comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱՏՕ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԻՐԱԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՏՕ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԻՐԱԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ Է

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Երբ անցած ամիս Ադրբեջանը երեք շտաբային սպայի եւ մեկ զինվորական բժշկի ձեւաչափով մասնակցեց ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում անցկացվող զորավարժություններին, Բաքվի մամուլում տեղ գտան մի շարք թունավոր հրապարակումներ, որոնցում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես ոչ ինքնիշխան պետություն, որն, իբր, Ռուսաստանին չնյարդայնացնելու համար ձեռնպահ է մնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության անգամ ամենաչնչին դրսևորումներից։ Ադրբեջանցի քաղաքագետներն իրավիճակը մատուցում էին այն կտրվածքով, որ ռազմական սերտ հարաբերություններ զարգացնելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, Բաքուն անվտանգության սեփական հարցերը լուծում է ինքնիշխան քաղաքական որոշումներով՝ բանակի կազմակերպման եւ ուսուցման հարցերում ուղենշային ընդունելով ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ 

Այս իմաստով հատկապես կարեւորվում էր, որ Ադրբեջանը ոչ միայն խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում, ինչը հատկապես գնահատվում է Միացյալ Նահանգների կողմից, այլեւ սեփական ենթակառուցվածքները եւ լոգիստիկ հնարավորություններն է ի սպաս դնում ՆԱՏՕ-ին։ Այս համատեքստում էլ ադրբեջանցի փորձագետները դիտարկում էին Լեռնային Ղարաբաղի հարցում Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշումը։ Մանավանդ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների հեղինակավոր ամբիոնից Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ԼՂ խնդիրը սպառնալիք հայտարարեց ՆԱՏՕ-ի համար։ Ընդհանուր տպավորություն էր, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարելի է ասել, փաթեթավորել տարածաշրջանի նկատմամբ արեւմտյան ալյանսի հետաքրքրություններով։
Անցյալ շաբաթ, սակայն, տեղի ունեցավ անսպասելին. Բրյուսելով Եվրամիության պատասխանատուների հետ բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնեց Մոսկվա, որտեղ փակ քննարկումներ ունեցավ ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ։ Այդ քննարկումներից հետո նա հայտարարեց, որ ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն։ Այդ բանակցություններին միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Մոտակա օրերին սպասվում է Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո, ամենայն հավանականությամբ, Երեւանը եւ Բաքուն կհրապարակայնացնեն ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորված ժամկետները։
Այս համապատկերին չափազանց ընդգծվում է տեղեկատվությունն այն մասին, որ մարտ ամսվա վերջերին Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար փակել է իր օդային տարածքը։ Արգելքը հատկապես ծանր կացություն է ստեղծել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող գերմանական զորախմբի համար։ Ավելի վաղ, ինչպես գերմանական աղբյուրներն են փոխանցում, այդ զորախմբի կարիքները հոգալու համար Գերմանիայից դեպի Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաք իրականացվում էր շաբաթական երկու թռիչք՝ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործմամբ։ Արգելքից հետո գերմանական կողմին օգնություն է ցուցաբերում ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդուժը, որը, սակայն, օգտագործում է բոլորովին այլ երթուղի՝ շրջանցելով Ադրբեջանի օդային տարածքը։ Ադրբեջանի որոշման դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում։ Կարելի է միայն ենթադրություն անել։
Ըստ երեւույթին, Ադրբեջանի այդ քայլը բոլորովին էլ ինքնիշխան քաղաքականության արդյունք չէ, այլ պայմանավորված է ՆԱՏՕ-ում տարաձայնություններով, որոնք կապված են Թուրքիայի դերի եւ նշանակության վերաիմաստավորման հետ։ Հայտնի է, մանավանդ, որ սուր տարաձայնություններ ունեն Թուրքիան եւ Գերմանիան։ Այսպիսով, տրամաբանական է թվում, որ Ադրբեջանն իր օդային տարածքը Գերմանիայի առջեւ փակել է Թուրքիայի դրդմամբ։ Մեծ է հավանականությունը, որ այդ քայլով Թուրքիան փորձում է ավելի կարեւորել Ադրբեջանի տարածաշրջանային նշանակությունը՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքին մղելով Բաքվի հետ փակ քննարկումների՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ առհասարակ Հարավային Կովկասում անվտանգության ընդհանուր համակարգի պատկերացումների հետ։ Հնարավոր է, միաժամանակ, որ Ադրբեջանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանին՝ որպես հավատարմության նշան։ Չէ՞ որ Մոսկվայում են սպասվում ԼՂ խնդրով նոր բանակցություններ։ Փորձագիտական շրջանակները համարդրում են Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից հետո կողմերի շփումները ՌԴ նախագահ Պուտինի հետ եւ դրան հաջորդած՝ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման հավանականությունը եւ զգուշորեն կանխատեսում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։