comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԸ ՙԳՈՐՇ ԳՈՏԻ ՉԷ՚, ԲԱՅՑ՝ ՀԱՄԵՑԵ՜Ք
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ՙԳՈՐՇ ԳՈՏԻ ՉԷ՚, ԲԱՅՑ՝ ՀԱՄԵՑԵ՜Ք

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, պետք է ասել, բավականին հետաքրքիր անցավ։ Նստաշրջանի երրորդ օրը նշանավորվեց ՀՀ վարչապետի ելույթով ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հետ նրա համատեղ մամուլի ասուլիսով։ Վերջինիս ընթացքում հնչեց բավականին ուշագրավ հայտարարություն, որի վրա էլ կցանկանայինք մանրամասն կանգ առնել։

Յագլանդը, մասնավորապես, հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատելու Լեռնային Ղարաբաղում, հավելելով, որ Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը հումանիտար կազմակերպություն է։ ՙԱնընդունելի է հանձնակատարին թույլ չտալ մուտք գործել Եվրոպայի ինչ-որ տարածքներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը։ ՙԳորշ գոտիները՚ պետք է բաց լինեն հանձնախմբի համար։ Այդպիսի գոտիներից մեկը Ղարաբաղն է։ Ու Եվրոպայի կառավարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ, որպեսզի այցի մանդատ շնորհվի հանձնակատարին՝ տեղերում հումանիտար մոնիտորինգ իրականացնելու նպատակով՚,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Բառացիորեն նախօրեին համանման հայտարարություն էր հնչել հենց Մարդու իրավունքների հանձնակատարի շուրթերից։ ՙՀակամարտության գոտիներում, այսպես կոչված, ՙգորշ գոտիներում՚ ապրող մարդիկ նույնպես կարիք ունեն Կոնվենցիայի (նկատի ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան - Մ.Գ.) կողմից պաշտպանված լինելու, ինչն այս պահի դրությամբ այդպես չէ։ Իմ տեսակետն այս հարցում հստակ է՝ Մարդու իրավունքների հանձնակատարը միշտ պետք է հնարավորություն ունենա այցելելու Եվրոպայի խորհրդի ցանկացած մաս, իրողությունը, սակայն, այլ է։ Այդուհանդերձ, ես փորձում եմ մուտք գործել բոլոր այդ գոտիները, որպեսզի իրականացնեմ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իմ աշխատանքը՚,- հայտարարել է Դունյա Միյատովիչը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ ՙգոտիներում՚ ապրող մարդիկ ՙիրենց անուշադրության մատնված են զգում, նրանց թվում է, որ ոչ ոք հետաքրքրված չէ իրենցով՚, ընդգծելով, որ այդ տարածքներ մուտք գործելու համար նա կառավարության աջակցության կարիքը կունենա, իրեն միայնակ չի հաջողվի դա անել։
Հարցն այս վաղուց է բարձրացվում, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ այցերի համար միակ խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է։ Հայտնի է և պատճառը՝ Բաքվին բոլորովին ձեռնտու չէ, որպեսզի միջազգային պաշտոնյաներն անմիջականորեն ծանոթանան Արցախում տիրող իրավիճակին, ուղղակի կապեր հաստատեն ու դրանով իսկ պսակազերծեն այն առասպելներն ու կարծրատիպերը, որոնք Ադրբեջանը ջանադրաբար արմատավորում է թե՜ իր քաղաքացիների, թե՜ միջազգային հանրության գիտակցության մեջ։ Իսկ ամենագլխավորը՝ Ալիևին բոլորովին ձեռնտու չէ Արցախում և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի համեմատումը, որը միանգամից երևան կհանի կտրուկ հակասությունն ու առավել ծանրակշիռ ձևով կբարձրացնի այն հարցը, թե ինչպես է ժողովրդավարության օրենքներով ապրել ձգտող պետությունը հայտնվել ամբողջատիրական մի երկրի կազմում՝ այդտեղ հաստատված ու միջազգային կառույցների կողմից բազմիցս քննադատության ենթարկված բռնապետությամբ։
Հիշեցնենք նախապատմությունը։ Անցյալ տարվա աշնանը ԵԽԽՎ-ն ընդունել էր ՙՄարդու իրավունքների մոնիտորինգային առաքելությունների անսահմանափակ մուտքը ԵԽ անդամ երկրների տարածքներ, այդ թվում՝ ՙգորշ գոտիներ՚ անունը կրող բանաձև։ Փաստաթղթին դեմ էր քվեարկել, բնականաբար, միայն ադրբեջանական պատվիրակությունը։ Բանաձևի հիմնական նպատակն էր հայտարարվել իրավապաշտպանական մոնիտորինգի գործիքների ներդրումը չճանաչված պետություններում (ՙգորշ գոտիներում՚), այդ թվում և Լեռնային Ղարաբաղում։ Ավելի վաղ՝ 2018թ. փետրվարին, Եվրախորհրդարանի 16 անդամներ նամակով դիմել էին ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, որտեղ հարց էին ուղղել, թե ինչո՞ւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչներն ու ԵՄ պաշտոնատար այլ անձինք երբևէ չեն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Պատգամավորները հետաքրքրվել են նաև, թե որքանով է ԵՄ ղեկավարությունը հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ձայնը։
Նույն այդ օրերին տարածաշրջանում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլարը Բաքվում հաղորդել է, որ ՙհակամարտության մեջ ներքաշված շրջաններ նախատեսում է այցելել հնարավորինս շուտ, որպեսզի իր ներդրումն ունենա հակամարտության հումանիտար հարթությունը դիտարկելու գործում։ Մի կողմ թողնելով օգտագործված ձևակերպումները, նշենք, որ Քլարը դեռևս այդպես էլ չի հասել Արցախ, թեև արդեն ավելի քան մեկ տարի է անցել։ Պատճառները կռահելը դժվար չէ, հաշվի առնելով, որ ավելի վաղ նման ցանկություն էին հայտնել միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց` նույնքան ապարդյուն։ Այսպես, 2016թ. ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցով ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Վիգենինը խոստովանել է. ՙԽաղաղարար գործընթացին մասնակցող անձանց համար կարևոր է ծանոթանալ իրավիճակին տեղում։ Ես պատրաստ եմ այցելել Լեռնային Ղարաբաղ, եթե համապատասխան խողովակները կազմակերպեն այդ այցը՝ Բաքվի ու Երևանի պաշտոնատար անձանց համաձայնությամբ՚։ Ընդգծենք, որ ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո Վիգենինը հաղորդել էր, որ ՙշուտով կիրականացնի այդ այցը՝ ընդսմին հետևելով որոշակի պայմանների և, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համագործակցության շրջանակներում՚։ Կարելի է վստահորեն պնդել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համագործակցությունը բերեց նրան, որ այցն այդպես էլ չկայացավ։
Ավելի վաղ՝ 2017թ. մայիսին, Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար Միխայել Ռոտը հայտարարել էր. ՙԺամանակն է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների լիազորին ու մոնիտորինգային մյուս ինստիտուտներին այդ տարածաշրջաններ անսահմանափակ մուտքի թույլտվություն տրամադրել։ Դա վերաբերում է նաև այլ տարածքների, որտեղ Եվրոպայի խորհուրդը մինչ օրս այդպես էլ մուտքի իրավունք չունի՝ լինի դա Աբխազիան ու Վրաստանին պատկանող Հարավային Օսիան, Մերձդնեստրը կամ Լեռնային Ղարաբաղը։ Մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Յագլանդին՝ վճռականորեն շարունակել ջանքերն այդ ուղղությամբ՚։ Վերջապես, 2016թ. սեպտեմբերին Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, ապրիլյան դեպքերի համատեքստում անդրադառնալով այդ խնդրին, նշել է. ՙԻմ գրասենյակը մինչ օրս չի կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, այդ թվում՝ ապրիլյան իրադարձություններից հետո՚։ Նույն այդ Թուրբյորն Յագլանդն այն ժամանակ հայտարարել էր, որ ԵԽ-ն որևէ տեղեկություն չունի ղարաբաղյան հակամարտության գոտում մարդու իրավունքների մասին։
Այժմ մենք ունենք Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Մարդու իրավունքների հանձնակատարի և Գլխավոր քարտուղարի երկու բացարձակ միանշանակ հայտարարություններ այն մասին, որ ՙանընդունելի է հանձնակատարին թույլ չտալ ինչ-որ տարածքներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը՚։ Ու թեև Յագլանդը չի մատնանշում այն երկիրը, որը խոչընդոտում է այցերին, պարզ է, որ այս խոսքերը հասցեագրված են Ադրբեջանի ղեկավարությանը։ Քանի որ Արցախի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է և բաց ցանկացած մակարդակի շփումների համար և կարող է միայն ողջունել նման այցերը։
ՙՆման կարգի հայտարարությունները կարևոր քայլեր են Արցախի և միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ Եվրոպայի խորհրդի միջև կապեր հաստատելու գործընթացում՚,- ՙԳոլոս Արմենիի՚-ին տված հարցազրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ -Իհարկե, մեզ համար անընդունելի է ՙգորշ գոտիներ՚ ձևակերպումը, քանի որ Արցախը բոլոր պետությունների համար բաց պետություն է՝ զարգացած տեղեկատվական ցանցով ու ցանկացած տիպի հաղորդակցության համար հասանելի՚։ Այդուհանդերձ, նրա խոսքով, եվրոպացիների մոտեցումներում փոփոխություններն ակնհայտ են, ինչը Ստեփանակերտը դրական է գնահատում։ ՙԹող այցելեն, մենք թաքցնելու բան չունենք, մենք միշտ պատրաստ ենք հյուրեր ընդունել Եվրոպայից` ցանկացած մակարդակով։ Դա օգտակար կլինի և՜ մեզ, և՜ միջազգային հանրությանը, որը կարող է իրավիճակին ծանոթանալ տեղում, ստանալ օբյեկտիվ ու ամբողջական պատկերացում և այն համեմատել Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ։ Հենց դա է պատճառը, որ, ամեն անգամ, երբ խոսք է գնում նման այցերի մասին, Բաքվում իսկական հիստերիա է բարձրանում։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ մենք միայն կողմ ենք շփումների ընդլայնմանն ու ուղղակի կապերին, մենք պատրաստ ենք հաղորդակցվել, քննարկել ու բանավիճել՚,- ընդգծել է Դ. Բաբայանը։
Կասկած չկա, որ միջազգային պաշտոնատար անձանց նման հայտարարություններից յուրաքանչյուրը, լինի դա ԵԽ, ԵՄ, կամ ՄԱԿ, անխուսափելիորեն մոտեցնում է այն օրվան, երբ Արցախը նրանց և ողջ աշխարհի համար կդառնա ոչ թե ՙգորշ գոտի՚, այլ հրաշալի և զարգացող երկիր, որն ապրում է իր, թող որ տագնապալի, բայց լիարժեք կյանքով, որտեղ մարդու իրավունքները նույնքան կարևոր նշանակություն ունեն, որքան մյուս վայրերում, բայց որտեղ ժամ առ ժամ սպառնալիքի տակ է հայտնվում նրանց այդ իրավունքներից հիմնականը՝ ապրելու իրավունքը։ Իսկ բազմիցս արտահայտված մտադրությունների իրականացումը կախված է նրանից, թե նույն Եվրամիության ղեկավարները, վերջապես, կհամարձակվեն ընտրություն կատարել մի կողմից սեփական արժեքների, մյուս կողմից` նավթային շահերի ու այլ շահադիտական նկատառումների միջև։
Վերջապես վերջին հանգամանքը։ Քանի որ և՜ Յագլանդը, և՜ Միյատովիչը վկայակոչում են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների դիրքորոշումը, աշխատելու լայն դաշտ ունեն այստեղ և հայկական դիվանագիտությունն ու լոբբինգով զբաղվող կազմակերպությունները, որոնք պարտավոր են հասնել նրան, որ այդ դիրքորոշումը փոխվի՝ հօգուտ նախևառաջ մարդու իրավունքների ու միջազգային կոնվենցիաների։


www.golosarmenii.am