comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՊՐԻԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
Logo
Print this page

ԱՊՐԻԼԸ՝ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երեք տարի է անցել այդ օրվանից, բայց ցավը չի անցնում, իսկ հարցերը չեն քչանում։ Կոնկրետ ինչի վերածվեց այդ ապրիլը մեզ բոլորիս համար՝ հստակ ու սպառիչ պատասխան այդպես էլ մինչ օրս չի տրվել, և ընկալում կա միայն ենթագիտակցական, հուզական մակարդակում։

Ապրիլը ցույց տվեց և՜ մեզ, և՜ ամբողջ աշխարհին, որ հայ ժողովրդի գլխավոր ուժը թաքնված է հիրավի ազգային շահերի շուրջ բռունցքման մեջ։ Որ հենց Արցախի սահմանն է հայկական պետության գոյության կարմիր գիծը, քանի որ թշնամին ավելի քան հարյուր տարվա ընթացքում չի փոխվել և չի դավաճանել իր արյունարբու բնազդներին։ Եվ որ թուրքական քաղաքականության վերջնանպատակը, որն այսօր իրագործվում է անդրկովկասյան թուրքերի ձեռքով, հայ ազգի ոչնչացումն ու վտարումն է պատմական Հայաստանի ողջ տարածքից։
2016թ. ապրիլն ասես արթնացրեց, սթափեցրեց մեզ բոլորիս, տարբեր երկրներում ապրողներիս, ստիպեց աշխարհին նոր աչքերով նայել և վերադառնալ տարածաշրջանային դաժան իրողություններին։ Այն վերստին խորաթափանցորեն ու պարզորոշ կերպով ցուցադրեց, որ պատերազմն այդպես էլ չի դադարել` դրսևորվելով մե՜րթ բացեիբաց՝ առաջնագծում, մե՜րթ գաղտնի կերպով՝ տեղեկատվական անվերջանալի հարձակումներով, և որ այդ ամենօրյա և ամենժամյա պայքարում խաղադրույքը մեր ազգի և պետության գոյությունն է։ Այն, որ թուրքի կողմից հենց ապրիլն ընտրվեց մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություն կատարելու նոր փորձի համար, ակնառու դարձրեց արդեն հարյուր տարուց ավելի հոգեբանական տեսանկյունից մեզ համար բազմանշանակ Ապրիլ բառի խորին խորհրդանշականությունը։ 2016-ին առաջին իր չորս օրերի ընթացքում, որոնք ցնցեցին ու ալեկոծեցին հայությանը, այն առավել խորհրդանշական իմաստ ստացավ՝ կսկիծ առաջացնող ողբերգական ու հերոսական հնչերանգներ ավելացնելով մեր նորագույն պատմության մեջ, որն այդքան բնական կերպով միաձուլվել է հայկական բազմադարյա պատմությանը։
2016թ. Ապրիլի կորուստները և ձեռքբերումներն այնքան նշանակալի ու խորն են, որ, իհարկե, վիճակագրությամբ չեն սպառվում։ Հասկանալի է, որ կորցրած մի քանի հարյուր հեկտարներն աշխարհիս մեծերի կողմից Ալիևին նետված ոսկոր էին` նրա խղճուկ մեծամտությանը գոհացնելու համար։ Իսկ սեփական քաղաքացիների հարյուրավոր կյանքերը, որոնք զոհաբերվեցին նրա ողորմելի ՙդեմքը փրկելու համար՚, թույլ տվեցին ոճրագործների հովանավորին ևս մի քանի տարի դրանից հետո պարծենալու վաղուց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գյուղի ազատագրմամբ՝ իր հավատարիմ հպատակների ականջը շոյելով ապրիլին ձեռքբերված ՙհաղթանակների՚ մասին հեքիաթներով։
Բայց հայ ժողովրդի համար կորուստները և ձեռքբերումները չափվում են միանգամայն այլ կատեգորիաներով՝ դուրս գալով ռազմականի շրջանակներից ու անցնելով բախտորոշ նշանակություն ունեցողների կարգ։ Դրա համար էլ 2016թ. Ապրիլի դասերն այդքան սուրբ և նշանակալից են՝ ինչպես գենետիկական, այնպես էլ ռազմավարական ընկալման մակարդակում։
Ապրիլյան մարտը ցույց տվեց գլխավորը՝ 1991-1994թթ. պատերազմից հետո մենք դատապարտված ենք միայն հաղթանակ տանելու։ Հենց դատապարտված ենք, քանզի պարտության դիմաց գինը կլինի ողջ Հայաստանի կորուստը։ Ապրիլը ցույց տվեց, որ ծանրագույն փորձությունների օրերին մենք նորից վերադառնում ենք սուրբ ու վեհ այն ամենի ակունքներին, ինչը Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հիմքում էր ընկած, և դա կախված չէ հայի բնակության վայրից։
Ապրիլը վերստին ապացուցեց, որ հայ ժողովուրդը նախկինի պես կանգնած է ֆաշիզմի հետ դիմակայության ամենաառաջավոր ու ամենավտանգավոր գծում, և որ մեր պայքարից ու մեր հաղթանակից շատ բան է կախված քաղաքակիրթ աշխարհի ճակատագրում։ Այդ պայքարի ողջ ծանրությունն այդ օրերին հայ մարտիկների ուսերին էր, և նրանք այդ փորձությունից անօրինակ պատվով դուրս եկան հենց այն պատճառով, որ նրանց թիկունքին ոտքի ելած ողջ հայ ժողովուրդն էր։ Բայց ապրիլը նաև ցույց տվեց, որ շատ առումներով հարաբերականորեն խաղաղ ժամանակներից և մեր ազնվության և զոհվածների հիշատակի առջև ունեցած պատասխանատվության աստիճանից է կախված այն գինը, որն ստիպված կլինենք վճարել նոր հաղթանակի դիմաց։ Ինչքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ցածր կլինի այդ գինը։ Որքան անաղարտ լինեն հայրենիքի զորացմանը միտված մտադրությունները և գործողությունները, այնքան ավելի քիչ զոհեր ստիպված կլինենք նվիրաբերել հաղթանակի զոհասեղանին նոր պատերազմում, որն անխուսափելի է թվում։ Վերջին ամիսների իրադարձություններն էլ ավելի են մեր մեջ բորբոքել պատմական պահի վճռորոշության զգացումը, բայց վայրկյան անգամ թույլ չեն տվել կասկած ունենալ այն բանում, որ երբ նորից հարկ լինի պաշտպանել հայրենիքը, մենք դա կանենք առանց վարանելու և հաշվի չառնելով ներքին երկպառակությունները։ Ողջ հարցը, կրկնում եմ, վերաբերում է գնին, քանի որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուր մարտիկ գերագույն արժեք է, իսկ բանակը միշտ կլինի ամենասիրասուն զավակը, որն առանձնակի սեր ու ուշադրություն է պահանջում։
…Վերհիշելով զոհվածներին՝ և՜ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանին, և՜ Թալիշի տարեցներին, և՜ մարտիկներին, որոնց անուններն այս օրերին վերստին հնչում են տխուր և հպարտ, մտովի վերադառնալով ապրիլյան այդ օրերը, պետք է, այնուամենայնիվ, մտածել ապագայի մասին։ Ապրիլները գալիս ու գնում են՝ իրենց հետ բերելով ոչ միայն հայկական ճակատագրի ողջ ողբերգականությունը, այլև՝ հիշեցում այն մասին, որ պետք է ապրել ու հաղթել ի հեճուկս ամեն ինչի։ Հիշել, որ կյանքի գիծն անցնում է ոչ միայն Արցախի և Հայաստանի սահմաններով, Թալիշով և Տավուշով։ Այդ գիծը գնում է հեռու դարերի խորքը՝ դեպի Անիի լքված եկեղեցիներ և Վանա լճի հատակ, Ջուղայի ոչնչացված խաչքարեր և Վատիկանի Սուրբ Ղազար կղզու վանքի պահպանված վեհություն, Դեր-Զորի անապատ, Կիլիկիայի թագավորության մեծության մասին անջնջելի հիշողություն։ Այդ գիծն անտեսանելի թելերով անցնում է յուրաքանչյուր հայի ճակատագրով, ով չի կորցրել պատասխանատվության զգացումն այն ամենի համար, ինչը Հայաստան է կոչվում։ Ինչ եկել է դարերի խորքից ու գնում է դեպի հավերժություն։
2016թ. Ապրիլը դրա լավագույն ապացույցն է։

www.golosarmenii.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.