comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Փորձում են սեփականել 6-րդ դարի վանական համալիրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի փետրվարյան այցն Ադրբեջան զանգվածային լրատվամիջոցների կողմից մեկնաբանվեց այնքանով, որքանով թույլ տվեցին նախագահների հանդիպման վերաբերյալ կողմերի հրապարակային հայտարարությունները։ Համենայն դեպս, տարածված հաղորդագրությունների մեջ Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դեմարկացիայի վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չկար։

Որ երկու երկրների միջև նախկինում սկսված սահմանային վեճը նոր թափ է առնում և մատուցվում նոր թարմությամբ, հայտնի դարձավ Ադրբեջանի ԱԳՆ-ի ապրիլի 4-ի հայտարարությունից, որում ակնարկ կար վրացական կողմի ՙհավակնությունների՚ և ադրբեջանական կողմի ՙհակափաստարկների՚ մասին։ Պարզվում է, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ միջպետական սահմանի վերջնական հստակեցման խնդիր էր դրել։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշված էր, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև վեճը սահմանի 34%-ի շուրջ է և սահմանագծման գործընթացի նպատակը փոխադարձ ընդունելի արդյունքի հասնելն է։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնուհետև հիշեցրել է, որ 2015 թվականին Վրաստանում և 2017-ին Ադրբեջանում միջպետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով փորձագետներն անցկացրել են խորհրդատվություններ։
Միջազգային իրավունքում այս երկու հասկացություններն ունեն հետևյալ բացատրությունը. փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա կոչվում է դելիմիտացիա։ Երկրի մակերևույթի վրա նշված սահմանագծի անցկացումը կոչվում է դեմարկացիա։
Վրաստանն Ադրբեջանի հետ ունի 446կմ ընդհանուր սահման։ Երկու պետությունների միջև ծագած սահմանային վեճը Վրաստանին պատկանող 6-րդ դարի մի կառույցի՝ ՙԴավիթ Գարեջիի՚ վանական համալիրի շուրջ է, որը գտնվում է Թբիլիսիից 60կմ հեռավորության վրա և ձգվում է մինչև 25կմ։ Խնդիրն, ինչպես տեսնում ենք, լուրջ է, քանի որ ունի քաղաքակրթական նշանակություն։ Մենք գիտենք, որ սեփական պատմություն չունենալն Ադրբեջանի համար բավական ցավոտ թեմա է։
Այդ պատճառով էլ Բաքուն, ի լուր աշխարհի, հայտարարել էր, որ վանական համալիրն Ադրբեջանին պատկանող ալբանական մշակույթի հուշարձան է։ Միաժամանակ զգուշացրել էր Թբիլիսիին, որ ադրբեջանական կողմը կպատժի բոլոր նրանց, ովքեր կխախտեն միջպետական սահմանի այն հատվածը, որում սահմանագծման գործընթացը դեռևս ավարտին չի հասցվել։
Մեզ՝ հայերիս, քաջածանոթ և հասկանալի իրավիճակ։ Ադրբեջանն իր համար պատմություն է հորինում հարևան պետությունների հաշվին և այդ նպատակով յուրացնում նրանց պատմական հուշարձանները, հոգևոր արժեքները։ Վիճարկվող առարկայի արժեքը շատ բարձր է և կոչվում է քաղաքակրթություն, այն, ինչից զուրկ է Ադրբեջանը։ Մեր տարածաշրջանի փորձանքը։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ տարածքային կորուստների մեջ հասարակությունը ժամանակին մեղադրել էր Միխեիլ Սահակաշվիլիին, ում պատճառով վրացիները կորցրել են իրենց տարածքների 20%-ը։ Խոսքն Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է։ Նախկին նախագահին մեղադրել են նաև Ադրբեջանի հետ նոր սահմանային խնդիր հարուցելու մեջ։ Բանն այն է, որ Սահակաշվիլիի օրոք Վրաստանում աճել է թուրքալեզու բնակչության թվաքանակը։ Ասում են՝ նա վարել է Վրաստանի իսլամականացման քաղաքականություն։ Հայկական լրատվամիջոցը վկայակոչել է վրացական ոչ պաշտոնական աղբյուրի տեղեկությունները, ըստ որոնց՝ Սահակաշվիլին որոշ տարածքներ զիջել է Թուրքիային։ Այդ նույն աղբյուրը չի բացառել նաև ՙԴավիթ Գարեջիի՚ համալիրից ինչ-որ հատված Բաքվին զիջելու հավանականությունը։ Ամեն դեպքում, նորագույն ժամանակաշրջանում Վրաստանի ունեցած տարածքային կորուստներն այս նախագահի անվան հետ են կապվում։
Անդրադառնանք ևս մեկ հանգամանքի. վերջին ժամանակներս Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները որոշ պատճառներով լարվածության փուլ են մտել։ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներով պայմանավորված` ճեղք է տվել նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքը։ Վրաստանի ներկայիս նախագահն, ըստ երևույթին, հակված չէ շարունակել տարածքներ զիջելու քաղաքականությունը։ Գուցե հակառակը։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք վրաց-ադրբեջանական սահմանային վեճը, թերևս, կարելի է սահմանագծման հարցում նրա դիրքորոշման մասին մոտավոր պատկերացում կազմել։
Վերոհիշյալ զարգացումների համատեքստում հետաքրքրություն է ներկայացնում Զուրաբիշվիլիի հարցազրույցը ՙBloomberg՚-ին, որի մասին վրացական աղբյուրներն իրազեկեցին օրերս։ Նախագահը կարևորել է ամռանը Բաթումիում կայանալիք ԵՄ առաջնորդների համաժողովը և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա իրեն՝ ներկայացնելու Վրաստանի ապագայի տեսլականը։
Կարիք չկա գուշակություններ անել այն մասին, թե այդ տեսլականում հարևան երկրների հետ հարաբերություններ զարգացնելու առումով ինչ տեղ է հատկացված Ադրբեջանին։ Բավական է միայն ասել, որ վրացական արժեքային համակարգը համեմատելի չէ ադրբեջանականի հետ։ Քաղաքական փորձագետներն այդ երկու պետությունների հարաբերությունները բնորոշում են որպես ասիմետրիկ։ Սահմանային վեճը հենց դրա վկայությունն է։
Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճում ակնկալվելիք զարգացումները, կարծում ենք, թույլ կտան երկու երկրների հարաբերությունները դիտարկել միանգամայն նոր հարթությունում։

;