comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐԱՂԱ՝ ՉՄԱՐՈՂ ՑԱՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԱՂԱ՝ ՉՄԱՐՈՂ ՑԱՎ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 27 տարի առաջ արցախյան ամենամեծ ու բարգավաճ գյուղերից մեկում՝ Մարաղայում կատարվածը թուրք բարբարոսի արյունոտ հետքերի և ցեղասպան ներկայության ևս մեկ վկայությունը դարձավ՝ հայոց պատմության մեջ մնալով որպես Արցախյան պայքարի ամենաողբերգական էջերից մեկը: Հայկական գյուղում մնացած ծերերին, կանանց ու երեխաներին հրի ու սրի մատնելու համար ասպատակները դարձյալ ապրիլ ամիսն էին ընտրել:

Այն, որ Մարաղայի խաղաղ բնակչության սպանդը կազմակերպվել և իրագործվել է պետական մակարդակով, վկայում է այն փաստը, որ այդ բարբարոսներից շատերին հետագայում շնորհվեցին Ադրբեջանի պետական բարձր կոչումներ: Չնայած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով գյուղում էր արդեն ոճրագործությունից երեք օր անց, և Helsinki Watch միջազգային իրավապաշտպան կլազմակերպությունը պաշտոնապես հաստատել են, որ Մարաղայում խաղաղ բնակչությունն աննկարագրելի ոճրագործության զոհ է դարձել, այնուամենայնիվ, ցայսօր միջազգային հանրությունը համարժեք գնահատական հնչեցնելուց դարձյալ ձեռնպահ է մնացել:
Մարաղան գտնվում էր Գանձակ-Ստեփանակերտ մայրուղու վրա և համարվում էր ԼՂԻՄ հյուսիսային դարպասը: Ըստ 1989թ. մարդահամարի՝ հայկական ավանում ապրում էր 4670 մարդ:
Վաղ առավոտյան սկսված հարձակմանը նախորդել էր գյուղի՝ տարբեր կողմերից հրետակոծումը: Գյուղում զինվորականներ չկային, սակայն բնակիչներն ինքնապաշտպանական ջոկատ էին ստեղծել: Քաջ գիտենալով, որ հրետակոծմանը կհաջորդի գրոհը՝ որսորդական հրացաններով ու ինքնաշեն ավտոմատներով զինված 60-հոգանոց ջոկատը պատրաստվել էր դիմակայել ադրբեջանական գրոհին, սակայն ուժերն անհավասար էին ադրբեջանցիները հարձակվել են զրահատեխնիկայի` շուրջ 20 տանկերի օգնությամբ: Լայնածավալ հարձակումն սկսվեց լուսաբացին: Գյուղացիների կազմակերպած պաշտպանությունը ճեղքվել ու գյուղը գրավվել է: Գերեվարվածների թիվն անցնում էր վեց տասնյակը: Գեհենից հրաշքով փրկված մարաղեցիներն ապաստան են գտել աշխարհի ամենատարբեր հատվածներում, նրանք այսօր էլ առանց արցունքի չեն կարողանում վերհիշել այդ դժոխային օրը: Արյունոտ այդ օրվա մասին նրանց պատմությունները չեն կարող անտարբեր թողնել անգամ ամենասառնասիրտ օտարին:
Ռավիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (87 տարեկան, այժմ ապրում է Մարտակերտ քաղաքում).- Մարաղայի վրա հարձակումն սկսվեց առավոտյան վեցին: Կրակում էին թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Շատերը մինչ այդ իրենց կանանց ու երեխաներին հեռացրել էին գյուղից: Մենք լավատեսներից էինք. ադրբեջանցիների հետ եղբայրներ չէինք, բայց տարիներ, տասնամյակներ շարունակ ապրում էինք կողք կողքի։ Մեր գյուղի և Միրբաշիրի արանքը երկու կիլոմետր էր: Ո՞վ կսպասեր նման գազանությունների: Այդ օրը քրոջս ու եղբորս ընտանիքներն էլ էին մեզ հետ, հենց որ տեղեկացանք, որ թուրքերը մտել են գյուղ, մի կերպ մեր ընտանիքներին դուրս բերեցինք գյուղից, չեմ էլ ուզում հիշել, թե ինչ տանջանքներով անցանք էդ ճանապարհը: Ընկերս՝ Վարդանյան Բորիկը, աշխատում էր ջրտնտեսությունում: Օմօնականները նրա գլուխը սղոցով կտրել են, իսկ դիակի վրա թողել գրություն. ՙՀիմիկվանից հետո ջուրն արդար ես բաժանելու՚: Նրա մորը՝ Փառանձեմին, ու կնոջը՝ Զարյային, պատանդ են վերցրել, մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են տարել: Այդ օրը ծանր վիրավորվել է նրանց որդին՝ Վլադիկը: Պատվական Գալստյանը Հայրենական մեծ պատերազմում մինչև Բեռլին էր հասել, բայց սպանվեց իր տանը՝ ավտոմատի կրակահերթից: Ո՞ր մեկին հիշես...
Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ (այժմ ապրում է Ստեփանակերտում). ¬ Ապրիլի 10-ին ես գյուղում չէի։ Վիրավոր ամուսնուս՝՝ Էդիկ Աբրահամյաին էի խնամում Մարտակերտի հոսպիտալում, սակայն իմ ուշքն ու միտքը գյուղում էր, այնտեղ էին մեր երեք երեխաները, փոքրը 2 տարեկան էլ չկար: Անընդհատ կապվում էի մեր գյուղացիների հետ, նորություններ իմանում։ Լսելով, որ թուրքերը հարձակվել են, առանց մտածելու, ամուսնուցս թաքուն որոշում եմ գյուղ հասնել։ Այդ օրը մանր անձրև էր տեղում, թե ինչպես տեղ հասա՝ անհնար է հիշել, ամեն ինչ մտքովս անցնում էր: Մեր տունը գյուղի ծայրին էր, թաքնվելով, սողեսող մոտեցա մեր տանը՝ դարպասներին կողպեք տեսա, ուրախացա, ուրեմն` մեր ծնողները երեխաներին դուրս են բերել։ Վերադարձա Մարտակերտ: Հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, գյուղն արդեն մերոնք ազատագրել էին. ողջ մնացած մարաղեցիները գնացել էին կորած հարազատներին գտնելու, մահացածներին հողին հանձնելու, ես էլ էի նրանց հետ: Այն, ինչ տեսանք՝ մինչև օրս աչքերիս առաջ է. ածխացած մարմիններ, գլխատված դիակներ, արյան հոտ... Ես գյուղի փոստի բաժանմունքի պետն էի, շատերին էի մոտիկից ճանաչում: Անասնաբույժ Հայկազ Սողոմոնյանի տանը մի հրոսակախումբ կերուխում էր արել (մարաղեցիները բոլորն էլ լավ էին ապրում, ընտիր գինի ունեին), հետո գլխատել էին տանտիրոջ դիակը: Փոստի երիտասարդ մեխանիկին կապել էին հեռագրասյանը, տանջամահ արել, հետո վառել: Շատ դաժան են վարվել նաև գերյալների հետ։ Մի քանի օր անց՝ արդեն Մարտակերտում, հանդիպեցի Ռիտա Մնացականյանին. եղբայրը մեծ դժվարությամբ, մեծ գումարների միջոցով կարողացել էր նրան փրկել Միրբաշիրի բանտից: Ռիտայի ամբողջ դեմքը կապտուկների մեջ էր, ձեռքերին ու պարանոցին ծխախոտով վառած կետեր էին: Ռիտան խնդրեց,որ իր մասին հարցեր չտամ: Մեր սիրելի ուսուցչուհու՝ Ալվինա Բաղդասարյանի մասին պատմեց. նրա հետ նույն խցում էին: Ալվինային բոլորը գիտեին, ճանաչված մանկավարժ էր, շարժման նվիրյալ: Ամբողջ աշխատավարձը տրամադրում էր ջոկատի տղաների կարիքներին: Հպարտ էր, հայրենասեր, իսկական մտավորական: Բանտում Ալվինան հրաժարվել է ասել՝ Մարաղան ադրբեջանցիներինն է, որից հետո կրակել են նրա ոտքերին։ Ռիտան հիմա Ռուսաստանում է ապրում: Ալվինան զոհված է համարվում: Բոլոր մարաղեցիներիս համար նա մեր այս պատերազմի ամենաազնիվ և ուժեղ կին հերոսներից է: Ես շատ սխալ եմ համարում, որ պետականորեն նրան հետմահու որևէ կոչում մինչև հիմա չի շնորհվել:
Նախկին մարաղեցի Էդիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 1992-ի փետրվարին գյուղի մատույցներում ողնաշարի հրազենային վիրավորման արդյունքում առաջին կարգի հաշմանդամ է դարձել, գամվել անվասայլակին: Այսօր կոշկակարությամբ է զբաղվում, կատակում է` ով կմտածեր, որ ինձ նման անհանգիստ մարդը մի օր էս գործով կզբաղվի: 2012-ից մայրաքաղաքի Մանուկյան փողոցում, իր տան հարևանությամբ կրպակ է տեղադրել, ամեն օր կինը` Ժաննան տեղ է հասցնում նրան, հետևում, որպեսզի երկար նույն դիրքում չնստի, քանի որ պառկելախոցերն են վերջին շրջանում նոր վիրահատության պատճառ դարձել: Չնայած դժվար կյանքին` 62-ամյա Է. Աբրահամյանը կատակասեր ու կենսախինդ է, դիմացինին լավատեսությամբ վարակելու զարմանալի կարողություն ունի: Նրա համար Մարաղայում իսկական պատերազմն սկսվեց 1989-ի փետրվարին, երբ ընկերոջ հետ տնտեսության համար գյուղտեխնիկա էին բերում. ՙԱղդամի մատույցներում ադրբեջանական խաժամուժը շրջապատեց, անվադողերն էինք փոխում, թե չէ` չէին համարձակվի: Ընկերս տարիքով էր, գլուխը զարկեցին մեքենայի կապոտին, ընկավ: Տեսան` չեն կարողանում ինձ վայր գցել` հետևից երկաթե ձողով հարվածեցին, բամբակի դաշտում ուշքի եկա` ձախ ականջս էին կտրել, ողջ մարմինս արյունոտ-ուռած էր, արյունը լցվել էր բերանս: Բարդայի անվտանգության աշխատակիցներն էին տեղում հայտնվել, հետագայում, երբ այդ ավազակներից որևէ մեկը չպատժվեց, հասկացա, որ մեզ պատերազմ է հայտարարված: Հետո ջոկատ ստեղծեցինք, զինվեցինք, մարաղեցին ուժեղ հայ է, նա երբեք չէր հանձնվի, մինչ ապրիլի 10-ը քանի անգամ են փորձել գրավել մեր գյուղն ու հետ շպրտվել: ՝ 92-ի փետրվարն էր, երբ վիրավորվեցի, մեր ջոկատի հետ դաշտերում աշխատողներին պիտի գյուղ ուղեկցեինք, դարանակալել էին թփերում. սկսեցին կրակել, դիրքավորվեցինք, ջոկատի հրամանատարը` Վանիկը մահացու վիրավորվեց, իմ ողնաշարին կպավ: Տղաներն էդ լավ կրակողին ոչնչացրին, հետագայում պարզվեց, որ Կիրովաբադի բարձր չինովնիկներից մեկի որդին է, դրա դիակի դիմաց մեր 10 գերյալների ազատեցին: Երբ գյուղն ընկավ, ես հոսպիտալում էի: Ինչ ասեմ, 27 տարի է` ամեն գիշեր երազում մեր գյուղում եմ, մեր Մարաղան էլ իմ երիտասարդության տարիների գյուղն է` շեն ու ծաղկուն, շրջում եմ փողոցներով, զրուցում տարեցների հետ: Արթնանում եմ՝ ասես կյանքս իզուր եմ ապրում:
Չորս թոռնիկ ունեմ: Ավագ որդիս ռազմական բժիշկ է, փոքրը` Կիման, զինծառայող է, փոքր ժամանակ սիրում էր կրկնել, որ մարաղեցիների վրեժը թուրքից պիտի լուծի: Զինվորական դարձավ, աչքի ընկավ 2014-ի հուլիս-օգոստոսի սրացման օրերին, իսկ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորվեց, սակայն նորից շարք է վերադարձել: Այնպես որ՝ խոստումը կատարել է լիովին: