comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը գործադիր իշխանության հետ հարցուպատասխանն էր։ 

Գործադիրին ուղղվել է 13 հարց, որոնք հնչեցվել են 8 պատգամավորի կողմից։

Նախքան հարցը ներկայացնելը, պատգամավոր Հայկ Խանումյանը հիշեցրեց, որ 2 տարի առաջ ինքը հարցապնդում էր ուղարկել կառավարությանը՝ նպատակ ունենալով տեղեկատվություն ստանալ ԱՀ պետական բյուջեի երաշխիքների մասին։ Այն ժամանակ մոտ 200 մլն դոլարի պետական երաշխիքներ էին տրվել իրավաբանական տարբեր անձանց։ Խանումյանին հետաքրքրում էր, թե պետական երաշխիքներով տրված գումարներն ինչպե՞ս են վերադարձվել և որքա՞ն է կառավարությունը ստիպված եղել վճարել ընկերությունների փոխարեն։ Պատգամավորի ունեցած տվյալներով՝ կա ընկերություն, որը 4 մլն 850 հազ. ԱՄՆ դոլարի պետական երաշխիք էր վերցրել, վերջնաժամկետը մինչև 2018թ. դեկտեմբեր, և վերջերս Արցախի ներդրումային հիմնադրամը դրա 50%-ի բաժնետերն է դարձել։ Մարդիկ վարկ են վերցնում, հետո էլ չեն կարողանում վարկը փակել, արդյունքում ներդրումային հիմնադրամը դառնում է դրա ամբողջական կամ մասնակի փայատերը։ Խանումյանը մատնացույց արեց այլ օրինակներ ևս՝ ասելով, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Նա ակնկալում էր կառավարության պարզաբանումը։
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հարցման պահին կառավարությունը պատգամավորին փաստացի գործող երաշխիքների վերաբերյալ տեղեկատվություն էր տրամադրել։ Այժմ էլ պատրաստ է տրամադրել ավելի թարմ տեղեկություններ։ Պետնախարարը խոստացավ հնչած հարցի գրավոր պատասխանը ներկայացնել` այն լրիվությամբ ուսումնասիրելուց հետո։
Պատգամավոր Գագիկ Բաղունցի կողմից արծարծվեց ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը։ Նա վկայակոչեց ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից արված հայտարարությունն առ այն, որ կառավարությունը մտադիր է սեպտեմբեր ամսից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Արդյո՞ք, մեր հանրապետությունում նույնպես նախատեսվում են նմանատիպ քայլեր։
Հարցին պատասխանեց ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։ Նա նշեց, որ նիստի ժամանակ ԱՀ Նախագահի ելույթում անդրադարձ է եղել հարցին. ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսից Արցախում նույնպես կվերանայվեն ուսուցիչների աշխատավարձերը։ Առաջիկա օրերին նախատեսված է նաև հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ, որի նպատակը հարցի համատեղ քննարկումն է։ Բացի այդ, ուշադրություն կդարձվի կրթության ոլորտի ֆինանսավորման խնդրին, մասնավորապես 1 աշակերտի հաշվով պետության կողմից կատարվող ծախսերին։ Համատեղ քննարկումները թույլ կտան կոնկրետ առաջարկություններ ներկայացնել։
Պատգամավոր Ռիտա Մնացականյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց հետևյալ խնդրին. մեր հանրապետության համայնքներում կան լքված տներ, որոնց տերերը տասնյակ տարիներ շարունակ իրենց տան դուռը չեն բացում։ Տները փլվում են՝ անհարմարություն պատճառելով հարևանությամբ ապրող բնակիչներին։ Մնացականյանն այդ մասին բարձրաձայնեց բնակիչների խնդրանքով։
ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի կարծիքով՝ հարցի լուծումը կարելի է գտնել համապատասխան քննարկումների արդյունքում։
Պատգամավոր Վիլեն Սաֆարյանը ներկաներին իրազեկեց, որ 2019թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ՙՇարժում-88՚ խմբակցության կողմից առաջարկություն է եղել գործող ու լքված հանքավայրերի, ինչպես նաև պոչամբարների շրջակայքում էկոլոգիական ուսումնասիրությունների անցկացման համար որոշակի գումար հատկացնելու մասին։ Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 10 մլն դրամ։ Առ այսօր ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ աշխատանքն, իր համոզմամբ, պետք է կատարվի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից, այլ ոչ թե հանքը շահագործողի կամ բնապահպանության նախարարության մասնագետների միջոցով։
Սաֆարյանի երկրորդ հարցն Արցախի Հանրապետության ատլասի վերամշակմանն ու հրատարակմանն էր առնչվում։ Պատգամավորը հարցն արծարծեց՝ հաշվի առնելով դրա քաղաքական կողմը և, ելնելով դրանից, առաջարկեց ֆինանսական միջոցներ հատկացնել։
ԱՀ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ի պատասխան առաջին հարցի՝ ասաց, որ նման միջոցառում նախատեսվել է հանրապետության տարածքի լքված հանքավայրերի արդյունաբերական թափոնների մոնիտորինգի ծրագրի շրջանակներում։ Գաբրիելյանի տեղեկատվությամբ՝ գործընթացն սկսվել է, իսկ ինչ վերաբերում է մասնագիտական մակարդակով իրականացնելուն, նախարարությունը մտադիր է օգտագործել ՀՀ բնապահպանության նախարարության այն համակարգերը, որոնք նման ուսումնասիրությունների համար տեխնիկապես օգտակար կլինեն։
Սաֆարյանը շարունակեց պնդել, որ աշխատանքը պետք է կատարի անկախ փորձագիտական կազմակերպությունը։
Երկրորդ հարցին պատասխանեց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։ Իր կողմից ևս ընդգծելով հարցի կարևորությունը, նախարարն ասաց, որ առաջարկությունն ընդունելի է, սակայն տարվա բյուջետային ծախսերում հատկացումներ չեն նախատեսվել։ Երկրորդ հրատարակության մեջ կատարվելիք փոփոխությունների հետ կապված՝ նշվեց, որ նախ պետք է ավարտին հասցնել գույքագրումը, որից հետո պարզ կլինի կատարվելիք աշխատանքի ծավալը։ Կփորձեն ներգրավել ռեսուրսներ, այնուհետև կհրավիրեն բոլոր շահագրգիռ կողմերին՝ ընդգրկվելու խմբագրական կազմում և ձեռնամուխ լինելու անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը։ Նախարարի հաշվարկներով՝ դա կլինի տարվա երկրորդ կեսին։

Շարունակությունը՝
հաջորդ համարում