակցությունները։ Բայց ժամանակն է մեկընդմիշտ հաշտվել այն մտքի հետ, որ հենց Ադրբեջանի անզիջում և ռազմատենչ դիրքորոշման պատճառով ղարաբաղյան հարցը երբեք չի կարող լուծվել բանակցությունների սեղանի շուրջ։ Պաշտպանողականի փոխարեն մենք պետք է պաշտպանողական-հարձակողական ռազմավարություն ընտրենք։ Կա՜մ պետք է կարողանանք պահպանել ստատուս քվոն առանց մեծ պատերազմի, կա՜մ եթե Բաքուն, այնուամենայնիվ, սանձազերծի նոր պատերազմ, առաջ շարժվենք դեպի արևելք՝ ընդհուպ մինչև Քուռ։ Իսկ բանակցություններին, եթե դրանք շարունակություն ունենան, պետք է առաջին հերթին աշխատել ոչ այնքան Ադրբեջանի, որքան միջնորդների հետ, կրկին ու կրկին բացատրելով՝ ինչո՞ւ է Ադրբեջանին տարածքային զիջումներ անելն անհնար։ Հավատացեք, այդ աշխատանքը մինչ օրս, ինչպես հարկն է, չի կատարվել։
www. golosarmenii.am