comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԼԻԵՎԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՙԲԼԻՑ-ԿՐԻԳԸ՚
Logo
Print this page

ԱԼԻԵՎԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՙԲԼԻՑ-ԿՐԻԳԸ՚

 

 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

Ապրիլյան քառօրյա պատերազմից կամ, ինչպես ընդունված է ասել, ադրբեջանական ՙբլից-կրիգի՚ լիակատար ձախողումից երեք տարի է անցել։ Ռազմական ագրեսիան պաշտոնական Բաքուն ձեռնարկեց քաղաքական հաշվարկներով, բայց չորս օր անց հարկադրաբար դադարեցրեց ռազմական գործողությունները՝ արցախա-ադրբեջանական սահմանին բախվելուվ հայ զինվորների համառ դիմադրությանը։ Պաշտպանության բանակի զինծառայողները հակառակորդի հարձակման առաջին իսկ ժամերին հօդս ցնդեցրին ոչ միայն ադրբեջանական, այլև տարածաշրջանում ընդգծված դերակատարություն ունեցող գերտերությունների աշխարհաքաղաքական ծրագրերը։ Մի բան, սակայն, թերի մնաց. արտաքին ճնշման ներքո Պաշտպանության բանակի հակահարձակումը կասեցվեց։

Հակառակորդը հետ շպրտվեց առաջին գծում կանգնած՝ Հայրենիքին անմնացորդ նվիրված տղաների՝ Աբաջյանի, Ուրֆանյանի, Զոհրաբյանի, Սլոյանի և մյուսների հերոսության շնորհիվ։ Նրանց շիրիմների առջև խոնարհվեցինք և ապա ամբողջ ազգով երդվեցինք ոչ մի թիզ հող չտալ թշնամուն։ Քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն առավել ամուր կանգնեց իր հողի վրա և անցավ ներքին օրակարգի քննարկմանը՝ մատնացույց անելով բոլոր բացթողումներն ու սխալները։ Պահը թելադրեց նաև ասել, որ 100 զոհ չպիտի ունենայինք, եթե ամեն ինչ իր տեղում լիներ։ Համապատասխան հետևություններ արվեցին, առաջնագիծն ամրապնդվեց։
Դասեր քաղեց նաև միջազգային հանրությունը։ Քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանի միջնադարյան վայրենությունն ամբողջությամբ ջրի երես դուրս եկավ։ Սահմանամերձ Թալիշ գյուղի տարեց բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները բավական էին՝ միջազգային հանրությանը համոզելու, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ։ Ապրիլյան ագրեսիայից հետո Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առանձնահատուկ հնչողություն ստացան։
Բաքուն սխալ հաշվարկներ էր արել։ Դրանք բխում էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առջև ծառացած շատ հրատապ մի խնդրից՝ հասնել 1994թ. մայիսի 12-ին Մոսկվայում ստորագրված զինադադարի եռակողմ համաձայնագրի չեղարկմանը։ Հիշեցնենք, որ 1995-ի փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին ևս մեկ համաձայնագիր։ Բաքվում հույսեր էին փայփայում, որ ՙկայծակնային պատերազմը՚ հաջողությամբ ավարտելուց հետո կկարողանան հայկական կողմերին պարտադրել նոր պայմանագիր՝ նոր պայմաններով, բնականաբար, առանց Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի մասնակցության։ Խոսվում էր հակամարտության կարգավորման ՙԼավրովի պլանի՚ մասին, մի տարբերակի, որում անտեսված էր հայ ժողովրդի ազգային շահը, որը, սակայն, ավելի ուշ հերքվեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Ադրբեջանական հաշվարկներն, ի վերջո, հանգում էին նրան, որ հայկական կողմի պարտության արդյունքում լուսանցք կմղվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Քառօրյա պատերազմը, սակայն, ցույց տվեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու ադրբեջանական փորձերը դատապարտված են ձախողման, ասել է թե՝ բանակցություններին այլընտրանք չկա։ 1994-95 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերից հետ կանգնելու Ադրբեջանի ջանքերն արդյունք չտվեցին. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորեցին հետևել դրանց և պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հարգել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Դրանք նպատակաուղղված էին հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Այդ մեխանիզմը թույլ կտա պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարը, այսինքն՝ ով է կրակել առաջինը։ Միջադեպերի կանխարգելման գործընթացում առանձնակի կարևորություն է տրվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման հարցին։
Հայկական կողմերը, բնականաբար, պետք է կոշտացնեին իրենց դիրքորոշումը, իսկ համանախագահող պետություններն իրենց ուղերձներում, ընդգծելով ուժի կիրառման բացարձակ անընդունելիությունը, հստակ ազդակներ էին ուղարկում առ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշել միայն ԼՂ բնակչությունը՝ իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
2016-ի հոկտեմբերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացավ մի ուշագրավ տեղեկատվության վրա, որը մատուցվեց Ադրբեջանի նախագահի կողմից։ Իլհամ Ալիևը խոստովանեց, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինքնախոստովանությանը հետևեց հայտարարությունը՝ քանի դեռ ինքը երկրի ղեկավարն է, նման բան չի կարող լինել։
Զարմանալի ոչինչ չկար. եթե 2016-ին Ալիևի արկածախնդրությունը հաջողություն չունեցավ, դա չի նշանակում, թե նա հրաժարվել է հերթական ագրեսիան ձեռնարկելու մտադրությունից։ Քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում էր քամահրանքով վերաբերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչի հետևանքով հակամարտող կողմերը պարբերաբար ունենում էին մարդկային ուժի կորուստներ։ Թերևս, դրական տեղաշարժ էր 2018-ին Դուշանբեում Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպման ժամանակ հրադադարի պահպանման շուրջ համաձայնությունը, քանի որ այն ինչ-որ չափով նպաստեց Ադրբեջանի հետ հայկական պետությունների սահմաններին լարվածության թուլացմանը։ Ասում ենք՝ ինչ-որ չափով, որովհետև վերջին ժամանակներս ադրբեջանական կողմից հրադադարի խախտումներն ինտենսիվ են դարձել։ ԱՀ Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն օրերս հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցում, ներկայացնելով շփման գծում ստեղծված իրավիճակը, ասաց, որ 2018թ. վերջին առաջնագծում հանգիստ էր, սակայն այս տարվա սկզբից արդեն իրավիճակը փոխվել է, և ՙաննախադեպ հանգիստ՚ որակումն այլևս տեղին չէ։
Այդուհանդերձ, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը ենթադրում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականություն, և այս տեսանկյունից կարևոր նշանակություն է ստանում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Կարծում ենք, համանախագահները հանդիպման համար խորհրդանշական վայր են ընտրել. լայնամասշտաբ, հարձակողական զորավարժություններով տարված Ալիևին հարկ է հիշեցնել ձախողված ՙբլից-կրիգն՚ ու դրան հետևած զարգացումները։ Մի բան պարզ է՝ ռազմական ճանապարհով հիմնախնդրի հանգուցալուծումը բացառված է, բայց իշխանափոխության խնդիրն Ադրբեջանում, հաստատ, կլուծվի։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.