comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈՒՇԱՑԱ՞Ծ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈՒՇԱՑԱ՞Ծ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻՑ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Հարավային Ամերիկա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Մամեդյարովի՝ Արգենտինայում եւ Ուրուգվայում հանդիպումների մասին։

Ի մասնավորի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիայա Տոպոլանսկիի եւ արտգործնախարար Ռուդոլֆո Նին Նովոզի հետ։ Չափազանց ուշագրավ է, որ, ի տարբերություն արգենտինական հանդիպումների, Ադրբեջանի արտգործնախարարն ուրուգվայցի իր պաշտոնակցի եւ Սենատի նախագահի հետ քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ Ընդ որում, ինչպես պաշտոնական հաղորդագրությունից է հասկացվում, դա արվել է ընդունող կողմի նախաձեռնությամբ։ Համենայն դեպս, ադրբեջանական մամուլը գրում է, որ արտգործնախարար Մամեդյարովն ուրուգվայական կողմին ՙներկայացրել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակի մասին՚։
Ուշադրություն է գրավում այն, որ, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ-ն է փոխանցել, Ուրուգվայի արտգործնախարարն ի պատասխան ասել է, որ այդ հարցում իր երկրի դիրքորոշումը ՙհենվում է միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումների վրա եւ մնում է անփոփոխ՚։ Սա բավական տարընթերցելի ձեւակերպում է։ Ուրուգվայի արտգործնախարարը հղում չի արել որեւէ կոնկրետ փաստաթղթի վրա, չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մամեդյարովին չի հաջողվել ուրուգվայական կողմից ստանալ հստակ դիվանագիտական աջակցություն։
Այս տպավորությունն ավելի է առարկայանում Սենատի նախագահի հետ Մամեդյարովի հանդիպման մասին տեղեկատվության այն շեշտադրումից, որ ուրուգվայական կողմը ՙհասկանում է ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը՚։ Ընդամենը հասկանում է, բայց չի ողջունում եւ, մանավանդ, չի սատարում։
Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք մի քանի տարի առաջ Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության Արցախ կատարած այցին, որի շուրջ Ադրբեջանում չափազանց ընդգծված անհանգստություն էր դրսեւորվել, քանի որ ուրուգվայցի խորհրդարանականներն ընդգծել էին, որ ԼՂ կարգավորումը պետք է տեղի ունենա ինքնորոշման սկզբունքով։
Ադրբեջանցի մի շարք փորձագետներ նույնիսկ կարծիք էին հայտնել, որ Ուրուգվայում հայկական կառույցները լոբբիստական աշխատանք են տանում, որպեսզի հարավ-ամերիկյան այդ երկիրը ճանաչի Արցախի անկախությունը։ Երեւում է, այդ տպավորությունը նաեւ պաշտոնական է։ Այլապես ինչու՞ պիտի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԼՂ կարգավորման հարցը քննարկեր տարածաշրջանից չափազանց հեռու, միջնորդական մանդատ չունեցող եւ միջազգային քաղաքականության գործուն դերակատար չհանդիսացող երկրի՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի եւ Սենատի նախագահի հետ։ Այս վերջին հանդիպումը հատկապես աչքի է զարնում։
Ըստ երեւույթին, Ադրբեջանում զգուշացած են, որ Ուրուգվայի խորհրդարանականները կարող են Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ հայանպաստ քայլ նախաձեռնել, ուստի Մամեդյարովը շտապել է, ինչպես ասում են, ոչ միայն հող շոշափել, այլեւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Որքանո՞վ է դա նրան հաջողվել։
Դատելով երկու հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունների տոնայնությունից, Մամեդյարովին չի հաջողվել ուրուգվայական կողմի հետ հասնել անհրաժեշտ փոխըմբռնման։ Սա, ինչ խոսք, միայն փորձագիտական տպավորություն է։ Հայկական դիվանագիտությունը, Ուրուգվայի մեր ազգային կառույցները պետք է փորձեն ավելի ամբողջական պատկերացում կազմել Մամեդյարովի հարավ-ամերիկյան ուղեւորության, մասնավորապես՝ Որուգվայում նրա պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների մասին եւ նախաձեռնել անհրաժեշտ քայլեր։