comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅՏ

 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 Քաղաքական դաշտ մտնելու նոր հայտ ՙԻնքնություն և միասնություն՚ 

կուսակցության հիմնադիր համագումարը

Եվս մեկ կուսակցություն Արցախի քաղաքական կյանքում մասնակցության հայտ ներկայացրեց. ապրիլի 6-ին Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցության հիմնադիր համագումարը։

Ինչպես նշել են նախաձեռնող խմբի անդամները, կուսակցության հիմնադրման անհրաժեշտությունը բխում է հանրապետությունում քաղաքացիական հասարակության կերտման, քաղաքացիների մոտ խաթարված հավատի վերականգնման, տնտեսական վերելքի ու օրենքի գերակայության անհետաձգելի անհրաժեշտությունից, ինչպես նաև պաշտոնավարման մեջ կենսունակ, հայրենանվեր, կոռուպցիայից զուրկ և պաշտոնը պարտականություն դիտարկող և ընդունող կադրային ռեսուրսի ներգրավման պահանջից։ Նոր կուսակցության նախաձեռնող խումբը համոզված է, որ հենց դա հասարակությանը կդարձնի հնարավորինս կենսունակ, իսկ պետությունն ավելի սահուն կինտեգրվի քաղաքակիրթ աշխարհին ու լավագույնս կընկալվի միջազգային հանրության կողմից։ 
Նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Ղազարյանի խոսքով` այս նպատակներին հասնելու միակ և ընդունելի ճանապարհը նորմալ կենսագործունեություն ապահովող քաղաքական դաշտի ձևավորումն է։ ՙԱրցախի պատմական ճակատագիրը, պատմական հեռանկարը, հասարարական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ու հոգևոր-մշակութային գործընթացներն ու զարգացումները չեն կարող անտարբեր թողնել հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին,- ասված է նորաստեղծ կուսակցության ծրագրում։- Արցախը թևակոխում է զարգացման նոր փուլ, որում ինքնադրսևորվելու համար վաղուց մարդկային ու կադրային պատկառելի ռեսուրս կա ձևավորված, որի ներուժն անպայման պիտի սպառվի պետականության ամրապնդման նպատակին՚։
ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցությունը համարում է, որ անվերապահորեն կարող է Արցախի քաղաքական կյանքում կարգավորիչ ու կառուցողական նախաձեռնություններով հանդես գալ, և հետամուտ կլինի դրանց իրագործմանը։ Ս. Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք չեն պատրաստվում ընդդիմության դրոշակակիրներ լինել, բայց և իրենց՝ իշխանության գալը ինքնանպատակ չէ. կուսակցությունն ունի հստակ նպատակներ՝ ուղղված երկրում առկա խնդիրների լուծմանն ու նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը, հասարարական-քաղաքական կյանքի ակտիվացմանը։ ՙԱմբողջ աշխարհն այսօր պայքարի մեջ է։ Որը պայքարում է սովի, որը՝ սանկցիաների ու երկրագնդի վրա սեփական տեղի համար։ Այդ իսկ պատճառով չի կարելի քամահրանքով վերաբերվել ժամանակի մարտահրավերներին ու անհարկի վատնել ռեսուրսները,-համոզված է Ս. Ղազարյանը։-Չի կարելի սահմանափակվել ձեռքբերումներով` հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Մեր բոլոր քայլերը պետք է դիտարկել հենց այս պրիզմայով՚։
Հիմնադիր համագումարին բացման խոսքով հանդես է եկել կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Ավանեսյանը, ով իր ելույթում մասնավորապես նշել է, որ կուսակցության ծրագրերը կառուցողական են և հայրենանպաստ։
Նա նշել է, որ կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել ազգային ավանդույթներին, հոգևոր արժեքներին հավատարիմ և պատշաճ աշխատանքային փորձ, հմտություններ և ունակություններ ունեցող մարդիկ, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնելու երկրի ամրապնդման ու զարգացման գործում։ ՙՄեր գործունեության մեջ պարտավորվում ենք լինել հետևողական, վճռական, կշռադատված։ Մեր հիմնական սկզբունքները կլինեն հայոց պետականության, հայ ժողովրդի ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտի միջազգային իրավական ճանաչումը, որին կհաջորդի վերամիավորումը մայր Հայաստանին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ներուժի իրագործումն՝ ի շահ հայ ժողովրդի և հայոց պետականության՚,-ասել է նա իր ելույթում։
ՙԻնքնություն և միասնություն՚ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ կուսակցությունը մասնակցելու է երկրի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացներին։ Նա ասել է, որ պատահական չէ ընտրված նաև անունը. նրա անդամները կարևորում են ինքնության, ազգային դիմագծի պահպանումը և գտնում են, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դիմագրավել մարտահրավերներին, հասնել այն խնդիրների լուծմանն ու նպատակներին, որ դրված են երկրի առջև։ 
Հրավիրվածներից ոմանք հանդես են եկել ելույթներով` արդյունավետ աշխատանք մաղթելով նորաստեղծ կուսակցությանը, համոզմունք հայտնելով, որ, կուսակցության աշխատանքն իսկապես արգասաբեր է լինելու, քանի որ այն իր մեջ ունի կարող ուժեր, երկրի ճակատագրով մտահոգ անձինք։ 
Կուսակցությունն արդեն իսկ նախանշել է երիտասարդների հետ աշխատանք, կգործի երիտասարդական թև, որի պատասխանատուն Արտյոմ Առաքելյանն է։ Նա նշել է, որ երիտասարդները կներգրավվեն հանրապետությունում տեղի ունեցող կարևոր իրադարձություններում։ Սա իրենց կողմից պատասխանատու, բայց և մանրակրկիտ կշռադատված քայլ է համարում։ 
Բացման արարողությունից հետո համագումարը շարունակել է աշխատանքը սահմանված օրակագով. հաստատվել են ծրագիրն ու կանոնադրությունը, ընտրվել է ղեկավար կազմ, կատարվել է վերահսկիչ կազմի ընտրություն։ 
Կուսակցության նախագահ է ընտրվել գործարար, նախաձեռնող խմբի անդամ Էրիկ Մկրտումյանը։ 
Համագումարին հրավիրված են եղել Արցախի Հանրապետության քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, այդ թվում ներկա էին ԱԺ փոխնախագահ Վ. Բալայանն ու մշտական գործող հանձնաժողովի փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ա. Թովմասյանը, գործող կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։