comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված կազմավորումների կողմից իրագործված` Ղարաբաղի Մարաղա գյուղի բնակչության զանգվածային սպանության հերթական տարելիցի կապակցությամբ Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Հայտարարության տեքստն ամբողջությամբ.

 Հատուկ Հայտարարություն

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) դատապարտում է ցեղասպանության՝ Ղարաբաղի Մարաղա գյուղի հայկական բնակչության զանգվածային սպանության փաստը, որն իրագործվել է 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված կազմավորումների կողմից։
Ամեն տարի ապրիլ ամիսը հիշեցնում է ինչպես Ադրբեջանի սահմռկեցուցիչ հանցագործությունների, այնպես էլ լռության մատնելու և ժխտելու քաղաքականության մասին։ Այդ քաղաքականությունը կանաչ լույս է վառում ցեղասպան Ադրբեջան պետության նորանոր հանցագործությունների համար։
Ադրբեջանում հայ ազգաբնակչության դեմ կատարված բազմաթիվ հանցագործությունների, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և հանրապետության այլ շրջաններում իրագործված ջարդերի և կոտորածների շարքում հատուկ տեղ ունի 1992թ. ապրիլին Ղարաբաղի Մարաղա գյուղում ադրբեջանական ոճրագործների իրականացրած հայերի զանգվածային և դաժան սպանությունը։
1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերն իշխանությունների հրամանով ցեղասպանական հանցագործություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում: Սա իր դաժանությամբ անմարդկային զանգվածային սպանություն էր` իրականացված խաղաղ բնակիչների հանդեպ: Իրավապաշտպան կազմակերպությունների և հայկական աղբյուրների տվյալներով, որոնք հիմնված են ականատեսների վկայությունների վրա, սպանվել է 52 մարդ, 66-ը պատանդ վերցվել (մեկամյա երեխայից մինչ 92-ամյա ծերունի): 19 պատանդի ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել, բնակչությունը բռնի կերպով տեղահանվել, տները թալանվել ու հրկիզվել են: Գյուղը գործնականում ջնջվեց երկրի երեսից:
Ցավալի է, բայց փաստ. Ռուսաստանում փոքրաթիվ ԶԼՄ-ներ եղան, որոնք գրեցին այդ նենգ հանցագործության` խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանության մասին: Արդեն 27 տարի է անցել այդ աղաղակող փաստը Ռուսաստանում լռության մատնելու օրվանից:
Ադրբեջանում, մինչդեռ, ռազմական հանցագործներն իրենց իրագործած ստոր արարքների համար հերոսների կարգում են հայտնվում: Արժե թեկուզ հիշել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի մասին, ով 2006թ. Հունգարիայում համատեղ ուսուցման ժամանակ, կացնահարեց քնած հայազգի զինծառայող Գուրգեն Մարգարյանին: 2016թ. ապրիլին Ադրբեջանը հանցագործությունների հերթական շղթան իրականացրեց` այսպես կոչված, Ապրիլյան պատերազմի` Արցախի Հանրապետության դեմ լայնամասշտաբ քառօրյա ագրեսիայի ընթացքում: Այդ ժամանակ Ադրբեջանի ՙփառապանծ մարտիկները՚, իսկ իրականում` ռազմական հանցագործները, առանց խղճի խայթի պարծենում էին իրենց ՙռազմավարներով՚: Արցախի պաշտպանության բանակի շարքային Քյարամ Սլոյանի մարմինը գլխատվել էր նրա մահվանից հետո, իսկ մայոր Հայկ Թորոյանին գլխատեցին դեռևս ողջ եղած ժամանակ: Ընդ որում ադրբեջանցի զինվորականն ինքն է հպարտությամբ խոստովանել այդ վայրագությունը կատարելու փաստը: Եվ այդ ոճրագործը 2016թ. հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվեց ՙԱրիության համար՚ մեդալով: Ադրբեջանցի զինծառայողները նաև գլխատել են 68-ամյա պայմանագրային զինծառայող, վարորդ Հրանտ Ղարիբյանին:
Ադրբեջանը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի մոռացության տա իր պատմության այդ խայտառակ էջը: Բայց անհնարին է ժողովրդի հիշողությունից ջնջել հայերի հանդեպ Ադրբեջանի իրագործած զանգվածային սոսկալի հանցագործությունները, այն է` հայ ռազմագերիների և տարեց խաղաղ քաղաքացիների գլխատումը, հանցագործություններ, որոնք ավելի ուշ կիրառում էին իսլամական ահաբեկիչները Սիրիայում:
Նախկինի պես լռության է մատնվում և լկտիաբար խեղաթյուրվում խնդրի էությունը, լռության են մատնվում ճշմարտությունը և հանցագործությունների փաստերը, կեղծավոր սիմետրիկ վերաբերմունք է արմատավորվում դահիճի և կանոնավորապես ագրեսիայի ենթարկվող օբյեկտի հանդեպ: Եվ դա այն դեպքում, երբ պատմության ադրբեջանական բոլոր դասագրքերում Ռուսաստանը ներկայացվում է որպես օկուպանտ և հիմնական թշնամի Հայաստանի և Իրանի հետ մեկտեղ:
Ադրբեջանը` մի երկիր, որը որպես իր պետական գաղափարախոսության անկյունաքար է դրել հայատյացությունը և հայերի հանդեպ ատելության սերմանումը, չի կարող միջազգային հանրությանն անվերջ մոլորության մեջ գցել և խուսափել նացիստական ու ֆաշիստական գաղափարախոսության իրականացման պատասխանատվությունից:
Ռուսական հասարակությունը պետք է ամբողջ ճշմարտությունն իմանա մարդկության դեմ Ադրբեջանի իրագործած բազմաթիվ հանցագործությունների մասին, ներառյալ Մարաղա գյուղում խաղաղ բնակիչների հանդեպ կազմակերպած դժոխքը: Հասարակությունը պետք է իմանա այդ ճշմարտությունը թեկուզև 27 տարի անց:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը.
- դատապարտում է զանգվածային սպանությունները` ադրբեջանական կազմավորումների կողմից Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության հանդեպ իրագործված հանցագործությունները;
- հայտարարում է, որ խաղաղ գյուղացիների զանգվածային սպանությունները, որոնք իրականացվել են Ղարաբաղի Մարաղա գյուղում, մարդկության դեմ կատարված հանցագործություններ են և վաղեմության ժամկետ չունեն;
- պահանջով դիմում է Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` ռազմական հանցագործներին հետապնդելու համար ստեղծված միջազգային դատական մարմինների հետ համատեղ աշխատանքում ակտիվացնել Ադրբեջանի Հանրապետությունից իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործունեությունը.
Համոզված ենք, որ կգա օրը, երբ արդարությունը կհաղթանակի, և ռազմական հանցագործները` հանձինս Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների, կկրեն խիստ պատիժ:

Ռուս-հայկական կազմակերպությունների
համակարգող խորհուրդ
2019թ. ապրիլի 7, ք. Մոսկվա