comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

 Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ կարող է ՙճանապարհային քարտեզ՚ ի հայտ գալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը ՙընդգծել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունների ակտիվացման կարևորությունը՚։ Մոսկվան ՙպատրաստակամություն է հայտնել աջակցելու կարգավորմանը՚։ Դրանից բացի, ՙԱլիևը կիսվել է լեռնայինղարաբաղյան կարգավորման շուրջ մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման գնահատականներով՚:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվում։ Բայց ընդհանուր առմամբ Ալիևի և Փաշինյանի միջև տեղի ունեցած վիեննյան հանդիպումից հետո Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հեռախոսազրույցների ակտիվացումը չի ընկալվում որպես պատահական երևույթ։ Կարգավորման գործընթացը կարծես նոր փուլ է թևակոխում՝ Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ, թեև դրա ուրվագծերն առայժմ չեն նշմարվում։ Առայժմ ակնհայտ է հետևյալը։ Հենց Պուտինի անձնական մասնակցությամբ հաջողվեց դադարեցնել 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սրացումը։ Հենց Պուտինը միջնորդի դերում հանդես եկավ Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի միջև ճակատային գծում լարվածության նվազեցման շուրջ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ։ Ե՜վ առաջին, և՜ երկրորդ դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն այդ ամենի հետ առնչություն չուներ։ Հակամարտող կողմերի միջև բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա անցկացնելու և բանակցությունների ձևաչափը փոխելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին մարտի սկզբին Մինսկի խմբի կողմից արված հետագա հայտարարություններում էլ ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշումը քիչ հասկանալի էր մնում` ընդհուպ մինչև Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը։ Բայց Բաքվի և Երևանի միջև միջնորդ, ըստ ամենայնի, եղել է ու կա։ Ամեն բան մատնացույց է անում Ռուսաստանի նախագահին։
Այստեղ հանելուկների պակաս չկա։ Չենք ցանկանում դավադրության տեսության գիրկն ընկնել, բայց բաց է մնում հարցն առ այն՝ ինչու՞ Ալիևն ուղղակի ոտքի վրա համաձայնության եկավ Փաշինյանի հետ դեռևս մինչև անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այն իրավիճակում, երբ Բաքվի փորձագետներից շատերը կանխատեսում էին համարյա թե ՙՓաշինյանի ռեժիմի՚ խորտակում։ Դեռ ավելին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետությունների կազմավորման 100-ամյակի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին հղված ուղերձներում նրանց նախազգուշացնում էր ՙմոտ ապագայում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր հնարավորությունների ի հայտ գալու մասին՚, շատերը համոզված էին նրանում, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվացնել իր քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ։ Բայց Մոսկվան սկսեց առաջ անցնել։
Ստացվում է, որ Բաքուն և Երևանը Ռուսաստանին դիտարկում են որպես ամենամոտ միջնորդի, որը բավականաչափ քաղաքական կամք ունի ստատուս-քվոն փոխելու և խաղաղարարական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Այդ ուղղությամբ Մոսկվայի ներկայիս ակտիվացումը, հնարավոր է, կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ ճեղքման հասնելու ցանկություն կա։ Այդ պատճառով Պուտինը գաղտնի Ալիևին և Փաշինյանին երկխոսության է մղում՝ փորձելով նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, որպեսզի փոխզիջում ձեռք բերվի։ Թե կոնկրետ ինչ ձևաչափում այն ձեռք կբերվի՝ Մինսկի խմբի միջնորդությա՞մբ, թե՞ Ալիև-Փաշինյան երկխոսության արդյունքում՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի, առայժմ սկզբունքային նշանակություն չունի։ Այն կառաջանա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես համանախագահներ, ցանկանան խոչընդոտներ ստեղծել` ՙԱնդրկովկասում Ռուսաստանի հեգեմոնիայի ուժեղացման՚ հետ պայքարի պատրվակով։ Իսկ առայժմ կայուն տպավորություն է առաջանում, որ Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյան մեջ խաղաղության ձեռքբերմանը միտված ՙճանապարհային քարտեզ՚ է ծնունդ առնում, որը լավագույնս կհամապատասխանի տարածաշրջանում առկա հակամարտության կողմերի ազգային շահերին: Դրա համար օբյեկտիվ հիմքեր, ինչպես գրում է The National Interest ամերիկյան պարբերականը, կան: ՙՌուսաստանն Ալիևի նախագահությունը դիտարկում է որպես դեռևս նրա հոր՝ Հեյդար Ալիևի կողմից նախանշված ուղեգծի շարունակում, ում հետ Պուտինը բավականին ջերմ հարաբերություններ ուներ,- գրում է այդ պարբերականը։ -Բաքուն շարունակում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Մոսկվայի հետ՝ միևնույն ժամանակ խուսափելով արևմտյան դաշինքին անդամակցելուց՚։
Բայց անհրաժեշտ է նախ կարգավորել լեռնայինղարաբաղյան հակամարտությունը։ Եվ այնպես, որ, ինչպես Պուտինն է ասել, ՙչլինեն ո՜չ հաղթողներ, ո՜չ պարտվողներ՚։ Դա` ընդհանուր առմամբ։ Իսկ առայժմ, հնարավոր է, Ռուսաստանի նախագահը ձգտում է հասնել նրան, որ սկզբի համար Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածություններն իրավաբանական ձևակերպում ստանան` Մոսկվայի երաշխիքների ներքո: Այնուհետև հնարավոր կլինի հաջորդ քայլերն անել նաև մարդասիրական ոլորտում: Տեսնենք` դրանից ինչ դուրս կգա:

www.regnum.ru