comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՙՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ԿՈՂՄԸ, ՈՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԴՐԱՆՈՒՄ, ԿՐԿԻՆ ՑԱՆԿԱՆԱ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁԵԼ, ԻՆՉՊԵՍ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ՚
Logo
Print this page

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՙՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ԿՈՂՄԸ, ՈՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԴՐԱՆՈՒՄ, ԿՐԿԻՆ ՑԱՆԿԱՆԱ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁԵԼ, ԻՆՉՊԵՍ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻՆ՚

 

 

 

168.am-ի զրուցակիցն է ռուս դիվանագետ, 1992–1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎԸ։

 -Պարոն Կազիմիրով, երեք տարի է անցել Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան ռազմագործողություններից։ Հակամարտության կարգավորման գործընթացը կրկին շարունակվում է առանց բեկումնային արդյունքների։ Ի՞նչ փուլում է գտնվում հակամարտությունը ներկայումս։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում կարգավորման գործընթացում Դուք, որ եղել եք այս հակամարտության պատմության առանցքային համանախագահներից մեկը։

-2016թ. ապրիլյան իրադարձությունների հաղթահարումը շատ կարևոր է, քանի որ, երբ Հայաստանի, Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերը հանդիպեցին Մոսկվայում իրենց ռուս գործընկերոջ` Վալերի Գերասիմովի հետ, քննարկեցին իրավիճակը, հրադադարի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին, որից հետո Բաքվի կողմից եղան փորձեր խախտել այդ բանավոր պայմանավորվածությունը։ Խախտվել է նաև այն պայմանավորվածությունը, որը կնքվել էր մայիսի 12-ին, 1994 թվականին։ Այսինքն` նպատակն էր հեռանալ այն պարտավորություններից, որոնք կողմերը ստանձնել էին հրադադարի պայմանագրով, պաշտոնական, գրավոր, փաստաթղթային կերպով, նպատակն էր՝ այդ կարևոր պայմանավորվածությունը վերածել ավելի պակաս պարտավորեցնող, ավելի պակաս կարևոր բանավոր պայմանավորվածության։ Թեև բանավոր պայմանավորվածությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան 1994 թվականի հրադադարի պայմանագրի իրագործման օգտին, և Բաքվի այդ փորձը որոշակիորեն փորձ արվեց չեզոքացնել։ Այս հանգամանքը, ըստ իս, շատ կարևոր է։
Հետագայում իրադարձությունները զարգացան արդեն բանակցությունների միջոցով, և այստեղ առաջացել է հարց` պե՞տք է Լեռնային Ղարաբաղը մասնակցի դրանց, թե՞ ոչ։ Ամենաշատն ինձ համար է հեշտ խոսել այն մասին, թե 1993-1994թթ. ինչպես ձեռք բերվեց այդ հրադադարը, և ինչ քայլեր են ձեռնարկվել այն ժամանակ` 1990-ական թվականներին։ Բայց Դուք հիանալի հասկանում եք, որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց հակամարտության բոլոր երեք կողմերի միջև։
Նույնկերպ 1995 թվականի փետրվարին բոլոր երեք կողմերը ստորագրեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանագիր։ Հակամարտության 30-ամյա պատմության ընթացքում սրանք այն եզակի երկու պայմանագրերն են, որոնք կնքվել են հակամարտության բոլոր երեք կողմերի միջև` 1994-1995թթ. պայմանագրերը։ Ավելին, սրանք անժամկետ համաձայնագրեր են։ Դիվանագիտական պրակտիկայում կա համաձայնագրի նման տեսակ` անժամկետ համաձայնագիր, ոչ մի ժամկետ ո՜չ հրադադարի պայմանագրում, ո՜չ էլ ամրապնդման պայմանագրում չկան, դրանք անժամկետ համաձայնագրեր են, սա համընդհանուր միջազգային պրակտիկա է։ Այս երկու պայմանագրերը ծայրահեղ կարևոր են։
Այս պայմանագրերին հաջորդած ժամանակահատվածում ԵԱՀԿ-ն շարունակել է բանակցությունները հենց երեք կողմերի միջև։ Այդպես էր մինչև 1997 թվականի ապրիլը։ Ես արդեն չէի մասնակցում գործընթացին, աշխատում էի Լատինական Ամերիկայում, բայց իմ փոխարեն աշխատող դիվանագետը մասնակցում էր և պատրաստում էր այդ բանակցային ռաունդները 1997 թվականի ապրիլին։ Մինչ այդ համանախագահ երկրներն էին Ռուսաստանն ու Ֆինլանդիան, որից հետո փոխվեց, և համանախագահներ դարձան ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և նրանք անցում կատարեցին մաքոքային դիվանագիտության, նրանք ժամանակ առ ժամանակ այցելում են տարածաշրջան և վարում բանակցություններ երեք կողմերի ղեկավարների հետ։ Բայց այս դիվանագիտության մեջ և՜ դրական, և՜ բացասական հանգամանքներ կան։ Դրականն այն էր, որ պետք չէր սպասել բանակցային ռաունդների, կարելի էր յուրաքանչյուր պահի այցելել այս երեք կետեր։
Այս փուլից հետո հայտնվեցին պրոյեկտներ, ինչպիսիք էին փաթեթային կարգավորումը, փուլայինը, ապա հայտնի փաստաթղթեր էին առաջարկվում կողմերին, բայց դրանք չընդունվեցին կողմերի կողմից։ 1997-1998թթ. սկսվեցին ղեկավարների մակարդակով հաճախակի հանդիպումներ, աշխատանքի ձևը փոխվել էր, բայց դա ռազմավարական փոփոխություն չէր, իսկ ուժերի հավասարակշռությունը ռազմավարական իմաստով նույնն էր, ինչպես պատերազմի տարիներին էր։
Ադրբեջանը, ԼՂ-ն և Հայաստանը՝ սա ուժերի ռազմավարական դասավորությունն է, դա նաև այսօր է մնում՝ որպես ռազմավարական։ Բայց պատկերացրեք, որ, եթե ռազմական գործողություններ են սկսվում, ապա պարզ է, որ ռազմական գործողություններին մասնակցելու են ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլև Լեռնային Ղարաբաղը, այնպես որ, այստեղ է ուժերի ռազմավարական դասավորությունը։ Իսկ բանակցությունների վարման ձևի փոփոխությունը տակտիկա է, դրանում չկա ռազմավարական փոփոխություն։ Դրանից հետո երկու կողմերն են սկսում հաճախակի հանդիպել, և փաստորեն այդ նոր կոնֆիգուրացիան շարունակվում է 20 տարի, սա պարզապես հնարամտություն էր Բաքվի կողմից, ավելորդ համեստություն՝ Լեռնային Ղարաբաղի կողմից, և թերություն՝ Երևանի կողմից։
Այսպես պատահեց, որ ստացվեց բանակցային գործընթաց առանց Ստեփանակերտի։ Ես կարող եմ հակամարտության ամենաթեժ տարիներից բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը դիմել և համագործակցել հենց Լեռնային Ղարաբաղի հետ, այդ թվում՝ իմ նշած պայմանագրերի շուրջ աշխատանքի ընթացքում։ Ինչպե՞ս այս պայմանագրերը ձեռք բերվեցին։ Առաջին հերթին՝ Ադրբեջանը հենց Լեռնային Ղարաբաղի հետ էր ստորագրում հրադադար։ Ադրբեջանական կողմը դիմում էր ԼՂ-ին, երբ ռազմական կորուստներ ուներ: Այն փուլի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ ֆորմալ կերպով Ադրբեջանը փորձում էր չճանաչել ԼՂ-ն, իսկ իրականում այն, ինչ անում էր, փաստում էր այն, որ ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես հակամարտող կողմ։
-Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ Ձեզ, նման սկզբունքային դիրքորոշում հայտնում Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ, երբ հասկանալի է, որ առանց Ստեփանակերտի ներկայության՝ հայկական կողմը չի բանակցում առանցքային հարցերի շուրջ։
-Հեյդար Ալիևն ինչ-որ հարցերի դեմ էր, բայց համաձայնում էր նաև, իր իրատեսական քայլերով նա ճանաչում էր ԼՂ-ն՝ որպես կողմ, թեև ջանում էր դրանից ամեն կերպ խուսափել ֆորմալ տեսանկյունից, իսկ իրականում նրա գործողությունները հենց ճանաչում էին ենթադրում։ Իսկ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե նախկինում այդ ամենը չի եղել, իբրև թե բոլորը մոռացել են։ Բայց ոչ մեկը ոչինչ չի մոռացել, ես չեմ կարող մոռանալ, քանի որ շատ ժամանակ ու ջանքեր էր պահանջվում ներդնել ռուսական միջնորդական առաքելությունից այս հակամարտության կարգավորման համար։
-Ի՞նչ քայլեր ներկայումս պետք է ձեռնարկել Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու համար, որը հայկական կողմի գլխավոր բանակցային օրակարգն է։
-Ես այստեղ կրկին պետք է վերադառնամ հակամարտության ռազմական փուլի փաստարկներին։ Ինչո՞ւ, որովհետև ռազմական գործողությունների փուլը 1991-1994թթ. ընկած ժամանակահատվածը ԼՂ հակամարտության ամենասուր փուլն էր։ Համաձայնեք, որ բանակցությունները մի բան են, իսկ ռազմական գործողությունները` այլ, երբ հարյուրավոր մարդիկ են մահանում և այլ զարգացումներ տեղի ունենում։ Բոլորովին այլ է իրավիճակը, երբ խաղաղ պայմաններում են բանակցությունները վարվում։ Ուստի ես պնդում եմ, որ ուժերի ռազմավարական դասավորության մասին պետք է դատել այդ շրջանի իրադարձություններից, իսկ այդ շրջանում Ադրբեջանը համագործակցում էր, դիմում էր ԼՂ-ին։ Եթե սկսվեն ռազմական գործողություններ, ապա ԼՂ-ն մասնակցելու է դրանց, և միայն երկու կողմը չի լինելու։ Ուստի, իհարկե, պետք է դատել հակամարտության ամենասուր փուլի իրադարձություններից։ Հրադադարի պայմաններում բանակցություններն ավելի ստորադաս բնույթ են կրում, եթե համեմատենք պատերազմական իրավիճակին։
-Ներկայումս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում։ ՀՀ վարչապետը նշում է, որ բանակցային գործընթացին բովանդակային բանակցությունների համար պետք է միանա Ստեփանակերտը, Ադրբեջանը դրան դեռ դեմ է, բայց շփման գիծն էլ բավականին փխրուն է։ Ի՞նչ եք կանխատեսում բանակցային գործընթացում և շփման գծի իրավիճակում։

-Իմ սուբյեկտիվ դատողությունն այն է, որ հակված չեմ մտածել լայնածավալ պատերազմի վերսկսման մասին։ Բայց միջադեպեր պատահում են, դրանք կարող են շարունակվել։ Հաճախ այն կողմը, որը հետաքրքրված է դրանում, կարող է կրկին ցանկանալ ուժերը փորձել, ինչպես 2016 թվականի ապրիլին։ Նման դեպքեր կարող են կրկնվել։ Բայց չեմ կարծում, որ հակամարտության կողմերը հետաքրքրված են մեծ պատերազմի վերսկսմամբ։
Կա մեկ կողմ, որը հաճախ սպառնում է ուժ գործադրել, բայց դա նաև ուղղված է սեփական ժողովրդին, դա ցուցադրական գերհայրենասիրություն է, սուտ, որ մենք չենք համակերպվել, մենք կշարունակենք, մենք պատրաստ ենք վերադառնալ այս հակամարտության կարգավորմանը ռազմական ճանապարհով, թեև բոլոր սկզբունքները հաստատված են, նշվում են 3-ը, ես կավելացնեմ նաև չորրորդը` վեճերի խաղաղ կարգավորում։ Դա կրկնում է, բայց նաև ամրապնդում է ուժի չկիրառման սկզբունքը։ Սրանք առանցքային են, քանի որ մյուս երկու սկզբունքների հարցում կողմերից յուրաքանչյուրն իր ցանկություններն ունի։
-Որքա՞ն կերկարաձգվեն այս ձևաչափով բանակցությունները։
-Ենթադրություններ չէի ցանկանա անել։ Դա կողմերի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործն է։ Ես մասնավոր կարծիք եմ հայտնում, արդեն վաղուց թողել եմ դիվանագիտական ծառայությունը, վաղուց թոշակառու եմ, մասնավոր անձ, ուստի այդ հարցով չէի ցանկանա հայտնել իմ կարծիքը։

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.