comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՆԵՏԻԿԱ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՆԵՏԻԿԱ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած
ապրիլյան պատերազմի երեք տարին
Շուտով կլրանա Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի երեք տարին։ Այս ընթացքում ՙքառօրյա պատերազմի՚ թեման գրեթե չէր հեռանում մամուլի էջերից։ Այդ օրերի իրադարձությունների շուրջ հրապարակվել են բազմաթիվ փաստեր, բավականին խոր վերլուծություններ են արվել, գրվել են հազարավոր հոդվածներ, նկարահանվել տասնյակ փաստավավերագրական ժապավեններ։

Թվում է՝ ասելու ոչինչ չի մնացել։ Եվ այսօր դժվար է ասվածին ինչ-որ էական բան ավելացնել՝ չկրկնվելու և այլ հեղինակների չկրկնելու համար։ Բայցևայնպես, մի՞թե հայկական հանրության շրջանում այդ թեման կարող է կորցնել իր արդիականությունը։ Չէ՞ որ միլիոնավոր անգամներ կրկնածն էլ չի կարող մեղմել այդ օրերին ընկած տղաների կորստի ցավը։ Եվ հնարավոր չէ գիտակցության մեջ 2016-ի ապրիլն անվերադարձ պատմության գիրկը նետել, քանի դեռ օր օրի շարունակում է սպառնալ այդ հիշարժան դեպքերի կրկնման վտանգը։ Այնուամենայնիվ, այս փոքրիկ դիտարկման մեջ տեղ կունենան ո՜չ ապրիլյան դեպքերի վերարտադրումը, ո՜չ կողմերի ռազմավարական ու մարտավարական ծրագրերի վերլուծությունը, ո՜չ հայրենասիրական դասերը։ Կհիշատակվի միայն առաջին հայացքից աննշան մի նրբություն, որը, սակայն, իմ համոզմամբ, լիովին բացատրում է ապրիլյան դիմակայության հանգուցալուծումն ու փիլիսոփայորեն ընդհանրացնում այն օրերի նշանակությունը ժողովուրդների համար։
Հիշում եմ, արդեն ապրիլի 2-ի երեկոյան ժամերից, երբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակման մասշտաբների մասին լուրը Հայաստան հասավ, հայկական քաղաքների ու գյուղերի հրապարակներում, փողոցներում համատարած կազմակերպվում էին սննդամթերքի, դեղորայքի ու հագուստի ընդունման կետեր առաջնագծում գտնվող զինվորների համար։ Այնուհետև ճակատի կարիքներին ուղղված օգնությունն սկսվեց բաշխվել դպրոցներում, պետական հիմնարկներում, մասնավոր ձեռնարկություններում և անգամ բնակարաններում գործող հատուկ կոմիտեների միջև։ Երեխաները, մեծերը, ծերերը բերում էին ամենը, ինչը, նրանց կարծիքով, կարող էր զինվորին պետք գալ առաջնագծում` սկսած ծխախոտից ու գուլպաներից մինչև լուսարձակների համար մարտկոցներ։ Գրեթե միաժամանակ աշխարհով մեկ ցրված հայությունը նույնպես իրար անցավ։ Ամերիկայից, Եվրոպայից և մերձավորարևելյան երկրներից սկսեցին դրամական փոխանցումներ անել, իսկ Ռուսաստանից, բացի փողից, մասնագիտացված մեքենաներ ու դեղորայք էին ուղարկում։ Նմանապես տեղերում նախաձեռնվում էր քաղաքացիների զանգվածային զինվորագրում կամավորական ջոկատներին։ Թեև սա առանձին թեմա է։
Մի խոսքով՝ ոչ մի հայ անմասն չմնաց այդ օրերի իրադարձություններին և խղճի թելադրանքով ու հնարավորության սահմաններում իր լուման ներդրեց Արցախին օգնելու գործում։ Բայց, ինչը հատկանշական էր, Բաքվի արձագանքն էր, այն բանից հետո, երբ հայկական բանակի համար օգնություն էր հավաքվում։ Այն օրերին գիշեր-ցերեկ հետևում էի ադրբեջանական մեդիային ու ֆորումներին՝ շոշափելու համար այդ երկրի հասարակության շրջանում տիրող տրամադրությունները։ Եվ, ի՞նչ եք կարծում։ Համացանցի օգտատերերն ու լրագրողները, ադրբեջանական բանակի ՙհաջողություններից՚ հղփացած, այնպիսի՛ բավականություն էին ստանում ՙսոված, որբ ու խղճուկ՚ հայերի հասցեին անարգանքներից։ Ահա, իբր, հայկական բանակի հզորության ցուցանիշը, որի համար ՙկիսասոված ծերուկներն ու խեղճ դպրոցականներն են ուտելիք ու գուլպաներ քարշ տալիս՚։ Եվ բոլորովին ծաղրական էր Ադրբեջանի ՊՆ ապրիլի 3-ի (եթե չեմ սխալվում) պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ սնապարծությամբ ու բացահայտ քամահրանքով հայտարարվում էր, որ ադրբեջանական բանակը, ի տարբերություն օկուպանտների, իշխանության կողմից բավարարված է անհրաժեշտ ամեն ինչով և որևէ կողմնակի օգնության կարիք չունի։
Եվ, պատկերացնո՞ւմ եք, լրբության այս շվայտանքի մեջ անգամ մեկ, կրկնում եմ, ընդամենը մեկ ձայն չգտնվեց, որ խելքի բերեր հայրենակիցներին, ասեր՝ ինչի՞ վրա եք ծիծաղում, հիմարնե՜ր։
Չէ՞ որ հարցը բոլորովին նրանում չէ՝ զինվորի հացը հերիքո՞ւմ է, թե՞ չէ, կամ որքանո՞վ էր նրան պետք ածելին, որի համար իրենց վերջին կոպեկն են հավաքել-տվել առաջին դասարանցիները, այլ նրանում, որ հենց նման օգնությունն է, անկախ նրանից՝ պետք է այն, թե՝ ոչ, բռունցքում ազգը ոչնչացման վտանգի դիմաց։ Հենց ենթագիտակցական, բնազդի կամ, եթե կամենում եք, գենետիկական մակարդակում առկա փոխադարձ օգնության տարերային պոռթկումն է հանդիսանում ազգի հզորության, բոլոր ուժերը մի կետում խտացնելու նրա կարողության ցուցանիշը։
Հենց դա էլ հանդիսացավ տխրահռչակ բլից-կրիգի հետ կապված ալիևյան ողջ ձեռնարկման ձախողման գլխավոր պատճառը, քանի որ, ինչպես պարզվեց, ապրիլյան սպանդը կողմերից մեկն ի սկզբանե պլանավորել էր որպես ՙմաքրման ռազմագործողություն՚, իսկ մյուս կողմի համար այն կրում էր ՙհայրենական պատերազմի՚ բոլոր հատկանիշները։ Կարծում ենք՝ խնդրի շուրջ մոտեցումների փիլիսոփայությունն արմատապես տարբերվում է։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվում մի քանի գլուխներ, այնուամենայնիվ, սթափվեցին, բայց դա տեղի ունեցավ արդեն մի քանի օր անց, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հանկարծ դիմեց քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ բացվում են ճակատի համար օգնության ընդունման կետեր։ Հատկապես նախարարությունը կարիք ուներ շշալցված խմելու ջրի։ Դրան հետևեցին արդեն համախմբվելու կոչերը, կամավորականների առաջին ցուցակները, և երիտասարդությունը խրոխտ քայլքով անցավ Բաքվի փողոցներով՝ ծածանելով ՙԵնի Ազերբայջան՚ կուսակցության պահեստներից հանած հազարավոր դրոշներ։ Ու այս ամենը ծայր աստիճան արհեստական ու նողկանք զգալու չափ տափակ էր։ Քանի որ հնարավոր չէ պարզունակ տեխնոլոգիայով փոխարինել ենթագիտակցությունն ու տարերայնությունը։ Որովհետև համախմբվելու ունակությունն ազգը պետք է յուրացնի գենետիկայի մակարդակով, այլ ոչ թե վերևից թելադրված։
Ուստիև տեղին է այս դիտարկումն ամփոփել արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի՝ օրերս Բաքվի հասցեին արած հայտարարության բավականին կոշտ, բայց ճշմարտացի մեջբերմամբ. ՙ...դուք, միևնույն է, ունակ չեք ձեռնարկել արժանի քայլեր, փոխել իրական դասավորվածությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս հարցում դուք գենետիկորեն դատապարտված եք ձախողման։ Ուստի մի՜ արթնացրեք գազանին, որը կպատառոտի ձեր երկիրը և ՙԱդրբեջան՚ կոչվող աշխարհագրական ձեռքբերումը պատմության տարեգրության գիրկը կնետի՚։
Aysor.am